ԿարևորՀասարակություն

Ռադիո Sputnik–ի ղեկավարը ափսոսանք է հայտնել եթերում հնչած «արմատական կտրուկ արտահայտությունների» համար. նամակ Հակոբյանին

«Sputnik ռադիոյի» գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, որը վերաբերում է Երևանում Sputnik ռադիոյի 106.0 հաճախականությամբ հեռարձակման դադարեցմանը:

2023 թ. տարեվերջին ՀՀ կարգավորիչը 30 օրով հետ էր կանչել Sputnik Արմենիա ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության լիցենզիան։ Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը ընկերությանը տուգանել է 1200 ԱՄՆ դոլարով։ Առաջին որոշումը կապված է «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման հետ, որում հեղինակը «թույլ է տվել հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ՝ չունենալով դրա «բարոյական իրավունքը»` որպես օտարերկրյա քաղաքացի»:

Իսկ տուգանքը վերաբերում է նախկին պատգամավոր Արման Աբովյանի հեղինակային ծրագրին՝ «Աբովյան Թայմ»–ին։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք «խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա»։

Վիշինսկին իր ուղերձում ափսոսանք է հայտնել, որ 2023 թվականի աշնանը կայանի եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Sputnik ռադիոյի խմբագրական քաղաքականությանը»։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար։

«Sputnik» ռադիոյի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ իր այս նամակով «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:

Կարդացեք նաև

Back to top button