ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղցկեղային հիվանդացությունն աճել է, մահացությունը՝ նվազել. ԱՀԿ ռազմավարությունն ուղղված է արգանդի պարանոցի քաղցկեղի վերացմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարվա հունվարը հայտարարել է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս։ Արգանդի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստումների ու կանոնավոր սկրինինգային հետազոտությունների միջոցով։ Այդ հիվանդության ամենաընդունելի և տարածված պատճառը մարդու պապիլոմավիրուսային վարակն է։ ԱՀԿ գլոբալ ռազմավարությունը մինչև 2030 թվականն ուղղված է այդ հիվանդության վերացմանը, տարեկան նոր դեպքերի կրճատմանը։

Քաղցկեղն այլևս միայն տարեց մարդկանց հիվանդություն չէ։ Մոլորակի բնակիչներից յուրաքանչյուր 5-րդի մոտ հայտնաբերվում է այս կամ այն տեսակի քաղցկեղ։ Քաղցկեղային հիվանդությունների թիվը տարեց տարի ավելանում է նաև Հայաստանում։ «Հերացի» վերլուծական կենտրոնի հետազոտական տվյալներով, ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվում, 115-ը մահանում են այդ հիվանդությունից։ Չնայած մտահոգիչ  թվերին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատում է, որ չարորակ նորագոյացություններով հիվանդացության բեռի մեծացմանը զուգահեռ ունենք նաև հիվանդության հայտնաբերման դրական դինամիկա։

«Այո, մենք ամեն տարի ավելի շատ դեպքեր ենք հայտնաբերում, և միայն այս քաղաքականության շնորհիվ է, որ կարողանանք նվազեցնել մահացության բեռը։ Իհարկե չենք ժխտում, որ ընդհանուր առմամբ աշխարհում չարորակ նորագոյացությունների հիվանդացության բեռը աճում է և ավելի մեծ կշիռ է ներկայացնում»։

Քաղցկեղային հիվանդությունների թիվը աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և համեմատության մեջ նույնիսկ Հայաստանում պատկեըն շատ ավելի հուսադրող է, քան օրինակ, զարգացած երկրներում, նկատում է ԱՆ ուռուցքաբանության  գծով  խորհրդատու  Հայկուհի Գյոկչյանը.

«ՀՀ –ում 2022 թվականին 100 հազար բնակչին եղել է 239 դեպք։ Համեմատության համար՝ Գերմանիայի Դաշնությունում 100 հազարին 625 դեպք է եղել։  ՌԴ-ում՝ 380 դեպք։ Եթե Հայաստանը դիտարկենք Գերմանիայի և Բելգիայի նման երկրների կողքին, որտեղ այդ թիվը 600-ից անցնում է, Հայաստանը վատ ցուցանիշներ չունի»։

ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում կրծքագեղձից հետո 2-րդ տեղում տարածվածությամբ արգանդի պարանոցի քաղցկեղն է։ 2022 թվականին Հայաստանում 265 նոր դեպք է արձանագրվել։ Արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաընդունելի և տարածված պատճառնը մարդու պապիլոմավիրուսային վարակն է։ Ու քանի որ ի տարբերություն մյուս տեսակների արգանդի պարանոցի քացկեղի պատճառը հայտնի է, ունենք նաև կանխարգելման գոհացուցիչ դինամիկա, նկատում է Հայկուհի Գյոկչյանը։

«Մենք պետք է կարողանանք մեր կանանց ստիպել, որ գնան գինեկոլոգի մոտ, որպեսզի թեստ հանձնեն, որովհետև արգանդի պարանոցի քաղցկեղն առաջանում է պապիլոմավիրուսի հետևանքով։ Սա այն եզակի քաղցկեղներից է, որտեղ մենք նաև կանխարգելման մեթոդ ունենք։ Աղջիկ երեխաներին 12 տարեկանից սկսած պետք է գնալ պատվաստման, որպեսզի հետագայում ի սպառ վերացվի արգանդի պարանոցի քաղցկեղը, որովհետև սա այն հիվանդությունն է, որը հնարավոր է վերացնել»։

Չնայած ընդհանուր հիվանդացության աճին, մահացության ցուցանիշն իջել է, ինչն ըստ Հայկուհի Գյոկչյանի արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Իսկ նոր դեպքերն աճել են, քանի որ մարդիկ են ավելի շատ սկսել հետևել առողջությանը, հետազոտվել։

«Հիվանդացության բարձրացումը, այո, նշան է, որ մենք սկսել ենք ավելի լավ հետազոտել, մարդիկ՝ ավելի շատ դիմել»։

Եթե մի քանի տարի առաջ բուժումն ու համապատասխան հետազոտությունները ոչ բոլորին էին հասանելի, ապա այժմ չարորակ քաղցկեղ ունեցող հիվանդը կարող է իր նախընտրած հիվանդանոցում իր նախընտրած բժիշկի մոտ անվճար վիրահատվել։

«Նույնը ճառագայթային թերապիային է վերաբերում և քիմիաթերապիային՝ պետպատվերի հիվանդանոցներում։ Որոշակի ստանդարտ դեղորայքը նույնպես անվճար է»։

Կրծքագեղձի քաղցկեղով հիմնականում 50-անց կանայք են հիվանդանում։ Վերջին տարիներին հաճախակի են դարձել հղի կանանց շրջանում նոր դեպքերը։ Վաղ ախտորոշումը սակայն հիմնականում բուժման լավ արդյունք է ապահովում։

Եթե կանանց պարագայում դրական դինամիկա կա հետազոտվելու, հետևաբար նաև վաղ կանխարգելման և բուժման, ապա տղամարդկանց դեպքում, պատկերն այնքան էլ հուսադրող չէ։ Տարեկան 700-1000 նոր դեպք է արձանագրվում։ Տղամարդիկ հիմնականում վերջին, արդեն բարդացած փուլում են դիմում, հաճախ արդեն անբուժելի։ Տղամարդկանց մոտ առաջին տեղում թոքի քաղցկեղն է, ապա շագանակագեղձի։ ԱՀԿ առաջիկա տարիների ռազմավարությունը, սակայն, ուղղված է առաջին հերթին արգանդի պարանոցի քաղցկեղի վերացմանը, տարեկան նոր դեպքերի կրճատմանը։ Մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրների համար որպես առաջնահերություն է սահմանվել  3 հիմնական նպատակ. 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի, կանանց 70%-ը սքրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով՝ 35 և 45 տարեկանում, և արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա: Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են:

Կարդացեք նաև

Back to top button