30 տարբեր ձևաչափերով ցուցադրություններ, 50-ից ավելի գիտամշակութային միջոցառումներ, 36 կրթական ծրագիր, թանգարանի մշտական հավաքածուից՝ 4000 և այլ կազմակերպություններից՝ 520 ցուցադրված ցուցանմուշներ, 78 000-ից ավելի այցելու․ 2023-ին Հայաստանի պատմության թանգարանը գործունեության որոշ ուղղություններում սահմանել է ցուցանիշներ, որոնք նախադեպային են։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի փոխանցմամբ՝ այս ակտիվությանը զուգահեռ տարվա ընթացքում չեն դադարել նաև թանգարանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները․
«Թանգարանը այս ցուցանիշները գրանցել է զուգահեռ այդ աշխատանքներին, որը կարելի է ասել միջազգային պրակտիկայում շատ հետաքրքրիր արդյունք է, որովհետև հաճախ թանգարանները փակվում են և, մինչև վերանորագման աշխատանքները չավարտվեն, չեն բացվում։ Իսկ ազգային թանգարաններում դրանք կարող են տարիներ տևել։ Մեզ մոտ փորձել ենք գործունեության քաղաքականությամբ առաջ շարժվել, և այս առումով ձևավորված թվային արտահայտությունները, արդյունքները կարելի է ասել, նախադեպ են նախորդ տարիների այն ժամանակահատվածների համար, երբ թանգարանում չեն եղել մեծածավալ վերանորոգման, արդիականացման աշխատանքներ»։
Անցած տարի լրացավ ազագային արժույթի՝ դրամի 30-ամյակը, ինչի առթիվ առաջին անգամ Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպվել էր 2 մեծածավալ դրամագիտական ցուցահանդես և մեկ միջազգային գիտաժողով։ Ցուցադրվել են ոչ միայն Կենտրոնական բանկի տարբեր հավաքորդներ, այլև հնագույն դրամների հավաքածուներ, որոնցից առավել հետաքրքրական է եղել Ծաղկաձորից հայտնաբերված բուզանդական շրջանին թվագրվող հավաքածուն․
«Ծաղկաձորից հայտնաբերված դրամական գանձը, որը հիմնական բուզանդական շրջանի դրամական հետաքրքրիր հավաքածու է, հենց հիմա ներկայացված է ազգային արժույթին նվիրված ցուցահանդեսին։ Մի ցուցահանդես, որը առաջին անգամ է անդրադառնում դրամի պատմությանը՝ սկսած ամենահին շրջանից մինչև նորանկախության շրջանի առաջին էսքիզները, որոնցից առաջին էսքիզները մեզ նվիրեցին հենց դրամը ձևավորող նկարիչներից մեկի՝ Աշոտ Մանուկյանի ընտանիքը, և մենք կարողացանք ցույց տալ ինչպես ստեղծվեց ազգային դրամը»։
Արդեն տարվա վերջին թանգարանում գրանցվել է 400 000 ցուցանմուշ, թանգարանը սպասարկել է 15 000 հետազոտողի կամ հետաքրքրված անձանց, ստեղծել է գիտական նոր հրատարակություններ, որոնցից շատերի շնորհանդեսը կլինի փետրվարին՝ «Գիրք նվիրելու» օրվան ընդառաջ։

«Այս տարի հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր հերթական գիտական աշխատությունների 2 հատորները, ունենք շատ հետաքրքրիր ազգագրական հավաքածուից գիտական կատալոգ, որը կոչվում է «Աղուհաց», այսինքն՝ ավանդական հայկական հյուրասիրությանը նվիրված մի հետաքրքրիր ուսումնասիրություն-պատկերագիրք է, որը ամբողջությամբ կազմել է մեր ազգագրության բաժինը»։
Կառավարության որոշմամբ՝ 2023-ին թանգարանն ունեցավ երկու մասնաճյուղ՝ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Կոտայքի երկրագիտական թանգարանը։ 2024-ին նախատեսվում է երկու թանգարաններն էլ արդիականացնել, քանի որ դրանցում էլ երկար ժամանակ չեն վերանորոգվել։ Դավիթ Պողոսյանը կարևորում է հատկապես համայնքներին վերաբերվող ցուցադրությունների կազմակերպումը․ այդկերպ նաև մարզերի մշակութաժամանցային կյանքը կփոխվի։ Չնայած Պատմության թանգարանի շենքի տարածքի փոքրությանը, թանգարանի ամենամեծ նպատակն այս պահին այցելուների համար պատմական ժամանակաշրջանների միջով մեծ շրջագայություն կազմակերպելն է։Տնօրենի խոսքով՝ այս պահին տարածքի և ցուցանմուշների պահպանման խնդիր ունեն․

«Խնդիր կա տարածքի, որովհետև թանգարանը գործում է այն շենքում, որտեղ հիմնվել է 1920 ական թվականներին, և այդ շենքը նախագծված է եղել որպես արական գիմնազիայի շենք, ապա մշակույթի տուն, և միայն մի հատվածը հետագայում , այսօր ամենահին հատվածը զբաղեցնում է Հայաստանի պատմության թանգարանը, բայց հավաքածուների համալրումը կանգ չի առնում։ Պահպանության համար շատ կարևոր է լայնարձակ և կարևոր սարքավորումներով և տեխնիկաներով, վերականգնման լաբորատորիաներով զինված թանգարանները։ Այս առումով աշխատանքներ տարվում են ըստ եղած հնարավորությունների, որպեսզի բարելավվի։ Օրինակ՝ այս տարի մենք ձեռք բերեցինք հենց հետաքրքիր վերականգնողական մի համալիր՝ կապված թղթի հետ, որովհետև թանգարանը ունի հետաքրքիր վավաերագրերի և փաստաթղթերի մի հավաքածու, որը կարիք ունի հատուկ ուշադրություն»,-մանրամասնում է Դավիթ Պողոսյանը։
2023-ի միջազգային համագործակցությունները կշարունակվեն նաև այս տարի․արդեն հունվարի վերջին Պատմության թանգարանն առաջին անգամ Հայաստանում կցուցադրի Չեխիայի դղյակներին և ամրոցներին նվիրված հավաքածու, ինչից հետո Հայասատնի պատմության թանգարանի և Չեխիայի ազգային թանգարանների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Իսկ ապրիլին հայկական միջնադարյան որոշ ցուցանմուշներ կցուցադրվեն Վենետիկի Դոժերի պալատում․
«Մի մեծ ցուցահանդես է նախատեսվում նվիրված Մարկո Պոլոյին, և այս ցուցահանդեսը ունենալու է հայկական հատված և 30-ից ավելի նմուշներ, հատկապես միջնադարյան Հայաստանից, դոժերի պալատում ներկայացնելու են ենթադրաբար հենց այն Հայաստանը, որը Մարկո Պոլոն է տեսել»։
2024-ը նաև հոբելյանական է լինելու․ լրանում է թանգարանի ստեղծման105, թանագարանի առաջին տնօրեն Երվանդ Լալայանի 160, թանգարանագիտության, հնագիտության և հուշարձանապահպանության գործի նվիրյալներ Աշխարհբեկ Քալանթարյանի 140, Նիկողայոս Մառի ծննդյան 160 ամյակները։ Այս կապակցությամբ թանգարանը մեծ անակնալներ է խոստանում՝ դեռ փակագծերը չբացելով։





