ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում ռիսկերը կառավարելու հնարավորություն է․ վերլուծաբան

ԵՄ-ն կովկասյան երկրները դիտարկում է ոչ թե առանձին, այլ ընդհանուր կովկասյան «փաթեթում», սակայն Հայաստանում ԵՄ-ից  ակնկալիքներն այլ են և, ըստ փորձագետների, մեծ սպասելիքներ չպետք է ունենալ ԵՄ-Հայաստան հարաբերություններից։ Իհարկե, նաև չպետք է թերագնահատել այն մեխանիզմները, որ տրվում են ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների կողմից և պետք է օգտվել դրանցից՝ մարտահրավերներն ու ռիսկերը կառավարելու առումով, հուշում են նրանք։

ԵՄ–ն այսօր լուրջ փորձությունների առաջ է կանգնած, լինել-չլինելու հարց կա, և Հայաստանը ԵՄ–ի հետ հարաբերություններ կառուցելիս պետք է հաշվի առնի տրանսֆորմացիաները, որ տեղի են ունենում ԵՄ–ի ներսում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ 

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անցած տարին կարևորելով ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության խորացմամբ ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացմամբ, շեշտում է, որ արտերկիր կատարած  40 այցերից միայն կեսը իրականացվել է եվրոպական ուղղությամբ, շեշտում է Հայաստան այցելած ԵՄ արտգործնախարարների պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Հունգարիայի և Էստոնիայի արտգործնախարարները Երևան այցի ընթացքում դեպի ԵՄ ընթացող ճանապարհին Հայաստանին աջակցելու խոստումներ տվեցին։ Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում անվտանգության ոլորտում աջակցության հարցը, ինչպես նաև դեպի այդ երկրներ վիզային ռեժիմի ազատականացման թեման, լուսանցքից դուրս չմնացին նաև տնտեսական համագործակցության խորացման ու ներդրումների հարցերը։

Վերլուծաբանն այդ հայտարարությունները ճիշտ հասկանալու համար պարզաբանում է, որ ընկալումների, պատկերացումներում տարբերություն կա Հայաստանում և եվրոպական երկրներում․

«Եվրոպայի համար Հայաստանն ունի այլ ընկալում և ավելի շատ դիտարկվում է ընդհանուր կովկասյան աշխարհաքաղաքական փաթեթի մեջ, որ ունեն թե՛ ԵՄ ընդհանուր առմամբ , թե՛ եվրապական առանձին խաղացողներ, այդ թվում ԵՄ անդամ և ոչ անդամ։  Օրինակ՝ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ չէ, բայց դիտարկում ենք Եվրոպական ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Այդ առումով ԵՄ դիվանագետները, պաշտոնյաները շատ հստակ նշում են, որ Կովկասում խաղացողներին առանձին չեն դիտարկում։ Իհարկե, կառուցում են առանձին հարաբերություններ, բայց ընդհանուր կովկասյան փաթեթի մեջ են դիտարկում»։

Այլ է հայկական կողմում ընկալումն ու սպասումը ԵՄ անդամ ու ոչ անդամ  երկրներից։ Վերլուծաբանը հիշեցնում է, օրինակ, Գերմանիայի արտգործնախարարի Երևան այցի ընթացքում հայկական կողմից բարձրացված մի հարցադրում, ըստ որի շեշտվում էր, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ այնքան,  որքան  թույլ կտրվի, ինչին հատկանշական էր արձագանքը, որը նաև պարզորոշ  ցույց է տալիս վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ․

«Գերմանիայի արտգործնախարարը ի պատասխան նշեց, որ իրենց համար առաջնահերթություն է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը և դրան հասնելուց հետո միայն հնարավորություններ կբացվեն։ Այսինքն, ԵՄ առաջատար երկրի արտգործնախարարը շատ հստակ ցույց տվեց, որ իրենց հետաքրքրում է Կովկասն ընդհանրապես և Հայաստանն իրենց հետաքրքրում է այնքանով, որքանով հետաքրքրում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և դա էլ բնականաբար, որպես միջոց  այստեղ՝ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու և ըստ այդմ եվրոատլանտյան ազդեցությունը ավելացնելու տեսանկյունից»։

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցերը քննարկվել են ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի արդյունքներով տրվել են հանրային ուղերձներ, այդ թվում՝ երկխոսության մեկնարկը դիտարկելու վերաբերյալ, նշվում է ՀՀ արտգործնախարարության հրապարակման մեջ։ Հակոբ Բադալյանի կարծիքով վիզային ռեժիմի մեղմացում առանձին երկրների կողմից կարող է լինել բոնուսի տեսքով։ Իրականում ԵՄ հակված չէ տարբերակված մոտեցում դրսևորել Հայաստանի նկատմամբ և բարձր կարգավիճակով ասոցացվելու դեպքում ստիպված կլինեն առաջնայնություն տալ Հայաստանին, ինչը եվրոպական քաղաքականության շրջանակներում չէ այսօր։

Առաջնային կարևորության հարցերի շարքում է, անշուշտ, տարեսկզբին երկու տարի ժամկետով ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը։ Տարեվերջին արդեն առաքելության թվաքանակը կրկնապատկվեց։ Դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է դիտարկել որպես եվրոպայի ազդեցության գործիք, ըստ վերլուծաբանի։ Հայաստանի համար առաքելության ներկայությունը սահմանին լրացուցիչ մեխանիզմ է ռիսկերի կառավարելիության աստիճանը բարձրացնելու առումով։ Բայց չպետք է այն համարել անվտանգության ապահովում, կամ երաշխիք։

Նա հիշեցնում է, որ բոլորովին վերջերս, երբ ադրբեջանական կողմը կրակում էր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ԵՄ դիտորդներ ժամանեցին, դիտարկեցին իրավիճակը, սակայն միայն նշեցին, որ կօգնեն, որ գործարանը ապահով տեղափոխվի մի որևէ անվտանգ վայր, և ոչ ավելին։ Այսինքն, պատրանքներ չպետք է ունենալ դիտորդների ներկայությունից, ասում է քաղաքական վերլուծաբանը։ 

«Սա իհարկե առաջացնում է հարցեր, թե ինչպես կընկալվեն հանգամանքները Ռուսաստանում և Իրանում։ Մենք տեսել ենք դժգոհություններ, բայց ես կարծում եմ, որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը զուտ տակտիկական մակարդակով իրենք էլ դեմ չեն, որ ԵՄ  որոշակիորեն պատասխանատվության դաշտ մտնի իրավիճակի կայունություն, կառավարելիություն ապահովելու տեսանկյունից։ Այսինքն, այստեղ բավականին բազմաշերտ խաղ է տակտիկական մակարդակում, որ ծավալվում է, և դիտորդական առաքելությունը այդ խաղի մի մասն է»։

ԵՄ-ը հունվարի 17-ը նշանավորում է  Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կողմից Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում իր 1500-րդ պարեկության իրականացմամբ։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության Х-ի գրառուման մեջ նշվում է, որ առաքելության առջև դրված է տեղում իրավիճակը վերահսկելու և դրա մասին զեկուցելու առաջադրանք։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 օպերատիվ բազայից, որոնք տեղակայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում ու Իջևանում։

Կարդացեք նաև

Back to top button