
2023 թվականին պետությանը և շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամ։ 2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնապահպանական նորմերի 2483 խախտում, ինչը մոտավորապես 100 դեպքով ավելի է 2022 թվականի ցուցանիշից, ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 174 խախտում։
Ընդհանուր առմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 1114 որոշում։ Այս բոլոր խախտումների համար ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 135 մլն դրամ։ 46 որոշում է կայացվել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար 2023 թվականը ծանրաբեռնված տարի է եղել։ Ոչ միայն ընդհանուր ստուգումների թիվն է ավելացել, այլև պետությանը պատճառված վնասն է ավելի մեծացել։ 2023 թվականին, մասնավորապես, թիրախավորվել են հանքարդյունաբերության, ջրօգտագործման, շինարարությունների, անտառային տնտեսությունների, թափոնների ոչնչացման ոլորտները։ Միայն շինարարության ոլորտում երեք տասնյակից ավելի ստուգումներ են իրականացվել, մեծամասնությունը՝ Երևանում՝ ամփոփում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
«Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրել ենք 330 խախտում, որից 193-ը՝ Երևանում։ Օրենքի մեջ հստակ գրված է, թե շինարարության ընթացքում ինչ պետք է իրականացնեն շինարարները փոշու բացառման նպատակով։ Խոսքը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ փոշու նստեցում իրականացնելու մասին է։ Մեր խնդիրը ոչ թե շատ խնդիրներ արձանագրելն է, այլ՝ կանխարգելելը»։
Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնապահպանական նորմերի 2483 խախտում, ինչը մոտավորապես 100 դեպքով ավելի է 2022 թվականի համեմատ, ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 174 խախտում։ Տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների հիման վրա պետբյուջե է մուտքագրվել 150 մլն դրամ, հարուցվել են նաև քրեական գործեր։
«Մեծ թվերը հիմնականում վերաբերում են նախաքննական մարմիններում գտնվող գործերին։ Բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողները չեն վիճարկում մեր որոշումները, վերականգնումներ լինում են։ Եթե ոչ, դատական ճանապարհով են գնում»։

Տեսչական մարմնի ղեկավարն անդրադարձավ նաև Սևանա լճում ձկնորսության արգելքի պայմաններում սիգի որսին։ Մեկ ամսվա ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցներն ն 623 տոննա սիգ են առգրավել։
«Արգելքը նոյեմբերի 12-ից է սկսվել, դեկտեմբերի 15-ից ուժեղացված միջոցառումներն են իրականացվում։ Այս պահի դրությամբ 181 ձկնորսական ցանցեր են հանվել լճից, 13 խեցգետնաորսիչներ։ Միջոցառումները շարունակվում են, ոստիկանության, Սևան ազգային պարկի, մարզպետարանի նաև Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ միջոցառման իրականացմանը բավականին մեծ ներգրավվածություն ունի նաև մեր անձնակազմը»։
Ստուգումների և վարչական վարույթների արդյունքում ընդհանուր առմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 135 մլն դրամի չափով, եղել են նաև գործունեության կասեցումներ։ Պետությանը պատճառած վնասի չափը կազմել է 4 մլրդ 882 մլն դրամ, որի գերակշիռ մասը բաժին է ընկել ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործմաը։ Հովհաննես Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորում է հետևել բնապահպանական ոլորտում օրենսդրությամբ սահմանված նորմերին, առաջնորդվել այն սկզբունքով, որ մեզնից յուրաքանչյուրը դառնա բնապահպան։ Կառույցը նաև զգուշացնում է՝ այս տարի ավելի շատ ստուգումներ են լինելու։




