ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շուրջ 63 հազար ինքնակամ շինություն է հաշվառվել․ 2023-ը Կադաստրի կոմիտեում

ՀՀ կադաստրի պետական կոմիտեն հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններով։ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ դրանք նպաստել են ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի, այնպես էլ կադաստրի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Կադաստրի կոմիտեի նախագահը առանձնացնում է գույքի գրանցման մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնք, ըստ նրա, որոշակիորեն հեշտացրել են գործընթացը։ Օրինակ՝ այն դեպքերում, երբ անշարժ գույքը օտարվում է այլ գույքին միավորվելու տրամաբանությամբ, նոր հասցե ներկայացնելու պահանջը վերացվել է։

«Եթե, օրինակ, քաղաքացին ցանկանում էր իր հարևանից հողատարածք ձեռք բերել և միավորել իր ունեցածին, ապա պետք է հասցե ստանար, գար Կադաստրի կոմիտե, դա գրանցեր որպես առանձին միավոր, այնուհետև նոր սեփականատերը դա ձեռք բերելուց հետո պետք է հողատարածքը գրանցեր ու մի հատ էլ հասցեի վերամիավորման համար նոր որոշում կայացվեր։ Մենք հիմա այդ գործընթացները միավորեցինք և կազմակերպեցինք մեկ քայլանի գործընթաց։ Եթե հողամասը բաժանվում է միավորման նպատակով, ապա այդ ժամանակ հասցե չենք ուզում։ Հողամասի և՛ բաժանումը, և՛ միավորումը մեկ դիմումով հնարավոր է դարձել»։

2023-ին առաջին անգամ օրենսդրական մակարդակում դրվեց այն գաղափարը, որ ՀՀ-ում պետք է գործի սահմանափակումների նոր, միասնական համակարգ, որը թույլ կտա ավելի ճշտգրիտ կիրառել քաղաքացիների գույքի վրա եղած սահմանափակումները։ Նախատեսվում է, որ Էկետրոնային համակարգը կներդրվի 2024 թ.-ի մարտից։

«Սահմանափակումները կիրառելը և վերացնելը կլինի առժամանակյա, որպեսզի քաղաքցիները չունենան հետևյալ խնդիրը օրինակ, եթե որևէ մեկն իր գույքի նկատմամբ ուներ սահմանափակում, ու որոշ ժամանակ անց նա մարել է իր պարտավորությունները, և այդ սահմանափակումը որոշումով դուրս է եկել, քաղաքացին պետք է այդ դուրս գալու մասին փաստաթուղթը ներկայացներ Կադաստրի կոմիտե»։

Նոր համակարգով քաղաքացին այստեղ էլ անելիք չունի։ Գերատեսչությունները միմյանց միջև առցանց ռեժիմով են փոխանցելու անշարժ գույքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին փաստաթղթերը՝ նշում է Սուրեն Թովմասյանը։

2023-ը առանձնացել է նաև ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի ակտիվացմամբ։ Այն մեկնարկել էր 2022-ի հունվարից, և առայսօր հաշվառվել է շուրջ 63 հազար ինքնակամ շինություն։ Քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում հաշվառումը պետք է իրականացվեր մինչև 2024 թվականի հունվարի 1-ը․

«2022 թվականին հաշվառվեց շուրջ 26.600, իսկ 2023-ին՝ 34 հազար ինքնակամ շինություն։ Արդեն իսկ 30 հազարից ավել միավորներ գնահատվել են և մուտքագրվել մեր էլեկտրոնային համակարգ, որի արդյունքում 255 մլն գույքահարկի բազա է ավելացել»։

Կադաստրի կոմիտեի նախագահը նշում է, որ 2 տարվա ընթցքում, այնուամենայնիվ եղել են քաղաքացիներ, որոնք բաց են թողել սահմանված ժամկետը և չեն հաշվառել իրենց շինությունները։ Քանի որ օրենքը ժամկետի բացթողման դրույթ չի նախատեսում, այդ շինությունների հաշվառման օրինական գործընթաց սկսելը բացառվում է։

Հաշվառումը կատարելը ինքնին չի նշանակում, որ ինքնակամ շինությունն արդեն օրինական է ճանաչված։ Սուրեն Թովմասյանը ներկայացնում է հաջորդ քայլերը․

«Հաջորդիվ, քաղաքացին պետք է համապատասխան հաշվառման տվյալներով դիմի համայնքի ղեկավարին, որը շինությունը օրինական ճանաչելու կամ չճանաչելու որոշում կկայացնի։ Օրինական ճանաչվելու դեպքում այդ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կուղարկվեն Կադաստրի կոմիտե»։

Անդրադառնալով կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներին, կոմիտեի նախագահը նշում է, որ այսօր ուղղված է շուրջ 340 բնակավայրի կադաստրային քարտեզ։

«Այս պահի դրությամբ ուղղել ենք Շիրակի, Սյունիքի, Արարատի մազերի, Հրազդան և Ծաղկաձոր խոշորացված համայնքների կադաստրային  քարտեզները։ Ուղղել ենք Վայոց Ձորի մարզի որոշ բնակավայրեր, մնացածները ընթացքի մեջ են։ Ինչպես նաև 2023-ին ուղղվել են նաև Երևան քաղաքի վարչական սահմանները հարակից համայնքների վարչական սահմանների հետ։ Եթե չեմ սխալվում, մնացել է մեկ համայնք»։

Կադաստրի կոմիտեի ղակավարի խոսքով՝ բոլոր իրականացված և իրականացվելիք փոփոխությունները միտված են լինելու թվային գործիքակազմերի ներդրմանը և քաղաքացիներին ավելի որոկյալ ծառայությունների մատուցմանը։ Այս ուղղությամբ օրենսդրական նոր փոփոխություններ ևս պլանավորված են։

Կարդացեք նաև

Back to top button