Երկրորդ շնչառություն

Առանց կրկես կյանքի չունի, Մարս էլ գնա, կրկես է փնտրելու և ստեղծելու․ «Երկրորդ շնչառություն»

Հոբելյանական 75 տարեկանում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը հեշտությամբ կատարում է բոլոր այն հնարքները, որ իր սաներն ուզում են անձամբ իրենից սովորել, միաժամանակ 5-7 գնդակ նետել, անգամ սալտո է տալիս:

«60-ն ի՞նչ տարիք է, 75-ն ի՞նչ տարիք է, որ ես մնամ տանը, տո ես կկախվեմ»,— զարմանում է կրկեսային գործիչն ու պատմում, թե ինչպես թատերական դինաստիա ու գերդաստան ունենալու իր երազանքն իրականություն դարձավ:

Որդին ու հարսը, աղջիկը, բոլոր թոռներն բռնել են իր ճամփան ու մեկը մեկին գերազանցելով նվաճում են աշխարհը: Ս.Պետրոսյանն անկեղծանում է՝ առանց կրկես կյանքի չունի, Մարս էլ գնա, կրկես է փնտրելու և ստեղծելու:

Չնայած պատկառելի տարիքին, առավոտը սկսում է գործով, թատերական ստուդիա է գնում, անձամբ հետևում է կրկեսի շինարարական աշխատանքների եզրափակիչ փուլին: Նրա խոսքերով, թատրոնի հին շենքը պայթեցվեց իր 60-ամյակի տարում, հույս ուներ, որ 65-ը նոր թատրոնում կնշի, բայց համավարակն ու պատերազմը գործը հետաձգեցին, և ոչ 70, ոչ էլ 75-ամյակը չստացվեց դիմավորել նոր կրկեսում:

Կատակում ենք՝ երկարակեցության գաղտնիքը գուցե հենց թատրոնի շենքի շինարարության ձգձգումն է, բայց Ս.Պետրոսյանը խոստանում է, որ 80-ամյակին անպայման բեմում կլինի:

«Կրկեսը երիտասարդեցնում է մարդուն, գործել կրկեսի կախարդական աշխարհում հենց դա է գաղտնիքս: Կրկեսը երջանկություն բերեց ինձ և իմ ամբողջ դինաստիային,աշխարհով մեկ սփռված իմ սաներին: Ինձ որ ասում են 75 տարեկան ես, ես զարմանում եմ, թե դա ինչ բան է: Կրկեսային դպրոցում եմ պարապում, դասավանդում եմ բուհում, ես համակարգի մեջ եմ, մեկ-մեկ մտածում եմ, որ կարո՞ղ է մեծացել եմ, բայց չէէէէ… այ երբ չկարողանամ ցույց տալ երեխաների խնդրած հնարքները, ուրեմն, կասեմ պառավել եմ, գնում եմ թոշակի»,— ասում է նա:

Զրուցակցիս խոսքերով, կրկեսում կեղծել հնարավոր չէ, եթե մեկը գա ու ասի, որ ինքը կրկեսի դերասան է, պիտի ցույց տա ու ապացուցի ասածը:

«Այսօր մեր իրականության խնդիրն այն է, որ ամեն մարդն իր տեղում չէ: Պատկերացնում եք լինի կրկեսի ղեկավար, որ չհասկանա կրկեսից, ամեն բնագավառում պետք է տիրի պրոֆեսիոնալիզմը: Լավ կլինի, որ ամեն մարդ զբաղվի իր գործով, թե չէ հիմա փողկապը կապում են ու ասում են ես իրավաբան եմ, ես մինիստր եմ, իսկ մեզ մոտ չկա նման կեղծիք, ամենալուրջ մարդիկ կրկեսում են»,- համոզված է Ս.Պետրոսյանը:

Նա կարևորում է այն հանգամանքը, որ ծնողները ճանաչեն ու ճիշտ ուղղորդեն իրենց երեխաներին մասնագիտության ընտրության հարցում և ճիշտ միջավայր ստեղծեն զավակների համար:

«Ես երջանիկ մարդ եմ, առավոտյան սիրով շտապում եմ գործի, երեկոյան՝ տուն, իրոք, երջանկության այս բանաձևն իսկապես գործում է»,- եզրափակում է Սոս Պետրոսյանը՝ խնդրելով մի քիչ էլ սպասել ու ականատես լինել տարածաշրջանի ամենամոդեռն կրկեսի բացմանը:

Back to top button