Երաժշտական եռանկյունի

Դասական դուետ՝ Հայկ Վարդանյան և Կատարինե Հովսեփյան. «Երաժշտական եռանկյունի»

Ակադեմիական երաժշտությունը Հայաստանում հիմնականում ներկայացված է պետական կառույցներով և կոլեկտիվներով՝ Օպերային թատրոն, սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, բազմաթիվ երգչախմբեր: Այդ կառույցները պատմականորեն կարևոր դերակատարում ունեն հատկապես դասական երաժշտությունը հանրահռչակելու և ակադեմիկան երաժիշտների սերնդափոխությունն ապահովելու գործում: Այս տիրույթում բնականաբար գործում և ստեղծագործում են անհատ մենակատարներ՝ օպերային թատրոնի մեներգիչներ և այլ կատարողներ, այնինչ ամբողջ աշխարհում մենակատարները գործում են ազատ արվեստի դաշտում՝ կնքելով աշխատանքային պայմանագրեր երաժշտական գործակալությունների, համերգային դահլիճների և թատրոնների հետ:

«Անշուշտ, մեր երկրի և աշխարհում ընդունված համակարգերը համեմատելի չեն, որովհետև Հայաստանում գործում է ակադեմիական արվեստի պետական կառավարման դոկտրինը, այնինչ ամբողջ աշխարհում գործում են խոշոր պրոդյուսերական կամ երաժշտական գործակալությունների ինստիտուտները, որոնց շնորհիվ յուրաքանչյուր մենակատար մեծ հնարավորություններ է ստանում համագործակցելու, շրջագայելու և սեփական կարիերան կայացնելու: Որքան էլ տարօրինակ թվա, բայց ես Հայաստանում աշխատելով և՛ պետական կառույցներում, և՛ մշակութային անկախ կազմակերպություններում, նախընտրեցի ազատ-ինքնազբաղ արվեստագետի կարգավիճակը՝ ստանձնելով ոչ միայն ստեղծագործական, կատարողական, այլ նաև կազմակերպչական բոլոր խնդիրները»,-ասում է երգիչ Հայկ Վարդանյանը:

Հայկը հասցրել է հետաքրքիր ստեղծագործական ճանապարհ  անցնել, աշխատել է Նարեկացի արվեստի միությունում, եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի տնօրեն, բայց ամբողջ գիտակցական կյանքում կատարելագործվել է դասական վոկալի բնագավառում: Վարպետաց դասեր է անցել Եվրոպայում, իսկ Հայաստանում մշտապես կազմակերպել համերգներ՝ վերջնական նպատակ ունենալով հաստատվել օպերային բեմի վրա, ինչին հասել է համառ և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այսօր նա հրավերներ է ստանում ոչ միայն Երևանի Օպերայի թատրոնի կողմից, այլ նաև մի շարք Եվրոպական օպերային թատրոններից:

Կամերային երաժշտությունը նույնպես Հայկ Վարդանյանի նախընտրությունների կենտրոնում է: Արդեն մի քանի տարի է գործում է նրա դուետը դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանի հետ: «Ինձ համար համագործակցությունը Հայկի հետ բովանդակային բնույթ է կրում, մենք կազմում ենք տարբեր թեմատիկ ծրագրեր, կատարում հայկական և եվրոպական վոկալ ստեղծագործություններ ամենատարբեր ժանրային ձևաչափերով՝ երգից մինչև օպերային արիաներ և մեր գործունեությունը չի սահմանափակվում մայրաքաղաքային համերգային դահլիճներով, մշտապես ելույթներով հանդես ենք գալիս Հայաստանի մարզերում՝ սրա մեջ տեսնելով խորհրդանշական առաքելություն»,-ասում է դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանը:

Կարդացեք նաև

Back to top button