
Ինչպե՞ս, ի՞նչ ուղղությամբ պետք է փոխակերպվի կրթական ոլորտը, որպեսզի բավարարի ժամանակի պահանջներին և նպաստի մրցունակ հասարակության ձևավորմանը։
«Կրթության առջև հիմա դրված է խնդիր, որ նա շատ արագ արձագանքի այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր շրջապատում։ Այս գործընթացներում «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» դասագիրքը օգտակար կլինի անպայման, որովհետև այստեղ արտացոլված են նաև այն մեխանիզմները, թե ինչպե՞ս կարելի է կրթությունը չառանձնացնել ընդհանրապես հասարակական կյանքից, արտադրությունից, գիտությունից և այլն։ Մենք շատ ենք կարևորում կրթության կառավարումը, որպես ընդհանուր մի մասի, այլ ոչ թե առանձնացված մի ստորաբաժանման կառավարում։ Այն ջանքերը, որ դնում են կրթության ոլորտի մասնագետները, պետք է գնահատված լինեն»,–ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» դասագրքի համահեղինակ, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Ցավոք սրտի մեր կրթությունը չունի գաղափարախոսություն։ Մինչդեռ դա պետք է լիներ մեր կրթության հիմնաքարը։ Մենք պետք է հասկանանք, որ կրթվում ենք հանուն մեր պետության, հանուն մեր արժեհամակարգի։ Ցավոք, ես անընդհատ փնտրում եմ այդ անկյունաքարը և ցավոք դեռևս չեմ տեսնում։ «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» դասագիրքը օգնելու է լուծել կրթության կառավարման շատ հարցեր։ Այստեղ կրթության կառավարումը ներկայացվում է 3 շերտով։ Ես և դասագրքի համահեղինակը փորձել ենք ներկայացնել կրթության կառավարման առնձնահատկությունները։ Ձեռնարկը համեմված է նաև իրավիճակային խնդիրների քննարկումներով, վերլուծություններով, ինքնաստուգման հարցերով», – ասում է տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ–ի պրոֆեսոր, «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» դասագրքի համահեղինակ Արմեն Ճուղուրյանը։





