Երկրորդ շնչառություն

Սեռական կյանքը կարևոր է նաև 60-ից հետո․ «Երկրորդ շնչառություն»

Դաշնադադարի, ձվազատման և մանկածնության ֆունկցիայի դադարումը շատ հայ կանայք ընկալում են որպես նաև սեռական կյանքն ավարտելու պատճառ, ինչը մասնագետները համարում են ոչ ճիշտ մոտեցում ինչպես ընդհանուր առողջության պահպահման տեսակետից, այնպես էլ ընտանիքում և զույգերի միջև միջանձնային առողջ հարաբերություններ ունենալու առումով:

«Դաշտանադադարի ժամանակ շատ հաճախ կանայք իրենց համարում են ինչ-որ պաթոլոգիական վիճակում գտնվող անձինք և հրաժարվում են սեռական կյանքից՝ մտածելով, որ իրենց ժամանակն անցել է, արդեն ուշ է, քանի որ երեխաներ էլ չեն ունենալու, սեռական հարաբերություններ էլ պետք է չլինեն»,- ասում է Սեքսապաթոլոգիայի գծով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատու Սևադա Հակոբյանը՝ բացատրելով, որ սա սխալ մոտեցում է և մեծ վնաս է հասցնում կնոջ օրգանիզմին:

Երբեմն պատահում է, որ նաև դաշտանադադարից հետո կանանց մոտ նոր սեքսուալություն է արթնանում և նրանք երկրորդ շնչառություն են վերցնում: Հարկ է նշել, որ կանոնավոր սեռական կյանքով ապրելը կանանց շրջանում նպաստում է, որ դաշտանադադարը հեշտ և անհետևանք անցնի և ուժեղանան կնոջ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները:

Տղամարդկանց մոտ նույնպես տարիքի հետ սեռական ցանկությունն աստիճանաբար նվազում է և արտառոց ու կտրուկ որևէ փոփոխություն չի կատարվում:

«Այս տարիքն ու ժամանակահատվածը շատ խոցելի են զույգի համար և կարևոր է, որ նշված հարցերը քննարկվեն, կինն ու տղամարդը ըմբռնեն, թե ինչ է կատարվում մյուսի օրգանիզմում և սիրով ու հոգատարությամբ հաղթահարեն այդ շրջանը»,- բացատրում է բժիշկը:

Տղամարդկանց մոտ, ըստ նրա, կանոնավոր սեռական կյանքն ունի նաև հակաքաղցկեղային նշանակություն՝ նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը: Բժիշկ Հակոբյանը պատմում է, որ իր այցելուների շրջանում եղել են նաև 80-ն անց հիմնականում տղամարդիկ, դեպք է եղել, որ 3-րդ անգամ ամուսնացած մարդը որոշակի բուժումներից հետո փորձել է հայր դառնալ:

60-ից հետո ուղեկցող քրոնիկ հիվանդությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում սեռական կյանքի վրա, քանի որ սեռական առողջությունը դիտարկվում է ընդհանուր համակարգի մի կարևոր մաս:

Բժշկի խոսքերով, արական սեռի այցելուները սեռական կյանքը շատ առանցքային են համարում, երբեմն էլ կատակում են, թե սեռական համակարգի անխափան գործունեությունն իրենց սրտի աշխատանքից ավելի կարևոր է:

Back to top button