ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանի բոյկոտի պատճառով ՀԱՊԿ քարտուղարն ավելի հաճախ է այցելում Հայաստան

Մեկ ամսվա տարբերությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կրկին Երևանում է։ Վերջին շրջանում Հայաստան–ՀԱՊԿ շփումները հենց այս ձևաչափով են։ Ընդհանուր հավաքներում ընդունված որոշումները Հայաստանը ուսումնասիրում է առանձին։ Առայժմ առանց պատասխանի են մնացել նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումները, մինչդեռ դրանց ավելացան արդեն նոր փաստաթղթեր, որոնք քննարկվել և ընդունվել են մոսկովյան հանդիպման ժամանակ։ Հենց այս հարցերն են Տասմագամբետովին բերում Հայաստան։ Մինչդեռ վերլուծական դաշտում կան կարծիքներ, որ ՀԱՊԿ–ը փորձում է հստակություն մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում կամ՝ չկորցնել Հայաստանը։

Երբ մեկ ամիս առաջ Երևանը խնդրեց ՀԱՊԿ նիստի օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, կառույցի գլխավոր քարտուղարը հայտարարում էր․ «ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա։ Հայկական կողմի աշխատանքը կառույցում շարունակվում է, բազմակողմ հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային ռեժիմով»։

Քաղաքագետ Արտաշես Խալաթյանը մինչդեռ այս հարցում Հայաստանի հապաղման մեկ այլ ենթադրյալ պատճառ է նշում՝ քանի դեռ չկան ինստիտուցիոնալ կոնտրառաջարկներ․

«Խնդիրը ՀԱՊԿ–ից թշնամի չստանալն է։ Դա է, ես կարծում եմ՝ Հայաստանի այս հապաղման պատճառը, և այն իրար հաջորդող արևմտյան պաշտոնյաների, անգամ իրավապահ հետախուզական կառույցների ներկայացուցիչների այցերը ցույց են տալիս, որ որոշակի մաքոքային դիվանագիտություն է տարվում, Հայաստանին ազատ անկման ռեժիմում չդնելու համար»։

Բացի այն, որ այս տարի Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ հավաքվերին, 2023–ի մարտին Երևանը հրաժարվեց անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, որը թափուր է մինչ այսօր։ Որոշման պատճառները բացահայտել էր Հայաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  

 «Քաղաքական ուղերձ չէ։ Կարծում եմ, այն գործընթացները, որ ընթանում են Հայաստանի և ՀԱՊԿ–ի միջև ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ 2021–22 թթ–ին մենք դիմել ենք, որպեսզի օգնեն ՀՀ հենց սուվերեն տարածքը պաշտպանելու և ստացել ենք, բառի բուն իմաստով, զրո աջակցություն, նույնիսկ որոշ դեպքերում Ադրբեջանի նարատիվների օգտագործում, որը ոչ միայն աջակցություն չէ, այլ նաև հակառակորդին աջակցություն է»։

Հայկական կողմի պնդումներին հակառակ, Ռուսաստանից հայտարարում են՝ նպատակաուղղված աշխատանք է տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խղաղության պայմանագրի կնքման և երկու երկրների միջև առկա հակասությունները լուծելու ուղղությամբ։

Ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի կտրուկ դիրքորոշումը և վերապահումները կապված են միայն ՀԱՊԿ գործունեության հետ։ ԱՊՀ և ԵԱՏՄ հավաքներին Հայաստանը մասնակցում է։ Մի քանի օրից՝ դեկտեմբերի 25–26–ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ–ի գրեթե նույն կազմով սպասվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը։ Ռուսական կողմը արդեն ուղարկել է հրավերները և հայկական կողմին ցանկանում է տեսնել այնտեղ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․

«Ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի հրավերից և կժամանի Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, և Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական եղանակով»։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հրաժարվել էր կանխատեսում անել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր եռակողմ հանդիպման հեռանկարի վերաբերյալ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել տարբեր հավաքներին գնալ–չգնալու, մասնակցել–չմասնակցելու հարցերը։

«Շատ մեծ կարևորությունը ունի հանրային ճիշտ կոմունիկացիան, որովհետև նույն հանրության մոտ էլ հարցեր է առաջանում, բա ինչո՞ւ Լասը փակվեց, բա ինչո՞ւ այս բանը այսպես եղավ, ինչու այս հարցերը չեք լուծում։ Այդ բոլոր հարցերը պետք է լուծել քննարկումներով, բայց ես սա չեմ ասում նրա համար, որ այո, այս պայմաններով պետք է գնալ։ Ես նկատի ունեմ, որ եթե ինչ–որ մի պահի պետք լինի մասնակցել այս բոլոր հարցերը հասցեագրելու համար՝ Լարսի հետ կապված, էներգակիրներ գնելու հետ կապված, այդ հարցերը քննարկելու համար ինչ–որ պահի պետք է մասնակցել այդ քննարկումներին։ Ինչ–որ պահի գուցե պետք չէ գնալ այդ միջոցառումներին մասնակցել այս կամ այն քաղաքական կամ ոչ քաղաքական աշխատանքային հարցերի բերումով։ Այդ ամեն ինչը պետք է դնել կշեռքի նժարի վրա ու կառավարությունում կարծում եմ այդ հարցը պետք է քննարկվի ոլորտային պատասխանատուների հետ»։  

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները տեղյակ չեն, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետը տարեվերջին կմեկնի Սանկտ Պետերբուրգ, թե ոչ։ Որոշում դեռ չի կայացվել։ Սակայն, այս ամենին զուգահեռ նաև հիշեցնում են՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը:

Կարդացեք նաև

Back to top button