
«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները այսօր թաղամասում հավաք են կազմակերպել` բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը։ Տարբեր պատճառներով նախագծի ավարտն ուշացել է, բայց հիմա, երբ թվով 6 շենքերը կառուցված են, իսկ բազմաթիվ բնակարաններ կահավորված ու թվում է, թե շուրջ 800 ընտանիքների` սեփական բնակարանում ապրելու երազանքը շատ մոտ է իրականություն դառնալուն, նոր խոչընդոտ է առաջացել։
Թաղամասը պետք է միացնել կոմունալ ենթակառուցվածքներին (ջրագիծ, գազատար), թաղամասն տանող ճանապարհը պետք է կառուցել, բայց աշխատանքների ավարտին խանգարում են այդ հատվածում գտնվող ակացիաները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է իր նախորդի հաստատած գլխավոր նախագծի շրջանակներում թվով 32 ակացիա տեսակի ծառերի տեղափոխմանը։

Թաղամասի բնակիչները շեշտում են` դրված է ոչ թե ծառահատման, այլ տեղափոխման խնդիրը, իրենք կարևորում են բնապահպանական խնդիրները, պատրաստ են ծառատունկ կազմակերպել ու ավելի շատ ծառ տնկել, բայց համայնքային իշխանությունից օպերատիվ դրական լուծում են ակնկալում, առանց այդ լուծման թաղամասի բնակեցումը հնարավոր չէ։
Բացի այս, քաղաքապետարանը մերժել է շուրջ 5 հազար ապագա բնակիչ ունեցող թաղամասի համար կանգառի եւ անցումի կառուցման բնակիչներից մեկի դիմումը` խնդրանքը համարելով ոչ նպատակահարմար։
Թաղամասի բնակիչները պահանջներ ունեն նաև կառուցապատող ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ից։ Այն է` ամենասեղմ ժամկետներում ամբողջությամբ ավարտին հասցնել տարիներ ձգված աշխատանքները, բնակարաններում ապահովել գազի, ջրի, հոսանքի հասանելիություն և վերջապես թաղամասը հանձնել շահագործման։




