
Դեկտեմբերի առաջին 15 օրում հանրապետությունում գրեթե ամեն օր վրաերթ է եղել, ընդ որում յուրաքանչյուր երկրորդը մահվան ելքով։ Դեկտեմբերյան վրաերթերի վիճակագրության մեջ մի քանի հետաքրքիր միտում կա․ բոլոր դեպքերում վրաերթի մասնակից վարորդները սթափ են եղել, վրաերթերից 3-ը տեղի է ունեցել վերգետնյա անցման տակ, կամ ստորգետնյա անցման վրա և բոլոր դեպքերում վրաերթի ենթարկված հետիոտները փողոցը հատել են չթույլատրված վայրով։
Ներքին գործերի նախարարության տվյալներով 2023թ Հայաստանում գրանցված վրաերթերի թիվը ավելի քան 100-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Եթե 2022-ին վրաերթերի թիվը 980 էր, ապա այս տարի այս թիվն արդեն անցնում է 1090–ը։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը։ 2021–ին վրաերթի հետևանքով մահացել է 79, իսկ 2023-ին 91 արդեն հետիոտն։
Ողբերգական վիճակագրության կորը չի բեկվի, քանի դեռ մարդկանց իրավագիտակցության փոփոխության ուղղությամբ քայլեր ու կրթական ծրագրեր չեն իրականացվում՝ վստահ է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ փողոցը չթույլատրված վայրով անցնելը գրեթե ինքնասպանություն է․ մասնագետի կարծիքով, առաջին հերթին պետք է վերանայել նաև «միշտ վարորդն է մեղավոր» մոտեցումը։
«Մենք երթևեկության կանոններում, օրենքում ունենք այնպիսի կետ, որ վարորդը ցանկացած իրավիճակում պետք է կանխարգելի կամ գիտակցի, որ հնարավոր է նման դեպք լինի։ Օրինակ, եթե երկնքից էլ քաղաքացին ընկնի մեքենայի վրա, միևնույն է վարորդն է մեղավոր։ Այդ պատճառով էլ, ցանկացած վրաերթի դեպքում, անկախ նրանից՝ հետիոտնը փողոցն անցել է նախատեսված վայրով թե ոչ, վարորդները միշտ մեղավոր են ճանաչվում, եթե հատկապես դեպքն ավարտվում է մահվան ելքով»,– ասում է Տիգրան Քեյանը։
Հայաստանում առանձին վիճակագրություն ու ուսումնասիրություն չի տարվում՝ պարզելու վրաերթերի պատճառները, կամ հիմնականում վարորդներն են մեղավոր, թե հենց հետիոտները։ Տիգրան Քեյանը, սակայն, հիմնական խնդիրներն ու վրաերթերին նպաստող բացթողումներն է նշում։
«Տվյալ ճանապարհահատվածի կահավորանքի խնդիր կա, շատ տեղեր կան, որ լուսավորության պակաս կա, հետիոտնային անցումները ճիշտ տեղում գծված չեն։ Եթե անձրև է, վատ տեսանելիություն, սև շորերով հետիոտներին նկատելը գրեթե անհնար է, եթե նույնիսկ թույլատրելի 60կմ/ժամ արագությամբ երթևեկենք։ Օրինակ՝ ունեցել ենք դեպք, երբ հեծանվորդը հեծանիվը վարելով անցել է հետիոտնային անցման վրայով, ինչը օրենքով արգելվում է, և ընկել է մեքենայի տակ։ Այս դեպքում հեծանվորդն է մեղավոր, քանի որ խախտել է երթևեկության կանոնները, բայց մյուս կանոնի համաձայն էլ, վարորդը պետք է միշտ կանխատեսեր, հետևաբար նորից մեղավոր է վարորդը»,– ասում է մասնագետը։
Ճանապահը չթույլատրելի վայրով անցնելու համար հետիոտնին սպառնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 5000 դրամի չափով։ Ի տարբերություն հետիոտների, վրաերթ կատարած վարորդներին սպառնում է քրեական պատասխանատվություն։ Մեկ մարդու մահվան դեպքում պատիժ է նախատեսվում ազատազրկում 2-5 տարի ժամկետով, 2 կամ ավելի մարդու մահվան դեպքում 4-8 տարի։ Եթե վրաերթ կատարած վարորդը սթափ չի եղել, կամ չի ունեցել մեքենա վորելու իրավունք նախատեսված է 5-10 տարի ազատազրկում։ Իսկ եթե հիմնավորվի, որ վրաերթը վարորդի մեղավորությամբ չի եղել, նա կազատվի պատասխանատվությունից։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ քիչ չեն դեպքերը, երբ վարորդի մեղավորությունը չի հիմնավորվում։
«Այն դեպքերում, երբ ակնհայտ է դառնում, որ վրաերթը տեղի է ունեցել ոչ վարորդի մեղքով, վարորդը պատասխանատվությունից ազատվում է։ Մեր հետիոտները պետք է հստակ հասկանան, որ այդ ընկալումը, որ ցանկացած դեպքում մեղավոր են վարորդները, արդեն հնացած է, և քրեաիրավական գնահատականներից է որոշվում՝ անձը պատասխանատվության ենթարկվելու է թե ոչ, կամ մեղավոր է , թե ոչ»։
Այնուամենայնիվ, եթե վրաերթի մեղավորը վարորդն է, ապա քննչական կոմիտեի տվյալներով, հիմնական պատճառը արագության գերազանցումն է, վարորդների ոչ սթափ լինելը կամ ճանապարհների ոչ պատշաճ կահավորումը։ Որ հանրապետությունում ճանապարհների համապատասխան նշաններով ու գույքով կահավորման խնդիրներ կամ բացթողումներ կան, արձանագրում են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Այստեղ «Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն» են մշակել, որով նախատեսում են մինչև 2030թ ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց հետևանքով մահերի թիվը նվազեցնել առնվազն 50 տոկոսով։
«Խնդիրներ ունենք ճանապարհների կահավորման, «սև կետերի» հայտնաբերման, դրանց վերլուծության և համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ։ Այս իմաստով մենք հեռավար նպատակ ունենք ճանապարհային անվտանգության աուդիտ իրականացնել, որ բոլոր ճանապարհները անվտանգության փորձաքննություն անցնեն»,– ասում է ՏԿԵՆ ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արևհատ Պողոսյանը։
Գերատեսչությունում վստահ են՝ ռազմավարության ընդունման, ինչպես նաև մեխանիզմերի խստացման արդյունքում հնարավոր կլինի մեղմել մտահոգիչ վիճակագրությունը։ Մինչդեռ հասարակական սեկտրում պնդում են՝ անվտանգ երթևեկություն կունենանք ոչ թե պատժելով կամ տուգանելով, այլ քաղաքացիներին կրթելով։








