Երաժշտական եռանկյունի

«Երիտասարդական օպերային ծրագիր» տարվա ափոփում. «Երաժշտական եռանկյունի»

Արդեն ավանդական դարձած մեր հանդիպումները «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի հետ որերորդ անգամ արձանագրում են ծրագրի մասնակիցների աննախադեպ հաջողությունները համաշխարհային հարթակներում, միջազգային մրցույթներում և հայաստանյան օպերային և համերգային հարթակներում:

Տասը տարուց ավելի գործող այս ծրագիրը լրջագույն խթան է հանդիսանում երիտասարդ մեներգիչների համար՝ նախ հղկելու սեփական կատարողական արվեստը, հարստացնելու երգացանկը և ճանապարհ հարթելու դեպի օպերային մեծ բեմ:

«Ի տարբերություն մեր սերնդի երգիչների, այսօր աննախադեպ լայն հնարավորություններ կան ճանաչվելու՝ միջազգային մրցույթներին մասնակցելով և Հայաստանում ու Հայաստանից դուրս տարբեր միջոցառումների մասնակցելու: Մեր ծրագրի սաները համալրում են Ազգային օպերային թատրոնի անձնակազմը, հրավիրվում են արտասահմանյան թատրոննների կողմից, մասնակցում են բազմաթիվ հեղինակավոր մրցույթների և բերում գլխավոր մրցանակներ: Ինչպես նաև Հայաստանի ներսում մասնակցում են ամենատարբեր համերգային ծրագրերի՝ հանդես գալով մայրաքաղաքի և մարզերի համերգային հարթակներում: Անցած տարի մեր սաների հաջողությունները աննախադեպ էին»,-ասում է Լևոն Ջավադյանը:

Մեր հանդիպման բուն առիթը հանդիսացավ նոյեմբերի 12-ին կայացած Ռուսաստանի Մեծ թատրոնի և Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրերի» մենակատարների շքեղ մենահամերգը: Ազգային օպերայի բեմում հանդես եկան երիտասարդ աստղեր Հայաստանից և Ռուսաստանից, լավագույն միջազգային մրցույթների դափնեկիրներ և հաղթողներ, որոնք հանդես եկան բազմաթիվ մեներգերով և անսամբլային կատարումներով՝ հանրաճանաչ օպերաներից:

Աննախադեպ են նաև մեր «Երիտասարդական օպերային ծրագրի» արտիստների հրավերները աշխարհի լավագույն թատրոնների կողմից՝ Ջուլիանա Գրիգորյանը նվաճելով «Օպերալիա» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակները՝  «Մետրոպոլիտեն» օպերայի կողմից հրավեր ստացավ: Նա մինչ այդ արժանացել էր Գրան Պրիի՝ «Մոնյուշկոյի» միջազգային 11-րդ վոկալ մրցույթում: Մեկ այլ կատարող՝ մեներգիչ Նավասարդ Հակոբյանը 2023-ին արժանացավ 3-րդ մրցանակի՝ Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» միջազգային օպերային մրցույթում: Մինչ այդ նա հրավիրվեց մասնակցելու Հյուսթոնի Գրանտ օպերային թատրոնի երիտասարդական ծրագրում: Նույն Հյուսթոն Գրանտ օպերայի երիտասարդական ծրագրի մասնակից դարձավ երգչուհի Անի Ղուշչյանը, Անին նույնպես մեր ծրագրի շրջանավարտ է: Գագիկ Վարդանյանը մասնակցելով Կլաուդիա Տաևի 13-րդ միջազգային մրցույթին՝ նվաճեց 3-րդ մրցանակը: Երիտասարդ երգչուհի Հեղինե Խաչատրյանը առաջին անգամ նոյեմբերի 10-ին հանդես եկավ Ադինայի դերերգով՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայում:

«Ինձ համար մեծ հաջողություն է և պատիվ է միանալ «Երիտասարդական օպերային ծրագրի» թիմին: Ինտենսիվ պարապմունքները Լևոն Ջավադյանի և Իրինա Զաքյանի նուրբ ուղղորդմամբ՝ մեծ հնարավորություններ են բացում մեզ համար՝ ձևավորելու ոչ միայն օպերային մեներգերի, այլ նաև կամերային մեծ երգացանկ»,- ասում է մեր զրույցի մասնակից Հեղինե Խաչատրյանը:

 Մենք հետևելու ենք ծրագրի ուսումնական ընթացքին՝ լուսաբանելով մասնակիցների առաջընթացը և ներկայացնելով նոր անուններ մեր ռադիոլսողին:

Back to top button