Ժամանակի վկան

Հայկական Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները․ Զոհրաբ Ըռքոյան․ «ժամանակի վկան»

Շարունակելով Հայկական Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին համապարփակ պատմական տեղեկատվության ներկայացումը, այս հաղորդման շրջանակում Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը պատմում է իր հեղինակած «Հայոց Քաշաթաղ» ալբոմ-գրքի մասին, որտեղ փաստերով ու լուսանկարներով վեր է հանում Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների հայկական պատմական հետքը։

Այս թեմայով հաղորդման առաջին հատվածը կարող եք նույնպես ունկնդրել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքի «Ժամանակի վկան» հաղորդաշարի այս հարթակում։

Հագարի գետի ավազանում բազմաթիվ հայկական հուշարձաններ կան՝ եկեղեցիներ, այդ թվում՝ ժառափոր, քարանձավային բնակատեղիներ՝ մի քանի հարկանի, նաև գետնափոր անցուղիներով, կամուրջներ, ամրոցներ, վանական անապատներ, նախաքրիստոնեական բնակավայրերի, դամբարանների հետքեր, գերեզմանաքարեր, խաչքարեր և այլն։

Քաշաթաղի ամբողջ շրջանում բազմաթիվ ամրոցներ կան, որոնք հատկապես հարավային հատվածում են տարածված։ Ցավոք ամրոցների մասին պատմագիտական գրականության մեջ տեղեկությունները սակավ են։

Արցախյան առաջին ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում Քաշաթաղի ազատագրումով հնարավորություն ընձեռվեց ուսումնասիրելու Որոտան գետի ավազանում եղած հայկական նախաքրիստոնեական և միջնադարյան հուշարձանները։

Ողջի գետի ավազանը նույնպես հարուստ է հայկական բազում պատմական արժեքավոր հուշարձաններով։

Աղավնո գետի հովտում պահպանված հայկական հուշարձանների մեջ հուրահատուկ ճարտարապետական հորինվածքով առանձնանում է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Վարազգոմի վանք կոչվող եկեղեցին, որը մասնագետների կարծիքով միակ երկխորան կառույցն է հայ եկեղեցաշինության պատմության մեջ։

Բոլոր այս նշված հուշարձաններից բացի կան բազմաթիվ այլք, որոնք չնշվեցին, և որոնք, սակայն, նույնպես փաստացի վկայություններ են ադրբեջանական զեղծարարության դեմ պայքարում։ Ցավոք, դրանք այժմ զավթված են և դրանց ճակատագիրն անհայտ է։

Back to top button