ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաքու-Անկարա-Թբիլիսի ռազմական համագործակցության հնարավոր տողատակերը

Տարածաշրջանում անվտանգային նոր հարթակ է ձևավորվում, կարծում են փորձագետները։ Թե ո՞ր երկրի դեմ է այն գործելու՝ կարծիքները տարբեր են։ Նրանց մի մասը կարծում է, որ այն Հայաստանին մեկուսացնելու ուղղությամբ է աշխատում, մյուս մասը համոզված է՝ այն Մոսկվայի դեմ է։ Թեմայի քննարկման առիթը Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումն է, որի քննարկման առանցում երեք երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների հարցեր են։

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպումը Բաքվում ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Ռուսաստանից պաշտպանվելու համար, համոզված է միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը։ Նա հիշեցնում է, որ եռակողմ պայմանագիրը նշված երեք երկրների միջև գոյություն ունի ավելի քան 8 տարի և պարբերաբար այս երկրները զորավարժություններ են նաև անցկացնում․

«Մեծ հաշվով, ՌԴ-ն հասկանում է, որ պարտվում է այս տարածաշրջանում, այդ թվում և Հայաստանում։ Ադրբեջանի Գաբալայից նրան հանեցին 2012 թվականին, Վրաստանում մինչև 2008 թվականն էր՝ բազան դատարկեցին։ Հիմա Հայաստանում են գնում գործընթացներ, որոնք կարելի է կանխատեսել որպես ՌԴ դուրս մղում այս տարածաշրջանից։ Այսինքն՝ վաղը, մյուս օրը ՌԴ–ն, հասկանալով, որ այս տարածաշրջանից դուրս է գալիս, պետք է օգտագործի նույն զինամթերքը, ինչը, օրինակ, 100 տարի առաջ, երբ բոլշևիկները մտան Անդրկովկաս, սկզբից Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և այլն․․․»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը մինչդեռ կարծում է, որ տարածաշրջանում նոր անվտանգային միջավայր ձևավորվելու փորձ է արվում, և չպետք է այս հարցում անտեսել Հայաստանին սպառնացող վտանգները՝ թե ռազմական, և թե տնտեսական առումով։ Նա պատահական չի համարում, որ Բաքուն վերջերս սկսել է խոսել ռեգիոնալիզմի՝ տարածաշարջանի հարցերը տարածաշրջանում լուծելու մասին․

«Այս հանդիպման ձևաչափը ուղիղ կապ ունի մեր անվտանգային միջավայրի հետ, այսինքն խոսք է գնում նոր անվտանգային միջավայրի ձևավորման մասին, որտեղ Բաքուն և Թուրքիան փորձում են տարածաշրջանային հարթակ ձևավորել, որը դարձյալ ռազմական համագործակցության իմաստով Հայաստանին մեկուսացնելու փորձ է։ Այս իմաստով հարաբերությունները, եթե բարձրանան ռազմավարական մակարդակի, էլ չեմ ասում  տարածաշրջանային, որևէ անվտանգային ձևաչափ, ապա մենք կստանանք մի իրավիճակ, երբ Հայաստանը կտրված կլինի  ողջ տարածաշրջանի արտերիաներից, ինչը նաև վտանգ է լինելու Հայաստանի համար այն իմաստով, որ ենթակառուցվածքները Հայաստանի չեն կարողանալու սպասարկել արտաքին փոխադրումները, այդ թվում նաև Վրաստանի միջոցով և այս ակտիվության շուրջ համագործակցությունը հատկապես նկատվում է այն աղմուկից հետո, երբ Վրաստանի միջոցով Հայաստան տեղափոխվեցին Ֆրանսիայից ուղարկված որոշակի ռազմական միջոցներ»։

Քաղաքագետը հիշեցնում է, որ դեռ այս տարվա փետրվարին Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ էին անցկացրել Կարսում, ինչը հուշում է հենց նոր անվտանգային համակարգի ձևավորման մասին։

Միջազգային հացերով փորձագետ Մանվել Ղումաշյանը մինչդեռ վստահ է, որ Հայաստանին այս պահին սպառնացող վտանգ չկա Թուրքիայից ու Ադրբեջանից․

«Այսօր Հայաստանի դեմ ռազմական հարձակման հավանականությունը, ի դեմս  Թուրքիա, Ադրբեջան, էլ չեմ խոսում Վրաստանի մասին, գրեթե զրոյական է՝ հաշվի առնելով ԵՄ, ԱՄՆ ակտիվությունը մեր տարածաշրջանում։ Այստեղ կարող է շահագրգռված լինել  ՌԴ, բայց ինքնուրույն գործողություններ չի կարող անել, հաշվի առբելով ուկրաինական խնդրում ներգրավված լինելու հանգամանքը։ Իսկ հրահրել Ադրբեջանին արդեն չի ստացվում, հիշենք Ջերմուկի դեպքերը, երբ ադրբեջանցիները մտան։ Հիմա էլ նրանք կցանկանան, որ Բաքուն հարձակվեր, որպեսզի  այն զինուժը, որ կա Ղարաբաղում, բերեն տեղադրեն Մեղրիում և ասեն՝ դե մենք էլի եկել ենք խաղաղություն հաստատելու»։  

Փորձագետը ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր ջերմացման հարցում կասկածներ ունի և չի կարծում, որ Անկարան նման քայլի դիմի, առավել ևս, որ որևէ շահ Մոսկվայից  այս պահին Թուրքիան չունի։

Կարդացեք նաև

Back to top button