ԿարևորՀասարակություն

Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի ծննդյան 66-րդ տարեդարձը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրանում է Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  ծննդյան 66-րդ տարեդարձը: Ամեն տարի այս օրը Արցախի Մարտունիում հերոսի արձանի մոտ մարդաշատ էր։ Բայց այսօր մարդիկ միայն մտովի են այցելում հերոսին, շնորհավորում ու զրույցում նրա հետ։

«Նորից եմ կրկնում Ավոյի նման չկա, չի ծնվել, գուցե 100 տարի հետո նրա նման մեկն էլ հայտնվի»։

Ավոյի մարտական ընկեր Կոմիտասի մայրը՝ Ռաիսան Ավանեսյանը ծնողական քնքշանքով է պատմում հերոսի մասին։ Ասում է՝ դժվար է բացատրել՝ ինչպիսին էր նա։ Կոշտ բայց հասարակ մարդ էր։ Ավոյի հագին ոչ ոք նոր համազգեստ չի տեսել։

Ամեն նորը պահում էր իր զինվորների համար․ «Շաքարավազը դրեցի սեղանին ու Ավոյին ասացի, որ բոլորին կբավավարի, թող հանգիստ խմի։ Գդալը գցեց ամանի մեջ ու ինչքան դուրս եկավ, այդքանը լցրեց բաժակը։ Մեզ էլ ասեց, որ մենք էլ պիտի այդպես անենք։ Միշտ հին շորեր էր հագնում։ Անգամ գուլպաներն ու ներքնաշորերն էի կարկատում։ Մի օր Սեդային հարցերցի՝ ինչու նոր ներքնաշորեր չի բերում Ավոյի համար։ Անմիջապես կանչեց նրան ու հարցերեց՝ որտեղ են նոր ներքնաշորերը։ Ավոն էլ պատասխանեց․ «Պոստերի տղերքին բավարարեցի»»։

«Մի օր ցեխոտ զինվորական կոշիկներ էին հագին, լավերը կային, չէր հագնում, ասում էր թող սահմանին կանգնած զինվորները հագնեն նորը։ Լվացի այդ կոշիկները։ Առավոտյան եկավ, ասում է` ման եմ գալիս չեմ գտնում. չճանաչեց մաքուր կոշիկները»,- հիշում է Ռաիսա Ավանեսյանը։

Ութ լեզու գիտեր, բայց ստիպված եղավ իններորդն էլ սովորել մարտունեցիներին հասկանալու համար։ Սկզբում նրան դժվար ընդունեցին։ Հետո, երբ մարտի դաշտում ցույց տվեց իր մարդկային ու առաջնորդական որակները, նշանակվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար։

«Որ գրադով ռմբակոծում էին, մարդիկ ասում էին` տեսնես Ավոն այստե՞ղ է, կարծես, որ Ավոն այստեղ լիներ, ձեռքերը կպարզեր, չէր թողնի, որ կրակեն: Մի անգամ էլ եմ ասում, բոլորը նրան ընդունում էին: Մարտունեցի ամենափոքրն էլ նրա անունով կերդվի»:

1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից էլ զոհվում է Մոնթեն։

«Երբ գնացիԵռաբլուր, տեսա, որ բոլոր հերոսների գերեզմանները գեղեցիկ սարքած են։ Իսկ Ավոյի գերեզմանը՝ շատ համեստ, միայն նկարն է ու տապանը։ Սեդային հարցրեցի՝ ինչու Ավոյինն էլ գեղեցիկ չեն սարքել։ Ասեց՝ չգիտես, որ Ավոն նման բաներ չէր սիրում, նա միայն համեստությունն էր սիրում»։

Ավոյի իմացած 8 լեզուներից և ոչ մեկն այնքան հասկանալի չեղավ մարտունեցիների ու հայ ժողովրդի համար, որքան հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության լեզուն։ Նա սովորեցրեց սիրել հայրենիքը, ու մենք սիրեցինք հայրենքիքի հետ մեկտեղ Ավոյին։

Ամեն տարի այս օրը Մարտունիում՝ նրա արձանի մոտ մարդաշատ էր։ Այսօր այդ արձանն իր տեղում չէ, մարտունեցիներն էլ միայն մտովի են այցելում հերոսին, շնորհավորում ու զրույցում նրա հետ։ Բայց, անկասկած, Ավոյի ոգին ու հետքերը Մոնթեաբերթի փողոցներից դեռ չեն մաքրվել։

«Ամբողջ հայության և Հայաստանի ապագայի վրա շատ բացասական կազդի պարտությունը։ Մենք իրավունք չունենք պարտվել։ Պիտի հիմա գիտակցենք, և ամենքս ամեն ինչ անենք, որպեսզի օր առաջ հաղթենք»։

Կարդացեք նաև

Back to top button