ԿարևորՔաղաքական

Եռօրյա այց՝ ԵՄ-ն Հայաստանին «մոտեցնելու» համար. 2 կարևոր որոշում՝ դեկտեմբերին

Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում կլինի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ ԵՄ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները:

Իսկ արդեն դեկտեմբերին Եվրահանձնաժողովը քննարկելու է Հայաստանի համար կարևոր և առաջնային երկու հարց: Մեկը առնչվում է Հայաստանում ԵՄ դիտորդերի քանակի ավելացմանը, մյուսը՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը: Այդ առաջարկը հաստատվել է նոյեմբերի 13-ին՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստում:

Հնարավոր նոր քայլեր դեպի ԵՄ. Հակիրճ այսպես կարելի է հասկանալ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության հայաստանյան այցի նպատակը: Եվրոպացի պաշտոնյաները Հայաստանում կլինեն 3 օր: Նոյեմբերի 27-29 նրանք կհանդիպեն Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

ԵՄ հետ ցանկացած աշխատանքը ունի անվտանգային բաղադրիչ, համոզված է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Ընդանրապես մեր համագործակցությունը ԵՄ և ԵՄ առանձին անդամ-պետությունների հետ իր բոլոր ասպեկտներով մեր անվտանգային ճարտարապետության կարևոր մասն է: Ինչպես նաև հարաբերությունների որակը ինքնին՝ հաշվի առնելով ԵՄ քաշը, փափուկ ուժի, տնտեսական լծակներ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների բովանդակության ընդլայնումը ինքնին մեր անվտանգային ճարտարապետության շատ կարևոր բաղադրիչներից է: Ընդ որում՝ բոլոր ոլորտներում»:

Նոյեմբերի 13-ին ԵՄ անդամ-երկրների արտգործնախարարների նիստում հաստատված առաջարկով դեկտեմբերին Եվրահանձնաժողովը կքննարկի Հայաստանին առնչվող երկու հարց. Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկները: Հայաստանում առայժմ չեն շտապում թվեր հրապարակել, թե ինչքանով կավելանա Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը: Խոսակցությունները մինչև 2 000 դիտորդի մասին են: Արման Եղոյանը ճշտում է՝ հաստատված մանդատի շրջանակներում է, այսինքն՝ քաղաքացիական դիտորդության մակարդակով: Եթե դիտորդների որոշումը հաստատվի դեկտեմբերին, ապա տեղակայումը շաբաթների հարց է, շատ արագ: Բայց սա այլընտրանք չէ որևէ այլ անվտանգային բաղադրիչին, հստակեցնում է պատգամավորը:

«Այսօր աշխարհորւմ այնպիսին է իրավիճակը, որ որևէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ մեկ կոմպոնենտից: Դա կոմպոնենտների համադրություն է և ԵՄ դիտորդական առաքելությունը մեր անվտանգային ճարտարապետության կոմպոնենտներից մեկն է ու շատ կարևորը: Շատ լավ է, որ իրենք որոշում են կայացրել ընդլայնել այն, բայց մենք այլ կոմպոնենտներ էլ ունենք, բնականաբար»:

Այս պահի դրությամբ, առաքելության գործունեության շուրջ 9 ամիսվա ընթացքում դրան միացել է Եվրամիության 24 երկիր՝ գործուղելով 93 դիտորդի:

ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների առարկայական զարգացումը կապված է նաև վիզային ռեժիմի ազատականացման հետ: Այդ քննարկումներն ակտիվացնելու առաջարկը նույնպես Եվրոպայից հստակ պատասխան կստանա դեկտեմբերին:

«Եվրոպական խորհուրդը որոշում է կայացնում, այստեղ խնդրում եմ ուշադրություն դարձնել, եթե նման որոշում կայացվի դա լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին որոշում: Այսինքն՝ երկխոսությունը սկսելու մասին: Որպես կանոն երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է իր վերջնարդյունքին: Այդպես դեռ չի եղել ԵՄ պատմության մեջ, որ երկխոսությունը սկսեն ու հետո ասեն՝ չէ, չենք անում: Երկխոսությունը սկսելուց հետո արդեն հարցի տեխնիկական կողմերն են լուծում՝ բիոմետրիկ անձնագրեր, սահմանային հսկում, ռեադմիսիայի վերաբերյալ հարցեր: Այն տարբերակը, որ հիմա դրված է սեղանին այն է, ինչ Վրաստանն է ստացել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ժամանակ: Այն է, որ դուք վերցնելու եք ձեր սովորական անձնագիրը ու այդ անձնագրով կարողանալու եք ճամփորդել ԵՄ: Վրաստանի և Մոլդովայի դեպքում դա տևեց երկու տարի, Ուկրաինայի դեպքում՝ մի քիչ ավելի: Հաշվի առնելով, որ մենք իրականացրել ենք, մեր դեպքում դա կարող է մի քիչ ավելի քիչ տևել»:

Հայաստանի չկատարած քայլերից մեկը կապված է բիոմետրիկ անձնագրերի չլուծվող հարցի հետ:

Ամեն դեպքում դեկտեմբերյան քննարկմանն ընդառաջ Եղոյանը նշում է, որ սպասելիքները լավատեսական են: Հայաստանում տեղյակ են բոլոր 27 երկրների տրամադրվածությանը և տվյալ պահին աշխատում են կոնկերտ երկրների հետ: Որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների համաձայնությունը:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր կնքելու մասին հարցերին, ապա Եղոյանը նշում է՝ նման մտադրություն դեռ չեն հայտնել: Հայաստանը ԵՄ հետ այժմ համագործակցում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Պարզ ասած, դա Ասոցացման պայմանագիրն է հանած ազատ առևտուրը: Հայաստանը չի կարող օգտվել այդ հնարավորությունից, քանի որ այլ տնտեսական միավորի անդամ է: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բոլոր ծրագրերը նախատեսված են մինչև 2026 թվականը, մի քանիսը՝ մինչև 2027 թվականը: Բայց դրանք կարող են նաև շուտ ավարտվել: Հայաստանն այժմ աշխատում է ապրանքները անհրաժեշտ չափորոշիչներին հասցնելու համար: Գոյություն ունեցող համաձայնագրի ժամկետի ավարտից հետո նոր կորոշվի հետագա անելիքը: Այս պահի դրությամբ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չի հայտնել:

Կարդացեք նաև

Back to top button