Վերնատուն

Պլակատները՝ քաղաքացիական դիրքորոշման դրսևորում. «Վերնատուն»

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է նկարիչ–դիզայներ Արթուր Մանուկյանի անհատական ցուցահանդեսը։ Նաև տեղի է ունեցել «Պլակատ գրաֆիկա» պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքում ներառված շուրջ 120 պլակատները ներկայացնում են տարբեր ժամանակներում երկրում տեղի ունեցող իրադարձութունները, որոնք կարևորել է հեղինակը։ Պատվերով ստեղծագործություններ գրեթե չի արել։

Սա նկարչի 25 տարիների աշխատանքի արդյունքն է և, ինչպես ինքն է ասում, ամբողջացնում է գեղարվեստական տպագրության և հաստոցային գրաֆիկայի ոլորտում արված աշխատանքները։

Հիշում է 1998 թվականին առողջապահության թեմայով արված պլակատը, որը փակցված էր հանրապետության գրեթե բոլոր բուժհաստատություններում ՝ բազմիցս վերատպված ու նույնիսկ գունափոխված։

Պլակատների զգալի մասն իր նախաձեռնությամբ է արել ու համարում է, որ դրանք իր քաղաքացիական դիրքորոշման յուրահատուկ դրսևորումներ են։

«Երբ ինձ հարցնում են իմ քաղաքացիական դիրքորոշման մասին և խնդրում, որ մի բան ասեմ, պատասխանում եմ, որ իմ պլակատներով ես արդեն այդ մասին ասել եմ», – ասում է նա։

Արթուր Մանուկյանը իրեն համարում է նորանկախ Հայաստանի արվեստագետ, քանի որ կրթությունը ստացել, աշխատել և ստեղծագործել է նորանկախ Հայաստանի արվեստի միջավայրում։ Արվեստի միջավայրում նա հայտնի է որպես պլակատիստ, չնայած ստեղծագործական բազմաժանր հետաքրքրություններին։

 «Ես նկարիչ եմ, դիզայներ–նկարիչ եմ, դա բավականին մեծ դիապազոն ունի, ամեն ինչ գալիս է նկարչությունից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ես ինչ գեղարվեստական խնդիր եմ դրել իմ առջև, ըստ դրա էլ որոշվում է ժանրը, որով ես ստեղծագործում եմ», – ասում է Արթուր Մանուկյանը։

Back to top button