ԿարևորՀասարակություն

Իրաքի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորլ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև Հիշողության պուրակում պարոն Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը տնկեց արծաթափայլ եղևնի:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Իրաքի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով.

«Հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է, որն ընկած է 1944 թ. «ցեղասպանություն» տերմինի ստեղծման հիմքում: Այն բարբարոսական միջոց էր հայ ժողովրդին բնաջնջելու խաղաղության և կամ պատերազմի ժամանակ: Դատապարտում ենք որևէ ժողովուրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը և շեշտում ենք մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Հավիտենական հանգստություն զոհերի հոգիներին և զարգացում Հայաստանին»:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին արաբերեն գիրք:

Կարդացեք նաև

Back to top button