
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություններ առաջարկող նախագիծը։ Ըստ այդմ՝ աշխատավարձի բարձրացում կունենան նաև ատեստավորման արդյունքում միջին՝ 60-69 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները։ Բացի դրանից՝ կառավարությունը հնարավորություն կտա ատեստավորումը 2 անգամ ձախողած ուսուցիչներին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում ևս մեկ անգամ կամավոր ատեստավորում անցնել։ Գործադիրի տվյալներով՝ համակարգի ներդրումից ի վեր 3 տարվա ընթացքում ավելի քան 6000 ուսուցիչ կամավոր ատեստավորում է անցել, նրանց կեսից ավելին այդ ճանապարհով բարձրացրել է վարձատրությունը։
Այսուհետ կամավոր ատեստավորումից հետո միջին արդյունք գրանցած ուսուցիչների աշխատավարձը ևս կբարձրանա։ Գործող կարգի համաձայն՝ ատեստավորման 60-69 տոկոս արդյունք արձանագրած ուսուցիչները համարվել են ատեստավորված, սակայն վարձատրության բարձրացում չեն ունեցել։ ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխությամբ այսուհետ այս ուսուցիչները հավելավճար չեն ստանա, բայց մեկ դրույքի համար 125 հազար դրամի փոխարեն կվճարվեն 200 հազար դրամ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս ունի, որ փոփոխությունն էականորեն կազդի կրթության որակի վրա։
«Սրա շնորհիվ երեք տարիների արդյունքով 1630 ուսուցիչներ ևս կօգտվեն կամավոր ատեստավորման համակարգով վարձատրության բարձրացումից: Ըստ այդմ՝ համակարգի միջոցով երեք տարիների ընթացքում վարձատրության բարձրացում ունեցած ուսուցիչների թիվը կկազմի շուրջ 5179»,– մանրամասնում է նախարարը:
Կարգավորումը կսկսի գործել որոշման ընդունումից հետո, բայց նաև հետադարձ ուժ կունենա․ կվերաբերի նախորդ տարիներին 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին ևս՝ շեշտում է նախարարը։
Կամավոր ատեստավորման համակարգը ներդրվել է 2021թ․–ին ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացման ու մասնագիտական զարգացումը խթանելու համար։ Առաջին տարում կամավոր ատեստավորում անցնելու հնարավորություն ունեին միայն 7-12-րդ դասարանների 7 առարկաների ուսուցիչներ, դիմող ուսուցիչներն այդ տարի շուրջ 1300-ն էին։ Երկրորդ տարում դիմելու հնարավորությունն ընդլայնվեց․ ընդգրկվեցին 5-12-րդ դասարանների բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները և կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչների թիվը հասավ 3900-ի։ 2023–ին արդեն դիմելու հնարավորություն ունեն բոլոր դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները և դիմումատուների թիվը նախորդ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով ավելացել է՝ մանրամասնում է Ժաննա Անդրեասյանը։
«Ընդ որում՝ ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը՝ 200 հազար դրամ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճարը, գործում է 70 տոկոս և ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար։ Սա հնարավորություն է տվել առնվազն կրկնապատկել ոլորտում գործող միջինում 125 հազար դրամ դրույքաչափը։ Ընդհանուր առմամբ՝ երեք տարիների արդյունքում 3549 ուսուցիչներ այս ճանապարհով բարձրացրել են իրենց վարձատրությունը»։
Մյուս փոփոխությամբ էլ նախարարությունը հնարավորություն կտա երկու անգամ կամավոր ատեստավորման մասնակցած, բայց բավարար ցուցանիշ չգրանցած ուսուցիչներին չկորցնել աշխատանքը։ Նրանց ատեստավորմանը մասնակցելու ևս մեկ հնարավորություն կտրվի։
«Ըստ այդմ, 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած կամ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքների մեջ առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները կստանան ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն»,– բացատրում է Անդրեասյանը։
Կամավոր ատեստավորման ոլորտում այս փոփոխությունները սպասված էին և սրանց արդյունքում կմեծանա նաև մասնակցության ցուցանիշը՝ վստահ են ոլորտային գերատեսչությունում։ Փոփոխության արդյունքում արդեն այս ամսվանից ուսուցիչները կունենան դրույքաչափի վճարի բարձրացում՝ շեշտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրա նպատակը մեր հարգելի ուսուցիչներին քաջալերելն է, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն կամավոր ատեստավորմանը և, այնուամենայնիվ, նրանք, ովքեր ատեստավորման շեմն անցել են, աշխատավարձի որոշակի, ավելի ճիշտ, էական փոփոխություն արձանագրեն»։
Փոփոխություններին զուգահեռ նախարարությունում պարբերաբար վերանայում ու լավարկում են ատեստավորման առարկայական թեստերը, նախատեսում են նաև առաջիկայում գործընթացը թվայնացնել։






