Երաժշտական եռանկյունի

Տաթևիկ Շախկուլյան. կոմիտասագիտության ասպեկտները. «Երաժշտական եռանկյունի»

Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության կարևորագույն բնագավառներից է։ Այն թույլ է տալիս համակարգել  Կոմիտասի կյանքի, գործունեության և ստեղծագործության մասին գիտելիքը՝ դիտարկելով նրա գործունեությունը ամենատարբեր ասպարեզներում։ 

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտական հարթակը ամենակարևոր գիտամշակութային հանգույցներից մեկն է մեր երկրում, և մեր զրույցը երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ նպատակ ունի դիտարկելու Կոմիտասին վերաբերող տարբեր ասպեկտներ՝ գիտականից մինչև կատարողական արվեստ։ 

«Կոմիտասագիտության հիմքում առաջին հերթին մեծ երաժշտի թողած ժառանգությունն է, որը մի շարք խոշոր գիտնական երաժշտագետների երկար տարիների ուսումնասիրության, համակարգման և հանրայնացման պատմություն ունի։ Այդ աշխատանքը շարունակվում է՝ ի հայտ բերելով նոր հանգամանքներ, փաստեր, նոր վերլուծության և նկարագրության առիթ է հանդիսանում նոր սերնդի երաժշտագետների համար»,- ասում է Տաթևիկ Շախկուլյանը, որը հանդիսանում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի հայաստանյան պատասխանատու, Ճապոնիայի՝ «Կոմիտասի երաժշտության ընկերության», «Կայթ» արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի խորհրդական։ 

Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսության բաժինը։ 2004 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության, 2005 թվականին՝ խմբավարության բաժինը։ 2010 թվականին Մհեր Նավոյանի ղեկավարությամբ ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։

2006-2017 թվականներին ղեկավարել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ 2004-2008 թվականներին երգել է «Հովեր» երգչախմբում։ 2009 թվականից դարձել է «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի խմբավար: 2010 թվականից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշխատել է որպես երաժշտության տեսության ամբիոնի դասախոս։

2014-2015 թվականներին ավստրիական Գրացի համալսարանի «Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում» զբաղվել է հետազոտական աշխատանքով։

Հեղինակել է «երաժշտություն» առարկայի հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրքը, 2023 թ.։ 

2012 թ. դարձել է Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի սփյուռքահայ և միջազգային կապերի բաժնի գիտաշխատող, իսկ 2016 թվականին՝ ավագ աշխատող։

Ալինա Փահլևանյանի հետ հեղինակել է «Հայկական երաժշտական ֆոլկլոր» դասընթացը։ 2014 թվականին գրել է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրությունը։ Հեղինակել է ավելի քան 25 գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են կոմիտասագիտությանը, երաժշտական բանահյուսությանը, հայ և համաշխարհային երաժշտարվեստի տեսությանն ու պատմությանը, 20-րդ դարի արևմտաեվրոպական, ռուսական և հայկական երաժշտության պոլիֆոնիայի հարցերին։

Back to top button