
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրն ընդունել է Արցախից բռնի տեղահանված Շիրակացու ճեմարանականներին։ 160 սան և շուրջ մեկ տասնյակ ուսուցիչ միացել են Երևանի ճեմարանական համայնքին։ Թե ինչպես են նրանք հարմարվում նոր միջավայրին, Արցախի Շիրակացու ճեմարանի նախկին տնօրեն Անահիտ Ղարաղազարյանն է պատմել «Ռադիոլուրին»։
Շաքեն 7-րդ դասարանի աշակերտ է, մեկը նրանցից, որոնց համար ուսումնական տարին պիտի սկսվեր ու շարունակվեր Ստեփանակերտի «Շիրակացու ճեմարանում»։ Ամռանը Շաքեն հաջողությամբ հանձնել էր ընդունելության քննությունները և անհամբեր սպասում էր նոր ուսումնական տարվան։
«Շատ ուրախացա, երբ իմացա, որ ընդունվել եմ Արցախի «Շիրակացու ճեմարան»՝ քննությունների արդյունքում։ Սեպտեմբերի 1-ից սկսեցի հաճախել դասերին, ուրախությունս երկար չտևեց, սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը»։
Նոր ուսումնական տարվան անհամբեր սպասում էին ոչ միայն Շաքեն ու կրթահամալիր ընդունված միջին դպրոցի շուրջ 120 սաները։ Տարին պատասխանատու էր Ստեփանակերտում անցյալ տարվանից գործունեությունն ընդամենը 40 ավագ դպրոցականներով սկսած կրթահամալիրի ողջ անձնակազմի համար։ Նրանք նոր ուսումնական տարին դիմավորել էին նոր պլաններով, նոր սաներով ու ուսուցչական ընդլայնված կազմով։ Այս տարի կրթահամալիրը հնարավորություն ունեցավ բարելավելու շենքային պայմանները և ընդունելու նաև միջին դպրոցի սաների։ Ոգևորությունը, սակայն, ընդամենը 19 օր տևեց․ Արցախում սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմը, ապա և տեղահանությունը լիովին փոխեցին նաև ճեմարանականների ճակատագիրը։

«Ուսուցիչներն ու տնօրենը մեզ ուղեկցեցին ապաստարան, հետո ծնողները մեզ վերցրեցին , ու ցավոք, դա վերջին օրն էր, որ մենք եղանք ճեմարանում։ Մի քանի օր անց բոլորի պես մենք լքեցինք Արցախը»։
Հայաստանում հիմնական խնդիրը երեխաների կրթության շարունակականությունն ապահովելն էր՝ ասում է Արցախի «Շիրակացու ճեմարանի» արդեն նախկին տնօրեն Անահիտ Ղարաղազարյանը։
Նա նշում է, որ այսօր շուրջ 160 արցախցի սաներ, ի պատիվ Երևանի «Շիրակացու ճեմարանի» տնօրինության, ուսումը շարունակում են մայր կրթօջախում։
«Սկզբնական փուլում դա կազմակերպչական մեծ դժվարություններ էր առաջ բերում, կարողացանք ավագ դպրոցականներին առաջնահերթ տեղավորել, ապա մյուս սաները ևս դարձան մայր ճեմարանի լիիրավ անդամներ։ Առաջին իսկ օրվանից Երևանի ճեմարանը սկսել էր բռնատեղահանվածների համար աջակցության փաթեթների հավաքագրումն ու տրամադրումը, ավելի քան 2500 հոգու արդեն օժանդակություն է ցուցաբերվել»։
Անահիտ Ղարաղազարյանն ասում է՝ մի կողմից մեծ ցավ է, որ Ճեմարանի կրթական ծրագիրը չհաջողվեց իրագործել հենց Արցախում, մյուս կողմից էլ ճեմարանականների համար բացառիկ հնարավորություն է կրթությունը Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում շարունակելը։
«Այն հնարավորությունները, որ կան Երևանի «Շիրակացու ճեմարանում», վստահաբար Արցախի ճեմարանը դեռևս տրամադրել չէր կարող, դեռ շատ աշխատանք պիտի տարվեր։ Ի պատիվ Երևանի կրթօջախի, ի դեմս տնօրեն Աշոտ Ալիխանյանի, որևէ հարցում չեն վարանել և ամեն ջանք ներդրել են, որ մեր սաները կարողանան հավասարապես շահառու լինել այն կրթական ծրագրերին ու հնարավորություններին, ինչ ունեն մայր կառույցի բոլոր սաները։ Ուրախ եմ տեսնել նաև, որ մեր սաներն ընկերացել են, ծրագրային դժվարությունները հաղթահարում են։ Ֆինանսական հսկայական բեռ են իրենց վրա վերցրել»։-ներ


Բացի սաներից՝ Երևանի «Շիրակացու ճեմարանն» իր համայնք է ընդունել նաև Արցախի ճեմարանի գործընկերներին․ 11 ուսուցիչ միացել է մայր կառույցի թիմին։
Ինքը՝ Անահիտ Ղարաղազարյանը, մինչև Արցախ տեղափոխվելն աշխատել է Երևանի ճեմարանում, հիմա, ճակատագրի բերումով վերադարձել է իր նախկին պաշտոնին, բայց արցախյան փորձառությունը բացառիկ է համարում։
«Արցախ եկել ենք ամուսնուս աշխատանքի բերումով, և հավերժ երախտապարտ եմ իմ ճակատագրին, որ ես այնտեղ ապրել եմ։ Դա իմ կյանքի ու երեխաներիս կարևորագույն ձեռքբերումներից է եղել։ Այնտեղ ապրելը ուժ է տալիս, մի անպատմելի տիեզերական էներգիա ես ստանում»։
Հայրենիքի այդ կտորի համար ներդրված ջանքի համար չի ափսոսում․ ինչու՝ պարզաբանում է․ «Չեմ ափսոսում և արածի, և չարածի համար։Ամեն վայրկյանի մեջ իմ անելիքը ես իմաստավորված եմ տեսել։ Առաջարկը, որ ստացա՝ Արցախում աշխատել որպես Շիրակացու ճեմարանի տնօրեն, պարտավորեցնող էր, և իմ խնդիրը Շիրակացու ճեմարանի անունը բարձր պահելն էր։ Արցախում աշխատելու ամեն օրը մեծագույն խթան է եղել, քանի որ հայրենիքիս համար ինչ–որ բան եմ արել»։
Անահիտ Ղարաղազարյանը տեղեկացնում է, որ Արցախից տեղահանվածների համար «Շիրակացու ճեմարանում» ուսումն անվճար է։ Երեխաներն անվճար օգտվում են նաև ճեմարանի տրանսպորտային ու այլ ծառայություններից։




