Երաժշտական եռանկյունի

Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ , նոր ձայնասկավառակ․ նշվում է Հարություն Դելլալյանի 85-ամյակը. «Երաժշտական եռանկյունի»

Մեր մշակութային կյանքում կան նշանային իրադարձություններ, որոնք թելադրված են ժամանակի հրամայականով և նաև շատ հաճախ խթանվում են երաժշտության և մշակույթի նվիրյալների կողմից: Նարինե Դելլալյանի հետ մեր պարբերաբար հանդիպումները «Երաժշտական եռանկյունու» տաղավարում պայմանավորված են նրա և նրա ընտանիքի հետևողական աշխատանքով, որն ուղղված է վերջինիս հոր՝ Հարություն Դելլալյանի և Հայրիկ Մուրադյանի հիշատակն ու գործը վառ պահելու նպատակին: Հարություն Դելլալյանի 85-ամյակին նվիրված երիտասարդ կոմպոզիտորների մրցույթը, ինչպես նաև նրա «Մահ» սիմֆոնիկ ստեղծագործության կատարումը, առիթ հանդիսացան նորից անդրադառնալու հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության մեջ իր ուրույն տեղն ունեցող կոմպոզիտորի ստեղծագործությանը:

«Հոկտեմբերի 24-ին Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում ամփոփվեց ճանաչված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթը: Այն ամենամյա է, կայանում է արդեն երկրորդ անգամ: Համերգի ընթացքում հնչեցին պարգեւատրված 4 ստեղծագործությունները եւ հանձնվեցին մրցանակներ: Մրցույթի համակարգողներն էին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը,  կոմպոզիտորի ընտանիքը:  Այս տարվա մրցույթի  ժյուրիի անդամներն էին Միխայիլ Կոկժաեւը, Լեւոն Էսկենյանը, Դավիթ Պողոսյանը եւ Աշոտ Ղազարյանը: Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին՝ 1-ին մրցանակ ՝ Գոռ Իսպիրյան, 2-րդ Միքայել Վարդանյան, 2-րդ մրցանակ Ռալֆ Քեօշքարեան, 3-րդ մրցանակ՝ Արեգ Գալոյան»,-ասում է Նարինե Դելլալյանը:

Հարություն Դելլալյանը ծնվել է 1937 թվականին, Աթենքում։ 1947 թվականին՝ 10 տարեկան հասակում, ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժիններում։ Որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է «Stabat Mater» տրիոն և «Կոմիտասական» երգաշարը։ 1977 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ Եղել է Էդուարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Բաղդասարյանի աշակերտը։ 1979 թ. եղել է ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ։ 1975 թվականին գրել է «Փեփուշ» օպերան Վարդգես Բաբայանի (1925-2005) համանուն պոեմի հիման վրա։ Դասավանդել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում։ 1988 թվականին համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում։

Հարուստ է նաև Նարինե Դելլալյանի ստեղծագործական ուղին: 1990 թ. աշխատանքային հրավերով մեկնել է Պորտուգալիա։ 1993 թ.-ից Սան Կառլոս Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: Որպես մենակատար և կամերային փոքր խմբերի անդամ ելույթներ է ունեցել Պորտուգալիայում, Իսպանիայում, Հայաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում: Նարինե Դելլալյանը «Ատլանտիկա Կամերատայի» և «Դելլալյան եռյակի» հիմնադիր ջութակահարն է։ Իր եւ «Դելլալյան եռյակի» համերգային ծրագրերում մշտապես ընդգրկում է հայ կոմպոզիտորների տարբեր ստեղծագործություներ՝ հաճախ լինելով Պորտուգալիայում դրանց առաջին կատարողը: 2017 թ. արտասահմանում հայկական մշակույթը տարածելու և հնչեցնելու համար «Դելլալյան եռյակը» պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով։

Ջութակահարուհին պարբերաբար ելույթներ է ունենում Գյուլբենկյան հաստատությունում, Պորտուգալիայի տարբեր երաժշտական փառատոներում: Մշտապես համակարգում և կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ, ուղղորդելով հատկապես հոր՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի և երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի մշակութային ժառանգությունները։ Հրատարակել է Հարություն Դելլալյանի մասին «Նվիրումի հնչյուններ» գիրքը, որն ընդգրկում է մի շարք հոդվածներ, երաժշտագիտական քննադատական ուսումնասիրություններ, նամականի, երաժիշտների կարծիքներ և հիշողություններ, լուսանկարներ, փաստագրական այլ նյութեր, ինչպես նաև ձայնասկավառակ՝ կազմված կոմպոզիտորի սիմֆոնիկ և կամերային ժանրերի ստեղծագործություններից:

Տարին նշանավորվում է նաև Հարություն Դելլալյանի կամերային ստեղծագործությունների սպասվող նոր ձայնասկավառակի հրապարակմամբ:

Back to top button