Յուրաքանչյուր տարիք և ամեն օր ներկա պահ է, և պետք է կարողանանք դա վայելել ու գիտակցել ամեն բացվող օրվա պարգևը: Այս պատգամը փոխանցում է հոգեբան, մարդկային ռեսուրսների մասնագետ Լիլիթ Պապիկյանը՝ մեջբերելով հայտնի հոգեվերլուծող Կառլ Յունգին, թե մինչև 40 տարեկանը մարդը փորձառություն է հավաքում, իսկ դրանից հետո սկսում է վայելքի շրջանը:
Կարևոր է ծերությունը չդիտարկել որպես մահվան սկիզբ՝ դրանով իսկ բախվելով տարատեսակ ճգնաժամերի, այլ փոխել մոտեցումը և դաստիարակել ներսում, թե ինչպես կարելի է պատրաստվել հասունացման ու ծերացման փուլերին:
«Երբեմն մեր 60 տարեկան տարիքը գնում է համեմատվելու դեռահասության շրջանի հետ, երբ մենք նորից կանգնում ենք հայելու առաջ և սկսում ենք տալ նույն պարզ հարցերը՝ ով ենք մենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում»,-ասում է մասնագետը՝ վստահեցնելով, որ պարբերաբար այս հարցերի պատասխանները տալով կարող ենք որոշակիորեն պատրաստվել հասուն տարիքին:
Նրա խոսքերով, 40-ից հետո մարմնի ֆիզիկական փոփոխություններին զուգահեռ մարդու ներսում կատարվում են նաև հոգեէմոցիոնալ փոփոխություններ, որոնց պետք է պատրաստ լինել: Առաջինը տուժում է մասնագիտական ոլորտը հատկապես մեր երկրում, որ դեռ սուր արտահայտված կարելի է բախվել էյջիզմին՝ տարիքային խտրականությանը:
«Կան տարատեսակ վախեր և անհանգստություններ, որ դու որոշակի տարիքից հետո կդժվարանաս աշխատանք գտնել, անկախ այն փաստից, որ դեռ լի ես էներգիայով, ուժ ունես ու կարող ես ներդրում ունենալ որևէ ոլորտում՝ հաշվի առնելով այն գիտելիքներն ու փորձառությունն, որ դու կուտակել ես տարիների ընթացքում»,— պարզաբանում է Լ.Պապիկյանը:
Մասնագետի խոսքերով, առողջ ու ակտիվ ծերություն ունենալու համար ամեն մարդ պետք է կարիերայի առումով առաջնորդվի ցկյանս ուսումնառության, շարունակական կրթության ճանապարհով, ընտանիքում ստեղծի և ունենա էմոցիոնալ աջակցության հենման կետեր, և, իհարկե, նյութական որոշակի ապահովության հասնի: Այս ամենից զատ ոչ պակաս կարևորություն ունեն նոր սոցիալական կապերը, ընկերներն ու ամեն օրը հետաքրքիր ու բովանդակալից դարձնող համախոհները:
«55-65 տարեկանում մեզ հարմարավետ միջավայրում հաղորդակցության միջոցով պետք է կարողանանք ինքնաիրացվել՝ գնալով դեպի ստեղծագործական ոլորտ, փորձելով դրսևորվել այն ոլորտում, որ միշտ ձգտել ենք ու ինչ-որ պատճառով չենք հասցրել»,- բացատրում է ՄՌԿ մասնագետը:
Վերջին տարիններին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, կյանքը վայելելու անհրաժեշտությունը երբեմն անհնար են դարձնում, անգամ ապրելու ցանկություն չի լինում, հետևաբար, ըստ զրուցակցիս, վայելքին ու հաճույքին գալիս են փոխարինելու սերը, հոգատարությունը միմյանց ու սեփական անձի նկատմամբ, ինչպես նաև միասնականությունը: Դադար տալու և ներհայելու պարագայում մենք կհասկանանք, որ հանուն երեխաների ապագայի հարկավոր է շարունակել ապրել, միասնական լինել ու չպառակտվել:
Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ու հատկապես տարեցներին՝ Լ.Պապիկյանն ընդգծում է, որ կատարված արհավիրքից հետո նրանցից շատերը, ունենալով մեծ կորուստներ, փյունիկի պես վեր են հառնում՝ ուժ տալով իրենց զավակներին ու ժառանգներին, օրինակ ծառայելով, որ կյանքիը շարունակվում է, պետք է ապրել:




