Պետական բարձր մակարդակով ադրբեջանական կեղծ քարոզչություն է գնում զավթված հայկական տարածքներում եղած հայկական պատմամշակութային ժառանգությունն աղվանական, ուդիական, ռուսական, ադրբեջանական ներկայացնելու։
Ադրբեջանը ամեն միջոց կիրառում է ջնջելու հայկական հետքը պատմական Արցախից։ Զեղծարարության դեմ պայքարի միջոցներից է ճշմարտությունն այլալեզու ընթեցողին գրքերով, հոդվածներով, ալբոմներով և այլ տեղեկատվական աղբյուրներով ներկայացնելը։
Այսօր իմ հյուրն է Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը։ Նա կներկայացնի իր հեղինակած «Հայոց Քաշաթաղ» ալբոմ-գիրքը, որը փաստերով ու լուսանկարներով վեր է հանում Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների հայկական հետքը։
1993 թ․ դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ որպես 7-րդ վարչական շրջան ընդգրկվեց նաև ազատագրված հայկական Քաշաթաղը։ Շրջկենտրոնը դարձավ խորհրդային տարիներին Լաչին կոչված քաղաքը, որն ազատագրվել էր 1992 թ․ մայիսի 18-ին և վերանվանվել Բերձոր։
1996 թվականից Զոհրաբ Ըռքոյանը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանում։ Այդ ժամանակվանից սկսած նախնյաց պատմական հայրենիքը մոտիկից ճանաչելու և ուսումնասիրելու անմիջական հնարավորություն ունեցավ, որի շնորհիվ կարողացավ հավաքել լուսանկարների մեծ արխիվ։
Ստվարածավալ, գունազարդ ալբոմ-գիրքը լավագույն նվերն է նախևառաջ հենց մեզ՝ հայերիս, որովհետև այդտեղ մեկտեղված ներկայացված են բազմաթիվ պատմական կոթողներ, որոնք թեկուզ կիսականգուն, կիսավեր վիճակում, բայց շնորհիվ ալբոմի, կպահպանվեն գոնե լուսանկարների միջոցով։ Քանի որ արդեն ադրբեջանական վանդալիզմի զոհ են դարձել բազմաթիվ հայկական հուշարձաններ Արցախի տարածքում, որոշների հետքն անգամ չկա։
Այժմ հերթով անդրադառնանք հուշարձաններին, որոնց գոյության փաստերն անհրաժեշտ է պահպանել նաև ռադիոհաղորդումների միջոցով /մանրամասն՝ ձայնագրությունում/։
13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ Տաթևի եպիսկոպոսական հարկացուցակում Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառում հիշատակված է 43 բնակավայր։
Խորհրդային տարիներին նույնպես շարունակվել է ադրբեջանական վանդալիզմը, իհարկե, ավելի քողարկված ձևերով։ Այդ հատուկ քաղաքականության հետևանքն են նաև նրանց ձեռքով ավերված եկեղեցիները։
Քաշաթաղում կան նաև ժայռափոր հին եկեղեցիներ, որոնք փորվել են դժվարամատչելի ժայռերի պռունկներին։ Հուշարձաններով հարուստ է նաև Շալվա գետի ավազանը։ Հատկապես պատմական կարևորություն ունեն Արախիշ գետի ավազանում պահպանված վանական համալիրները։
Հոչանց գետի ավազանում նույնպես բազմաթիվ հայկական հինավուրց հուշարձաններ կան՝ եկեղեցիներ, այդ թվում՝ ժառափոր, քարանձավային բնակատեղիներ՝ մի քանի հարկանի, գետնափոր անցուղիներով, կամուրջներ, ամրոցներ, վանական անապատներ, նախաքրիստոնեական բնակավայրերի, դամբարանների հետքեր, տապանաքարեր, խաչքարեր և այլն։
Հայոց Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին թեմայի շարունակությունը կարող եք գտնել այս հարթակում։