
Արդեն 3-րդ տարին անցկացվող «Կորիզ» համադպրոցական մրցույթն այս տարի սահմանել է հատուկ անվանակարգ՝ «Տարվա կրթական մարզ»։ Անվանակարգում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթին արժանանում այն մարզը, որի մասնակից աշակերտը լավագույնն է դառնում տարիքային բոլոր խմբերում՝ ակադեմիական գիտելիքի վրա հիմնված ինտելեկտուալ մրցույթում հավաքելով առավելագույն միավորներ։ 2023-ի մրցույթում լավագույն արդյունքը գրանցել է Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանը: Նա հաղթանակ է բերել ոչ միայն իրեն ու հարազատ դպրոցին, այլև «Կորիզ» 2023-ի «Տարվա կրթական մարզ» գավաթը տարել Լոռու մարզ։
Տարվա կրթական մարզը՝ Լոռի, 6-րդցիների 1-ին մրցանակակիրը՝ լոռեցի: «Կորիզ 2023» առցանց կրթական ամենամյա մրցույթի 6-րդ դասարանի լավագույն եռյակի 1-ին 2 հորիզոնականներում միանգամից 2 աշակերտ նույն՝ Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցից են՝ Վալերիկ Պետրոսյանն ու Լիլիա Գիգոլյանը: Պատանի դհոլահարները նրանց են պատվում։

11-ամյա Վալերիկը դեռ չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում: Կարևորը՝ ասում է, կապ ունենա մաթեմատիկայի հետ: Առայժմ հաշվապահ է ուզում դառնալ: Երբ իմացա «Կորիզի» մասին, ասում է, որոշեցի անպայման մասնակցել ու ստուգել գիտելիքներս: 12 րոպե 37 վայրկյան և 18 000 աշակերտներից միայն Վալերիկ Պետրոսյանին հաջողվեց ապահովել ոչ միայն Կորիզ մրցանակը հարազատ մարզի ու դպրոցի համար, այլև ընտանիքի եռօրյա հանգիստը Ծաղկաձորում: Հուզմունքից մտքերը խառնվել են. «1-ին փուլն ավելի հեշտ էր, քան 2-րդը: Մաթեմատիկայից էին ավելի շատ հարցերը, բայց մյուս առարկաներից էլ կային: Շահելեմնոութբուք, քանի որ կորիզցիների մեջ ամենաշատ հարցերին ես էի պատասխանել ամենաշուտը՝ 12 րոպե 37 վայրկյանում: Առանց կրթության ապագա չի կառուցվի և ես բոլորին էլ խորհուրդ եմ տալիս, որ սովորեն»:
«Կորիզը» Լոռիում լավ կորիզներ է տվել՝ ասում է կրթական նախաձեռնության հեղինակ Սուրեն Ալոյանը: 2020-ին 1800 աշակերտով սկսեցինք, 2-րդ տարում 10 000, այս տարի 18 000-ի շեմը հատեցինք՝ 118 դպրոցներով: ««Կորիզ 2024-ն» արդեն բաց է, կարող եք հայտագրվել»,- շտապում է աշակերտներին հորդորել ու հիշեցնում «Կորիզի» նպատակը՝ բացահայտել դպրոցահասակ տաղանդներին, քաջալերել կրթվելու նրանց ձգտումը՝ գիտակցումով, որ կրթությունը կորիզն է երկրի և մեծարելով ուսուցիչներին, որոնք ուսման դժվարին ճանապարհին նրանց մոտիվացնողներն ու առաջնորդողներն են. «Կորիզը պարզապես մրցանակ չէ, այն կրթական համայնք է, պատասխանատվություն: Պիտի լավ սովորեք, վարակեք բոլորին կրթության կարևորությամբ, որովհետև վաղվա ապագան միայն կրթված քաղաքացին է: Ես միշտ ուզում եմ, որ դուք ձեզնից լավը լինեք, ամեն օր աշխատեք, որովհետև կրթության ամբողջ գաղտնիքը հենց դրանում է, կրթությունը օգնում է մեզ ավելի լավը դառնալ»:
Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանի խոսքով՝ «Կորիզն» իսկական բում է առաջացրել դպրոցում, այս հաղթանակները՝ հատկապես: Բոլորն ուզում են մասնակցել ու հաղթել, որովհետև սկսել են գիտակցել կրթության հարգը. «Մեծ թվով երեխաներ են մասնակցել մեր դպրոցից՝ հիմնականում 6-րդ դասարանից: Այնպես ստացվեց, որ նույն դասարանից 2 աշակերտ գրավեցին 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը, 4 աշակերտ 1-ին տասնյակում էին: Երեխաները շատ ոգևորված են, գնալով ավելի է աճում, ուզում են մասնակցել»:
Վալերիկ Պետրոսյանի հաղթանակը 500 000 դրամ մրցանակ է բերել նաև 6-րդ դասարանի դասղեկ Հասմիկ Ավետյանին: Գումարի մի մասով հիշարժան էքսկուրսիա են կազմակերպել Հայաստանի պատմական վայրերով, մյուս մասն էլ կծառայեցնեն դպրոցի կարիքներին՝ կամ բարձրախոս կգնեն, կամ պահարաններ՝ ուսուցչանոցի համար: Հասմիկ Ավետյանը չի կիսում կարծիքը, թե այսօրվա դպրոցը աշակերտին քիչ բան է տալիս: Սովորող աշակերտը սովորում է անկախ ամեն ինչից՝ ասում է.«Մեր մասնակցած բոլոր աշակերտները շատ ձգտող, պրպտող, կրթությունը սիրող երեխաներ են»:
Koreez 2023 «Տարվա կրթական մարզ» անվանակարգում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթին արժանանում այն մարզը, որի աշակերտը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում: Վալերիկ Պետրոսյանի շնորհիվ «Կորիզի» այդ անվանակարգին է արժանացել Լոռու մարզը: Խորհրդանշական արձանիկը վերցնելով՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանը մաղթում է նորանոր կորիզաշատ մրցանակներ: Ու մինչ Սուրեն Ալոյանը շտապում է տեղեկացնել, որ արդեն հասանելի է Koreez կրթական հավելվածն ու հորդորում ներբեռնել, աշակերտներն, իրար հերթ չտալով, տեղեկացնում են, որ այն արդեն իրենց բջջայիններում է։










