
«Սա պարզապես կատակերգություն չէ, սա տարօրինակ կատակերգություն է։ Դրամատուրգ Պաուլո Կոպելիոնիի «Բարի լույս հրեշտակներս․ տարօրինակ կատակերգություն» ներկայացման առաջնախաղը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կայանալու է նոյեբերի 17–ին։ Այս ներկայացումն առանձնահատուկ է։ Առանձնահատուկ է նրանով, որ դրանում ընդգրկված են միայն թատրոնի ավագ սերնդի դերասանները։
Բեմական մեծ վաստակ ունեցող հինգ արտիստներ՝ Արմեն և Արև Սանթրոսյանները, Արա Մաթևոսայանը, Անահիտ Ղուկասյանը և Մարիետա Նազարյանը պատրաստվում են առաջնախաղի։ ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի ավագ սերնդի դերասաններին հավաքել ու ներկայացում է բեմադրել։ Դերասանների խոսքով՝ ինչպես հին ու բարի ժամանակների պես, երբ իրենք երիտասարդ էին ու թատրոնի աստիճանները վազելով էին բարձրանում։ Ամենատարեցը Անահիտ Ղուկասյան է` 77 տարեկան, իսկ ամենաերիտասարդը՝ Արև Սանթրոսյանը՝ 71 տարեկան է։
Բայց բեմի իսկական վարպետներին ամեևին չի մտահոգում տարիքը։

«Ես թաքցնելու որևէ բան չունեմ, հոգով 16 տարեկան եմ, անձնագրով 77։ Երբ բազմոցին նստած եմ, այնպես առույգ եմ ինձ զգում վստահ եմ, որ ամեն ինչ կարող եմ անել, բայց հետո երբ վեր եմ կենում․․․, հայելու մեջ կնճիռներիս չեմ նայում։ Այդպես ավելի ճիշտ է»։
«Մեր համար տոն էր, որ ամեն օր պետք է գամ փորձի, դրական էմոցիաները դրական ազդեցություն ունեցան նաև մեր առողջության վրա։ Ես մինչև այդ հիվանդ էի, փորձերին գնալ– գալով առողջացա։ Ու էնքան ջահելացած զգացինք մենք» ։

Դրամատուրգ Պաուլո Կոպելիոնիի «Բարի լույս հրեշտակներս․ տարօրինակ կատակերգություն» ներկայացման առաջնախաղը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում նոյեբերի 17–ին է։ Ներկայացման ժանրն իրենք են ընտրել, քանի որ տարօրինակ գործողություններ են կատարվում,- ասում է բեմադրիչ Հրաչյա Գասպարյանը։ Պիեսը ալֆոնսի, խորամանկի, երբեմն էլ խարդախի մասին է։ Բայց այն մի փոքր վերափոխվել է ու դարձել ներկայացում սիրո մասին։
«Այս դարում աֆերիստները շատ են ու ներխուժում են ուրիշի կյանք։ Բայց ես արել եմ սիրո մասին, որտեղ կա և՛ խանդ, և՛ սեր, և հիասթափություն, և՛ իհարկե այն ռոմանտիզմը, որն ապրում է կնոջ մեջ։ Դա այն հեքիաթն է, որ մենք այսօր մոռացել ենք»։

Արև Սանթրոսյանը մարմնավորում է քույրերից մեկին։ Դերասանուհին ասում է՝ ժամանակին երազում էր հոր՝ Պարույր Սանթրոսյանի հետ բեմ բարձրանալ, բայց չստացվեց։ Հիմա եղբոր՝ ՀՀ վասատակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանի հետ է բեմում։
«Քույրերից մեկն եմ, որն իր բնավորությամբ երեխայի նման է։ Շատ սերիալների սիրահար է և կյանքի բոլոր երևույթները համեմատում է սերիալների հետ։ Մի քիչ ինչ որ տեղ էլ՝ տհաս»։
«Ես ուզում եմ իմ կերպարով կանանց զգուշացնել, որ ինձ նման իմ հերոսուհու նման տղամարդկանց լարած ցանցը, ծուղակը հանկարծ չընկնեն»։

Այս ներկայացման հիմքում սերն է, առանց որի ոչինչ գլուխ չի գալիս։ Հրաչյա Գասպարյանը հավատացած է՝ այդ օրը հանդիսատեսը այդ սերն զգալու է ու իր հետ տանելու է։
«Մենք փորձել եք, չեմ վախենում ասել՝ թատրոնի աստղերի հետ անել մի ներկայացում, որը ուսանելի կլինի»։




