
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ապրիլի 7-ին Պրահայի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում բեմադրվել է չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը: Ներկայացնելով ներկայացումն ու հանդիսատեսի արձագանքը`պիեսի բեմադրիչ, գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը նշել է, որ պիեսը ներառում է մարդասիրական և հայրենասիրական մեծ գաղափարներ և որ ներկայացումն արժանացել է բուռն ընդունելության: Նա նաև նշել է, որ ֆինանսավորման պարագայում կընդունեն ներկայացումը այլ երկրներում ևս ցուցադրելու հրավերները:
ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը պատկերացում անգամ չուներ, որ չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» պիեսի հիման վրա բեմադրված իր ներկայացումն այդպիսի ջերմ ընդունելության կարժանանար նաև չեխ հանդիսատեսի կողմից: Պրահայում բեմադրված դրաման ներկայացվել է հայկական շնչով և չեխական կոլորիտով: Ներկայացումից հետո հանդիսատեսը երկար ժամանակ չէր լքում դահլիճը, չէին դադարում նաև ծափահարությունները, անդրադառնալով հանդիսատեսի ընդունելությանը, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:
Այսպիսով` ինչպես նշեց բեմադրիչն ու գլխավոր դերակատարը, պիեսը ներառում է մարդասիրական և հայրենասիրական մեծ գաղափարներ: Պիեսի հիմքում ընկած է մի մոր, մի կնոջ պատմություն, ում ամուսինը և չորս զավակները հանուն մեծ և վսեմ գաղափարների զոհում են իրենց կյանքը: Վերջում մնում է միայն մեկ որդի` տասնյոթամյա Տոնին, որը որոշում է գնալ կռվելու, քանի որ հայրենիքը վտանգի մեջ է: Մայրը ամեն գնով փորձում է ետ պահել իր միակ որդուն: Մայրական անսահման սիրո զգացումը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ: Հանգուցյալ ամուսինն ու զավակներն անցնում են մոր հիշողության միջով:
Նրանք հայտնվում են բեմում ասես ողջեր` խորհրդանշելով իրենց գործի անմահությունը: Եվ մայրը հասկանում է, որ չուղարկել վերջին որդուն` պաշտպանելու զոհվածների գործը, կնշանակի դավաճանել նրանց հիշատակը, կնշանակի` նրանք իզուր են ապրել և զոհվել: Եվ հենց այդ նույն մայրը, ով ատում և անիծում էր պատերազմը, հենց ինքն էլ զենքը տալիս է որդուն և ուղարկում պաշտպանելու Հայրենիքը: Նշենք, որ Պրահայում Հայաստանի դեսպանության ջանքերով կազմակերպված ձեռնարկին ֆինանսապես առակցել են նաև Հայաստանի մշակույթի նախարարությունն ու չեխահայ մի շարք բարերարներ: Շնորհավորելով ստգեղծագործական թիմին` Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը նշեց, որ դիտել է ներկայացումը, որը մեծ տպավորություն է թողել նաև իր վրա:
«Մայրը» ներկայացումը մի գործ է, որտեղ խոսվում է պատերազմի և պատերազմի հետևանքների մասին: Եվ սա այն թեման է, որը չունի ազգություն և երբեք չի ծերանա, նկատեց Ներկայացման գլխավոր դերակատար Արմեն Կարապետյանը:




