Երաժշտական եռանկյունի

Հայերի հետքը համաշխարհային ժամանակակից երաժշտության մեջ «Երաժշտական եռանկյունի»

Մշակութային լրագրող, հրապարակախոս, գրող և հետազոտող Աշոտ Գրիգորյանը 2002-ին նա ստեղծել և տասը տարուց ավելի վարել է «Ռոքը Հայաստանում և հայերը ռոքում» կայքը։ Զբաղվել է համաշխարհային ռոքում հայկական հետքերի ուսումնասիրությամբ։ Նրա լրագրողական հետազոտության կենտրոնում այս անգամ մասնավորապես ռոք, ջազ և «ուորլդ մյուզիք» ուղղություններն են։

Ռոքնռոլը սկիզբ առավ 1950-ականներին՝ ԱՄՆ-ում, ու դրա նախնական տարատեսակներից մեկը ռոքաբիլին էր՝ ռոքնռոլի և քանթրիի միաձուլումը։ Ահա այդ ոլորտում էլ հաջողությամբ հանդես է եկել հայազգի Էդդի Զաքը (Էդուարդ Զաքարյան)։ Նա նվագել է նաև իր երկու քույրերի և եղբոր՝ Ռիչիի հետ։ Երկու եղբայրների կատարմամբ I’m Gonna Roll And Rock երգը մեծ ժողովրդականություն է վայելել, և ազդեցություն է ունեցել ժանրի զարգացման վրա։ Այն որպես սինգլ թողարկել է Columbia Records-ը, Զաքարյանները եղել են NBC ռադիոալիքի աստղերը։

Զաքը ծնվել է 1922 թ․՝ Փրովիդենսում, ապրել է 80 տարի։ Տիպիկ հայկական դիմագծերով այս մարդը հատկապես մեծ հետք է թողել քանթրի երաժշտության մեջ, ելույթ է ունեցել մեծ սպորտային դահլիճներում։ 1950-ականների սկզբից նրա անվանը հաճախ հանդիպում ենք «Բիլբորդի» էջերում՝ նրա երգերը շատ էին վաճառվում ոչ միայն ձայնապնակներով, այլև հաճախ հնչում էին երաժշտական ավտոմատներից։ Նրա անունն իր պատվավոր տեղն է գտել Ռոքաբիլիի փառքի սրահում։ Ռոդ Այլենդում գոյություն է ունեցել նրա ֆան ակումբը։

1966-ին The Beatles-ի ամերիկյան վերջին հյուրախաղերի ժամանակ նրանց բոլոր 19 համերգները իր ելույթներով բացում էր ամերիկահայ Բարրի Թաշյանի The Remains ռոք-խումբը (Բոստոն)։ The Remains-ը կոչում են Ամերիկայի «չլսված» խմբերից լավագույնը, սակայն հայրենի Բոստոնում նրանք ամենաճանաչվածն էին, պայմանագիր էին ստորագրել Էպիք ընկերության հետ։ Գարաժային ռոքի վառ ներկայացուցիչ The Remains-ը միջազգային համբավ ստացավ միայն 1966-ին լուծարվելուց հետո: Հետագայում նրանք մի քանի անգամ վերամիավորվեցին: Բարրին իր կնոջ՝ գերմանուհի Հոլիի հետ ստեղծեց քանթրի եւ ֆոլկ ժանրերում հանդես եկող դուետ, որը բազմաթիվ մրցանակների արժանացավ:

Թաշյաննի նախնիները Այնթապից են Ամերիկա գաղթել, նկատի ունենալով նրանց կյանքի պատմությունը՝ Թաշյանը հետագայում երգ է գրել գաղթականների մասին։ 1960-ականներին, երբ նոր էր սկիզբ առնում «World music» շարժումը, ուդահար Ջոն Բերբերյանը փորձում էր միախառնել մերձավորարևելյան ֆոլկը, փսիխոդելիկ ռոքը և ջազը։

Բերբերյանը հիմա 80-ն անց է և շարունակում է նվագել։ Նա ծնվել է Նյու Յորքում, նրա հայրը ևս ուդահար էր ու ուդ պատրաստող։ Ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը։ 1964-ից սկսած նա ձայնագրեց մի քանի ձայնապնակներ, որոնք թողարկեցին խոշոր ընկերություններ։ Նրան կես-կատակ անվանում էին «հաջորդ Ռավի Շանկար»։ Նրա հետ նվագում էր հայտնի կիթառահար Ջո Բեկը։ Հատկապես հայտնի է 1969 թվականի նրա ալբոմը, որի միջոցով ռոքի շատ սիրահարներ իմացան Հայաստանի մասին։ Նախկինում իրար անծանոթ երաժիշտները այդ ալբոմը մեկ օրում էին ձայնագրել։ Կուրտ Յաղճյանը ամերիկահայ դերասան է և երգիչ, որը հայտնի է որպես 1973 թվականի «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ֆիլմում Անանիայի դերակատար։ Հայրը դիրիժոր Հայկ Յաղճյանն է, մայրը գերմանական ծագման օպերային սոպրանո էր։ Կուրտը մանկուց երգում էր։ 15 տարեկանում ձայնը փոխվելուց հետո պարզվեց, որ նա ունի տղամարդու համար հազվագյուտ ձայն՝ կոնտրտենոր։ Յաղճյանը որպես բեք-վոկալիստ մասնակցել է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի, Talking Heads-ի ալբոմների ձայնագրությանը։ Կուրտ Յաղճյանն իր երաժշտական դերերից մեկը խաղացել է «Մազեր» կինոնկարում (1979): Ներկայումս doo-wop ոճում է երգում։ THE NEWS-ը լիբանանահայ փսիխոդելիկ խումբ է, որը ձևավորվել է 1960-ականներին: Չորս երիտասարդ երաժիշտների ստեղծած խումբը հայտնի է եղել ողջ Մերձավոր Արևելքում: 1971 թ․ նրանք Լոնդոնում համերգ են ունեցել UFO խմբի հետ միասին: Խմբի կիթառահարը և վոկալիստներից մեկը Ջոն Թասլաքյանն էր։ 1975-ին Parlaphone-ը թողարկեց նրանց «Հին գինի, նոր շշեր» ալբոմը։

Ցավոք սկսվեց լիբանանյան քաղաքացիական պատերազմը և խումբը 1979-ին ցրվեց։ Արգենտինական Hashish խմբի մասին նախորդ հանդիպմանը արդեն պատմել եմ, այնտեղ երեք հայազգի երաժիշտներ են նվագում։ Ոճը խիստ բազմազան է, ամեն ալբոմում (ունեն 2 ալբոմ ու մի քանի սինգլ) նոր հնչողություն է, առավել մոտ են էլեկտրոնային երաժշտությանը։ Տարբեր լեզուներով են երգում, նաև՝ հայերեն․․․ Ձայնագրվում են 2006 թվականից, խմբի կիթառահարն ու վոկալիստը Խուան Աբաջյանն է։

1994-ին ռուսական ДДТ խումբ եկավ կիթառահար Արթուր Հովսեփյանը։ Խմբի ղեկավար Շևչուկը պատմում է, որ նա ներկայացել է չսափրված, կոտրված ռուսերենով, բայց հենց կիթառ է նվագել, որոշել են խումբ վերցնել։ Հովսեփյանն ընդամենը 19 տարեկան էր, նրա կիթառն է հնչում «Это все» և «Рожденный в СССР» ալբոմներում։ Հովսեփյանը Պետերբուրգ էր եկել երկրաշարժից հետո, Շևչուկի բառերով՝ նրանք լավ ընկերացել էին ու Արթուրը շատ է իրեն պատմել Հայաստանի մասին։ Նա խմբի հետ հյուրախաղեր է ունեցել տարբեր քաղաքներում, իսկ որոշ ժամանակ անց որոշել հեռանալ խմբից։ Հետագայում տեղափոխվել է Խաբարովսկ։ Մոսկվաբնակ մեր հայրենակից Արմեն Գրիգորյանի «Կրեմատորի» ռոք խումբը այս տարի նշում է ստեղծման 40-ամյակը։ Դրա շրջանակներում խումբը հանդես է եկել մի շարք նշանակալի նախաձեռնություններով։

Հունիսին լույս ընծայվեց խմբի «The Big One» բազմալեզու ալբոմը․ սա ռուսական ռոքի պատմության մեջ թերևս առաջին դեպքն է, երբ որևէ խումբ թողարկում է տարբեր լեզուներով թարգմանված իր լավագույն երգերի ալբոմը։

Անգլերեն երգերը կատարում է հոլիվուդյան դերասան և երգիչ Սթիվ Բենինգթոնը։ Նրա ձայնն է հնչում նաև հայկական թեմայով ու հնչողությամբ ստեղծված «Արարատի ձյուները» երգում։ Սակայն մենք կլսենք երկու տարի առաջ թողարկված բնօրինակը՝ Գրիգորյանի կատարմամբ։

Grüvoria-ն կիթառահար Բլեր Փըրդիի մտահղացումն է, ով ոգեշնչվել է ջազ-ֆանկով, Մայլզ Դևիսի, Ֆրենկ Զապայի, Ջոն ՄքԼաֆլինի ստեղծագործությամբ։ Խումբը ամենաակտիվներից ու ամենահեղինակավորներից է Տորոնտոյում: Ստեղծվել է 1997-ին ու համատեղում է տարբեր ծագման երաժիշտների։ Ալտ սաքսոֆոն նվագում է իմ անվանակից Աշոտ Գրիգորյանը, որը Կանադա է տեղափոխվել Ուկրաինայից։ Նրանք մի քանի ալբոմ են ձայնագրել, հնչել կանադական CBC ռադիոյի եթերում, մասնակցել Տորոնտայի ջազ փառատոներին։ Մինչ օրս թողարկել են երեք ալբոմ ու մի քանի մինի-ալբոմներ։ Արտասահմանյան ռոքում քիչ հայուհիներ գիտենք՝ Շեր, Գայա Հարությունյան («Դետի Պիկասո»), Արուսյակ Միրզոյան («Պլացենտա») և Լու Գևորգյան («Լունա»)։

Բայց այսօր կներկայացնենք ամերիկահայ Էնջել Դիրադուրյանին։ Նա հիշեցնում է Բյորքին, անկախ ռոքի ներկայացուցիչ է։ Երգերի հեղինակ է, երգչուհի ու բազմագործիքավորող, նվագում է բաս-կիթառ, կիթառ, ֆլեյտա, ստեղնայիններ։ Դուդուկի հետ ուշագրավ փորձարարական կոմպոզիցիա ունի։ Ծնունդով Կալիֆոռնիայից է, ներկայումս Նյու Յորքում է ապրում, հանդես է գալիս որպես մենակատար, համագործակցել է U2-ի հետ:

ANAIT խումբը ստեղծվել է մի քանի տարի առաջ՝ Լատվիայում, նրա երգչուհին և երգերի համահեղինակն է Անահիտ Իսախանովան։ Չնայած որ շատ երիտասարդ են, բարձր վարպետությամբ են նվագում։ Երգերը ռուսերեն լեզվով են։ Անահիտը վեց տարեկանից դաշնամուր է նվագել։ «Միսս Հայաստան 2017» մրցույթում ճանաչվել է առաջին վիցե-միսս, աշխատել է իբրև հեռուստալրագրող։

Որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել է բարեգործական համերգների և փառատոների։ Նրանց տեսահոլովակներից մեկում Արցախյան 44-օրյա պատերազմից դրվագներ են, իսկ խմբի երգերից մեկը կոչվում է «Ցավդ տանեմ»։

Բավական յուրահատակ ոճով են նվագում, որ հիշեցնում է 1980-90-ականների նոր ալիքը, պոստ-պանկը և էլեկտրոնային ռոքը, ինչպես The Cure-ը, Depeche Mode-ը, նույնիսկ Кино-ն․

Back to top button