ԿարևորՀասարակություն

Երազանքը նույնն է՝ մի օր վերադառնալ հայրենի Արցախ

Սյունիքի մարզի արդեն սահմանամերձ դարձած Հարթաշեն գյուղում վերջին անգամ կրակոցներ լսել են Արցախի վրա հարձակման օրերին։ 4 կմ ճանապարհն է  Հարթաշեն գյուղը բաժանում ադրբեջանական դիրքերրից։ Սահմանից սահման՝ այսպես են բնորոշում իրենց նոր բնակավայրը Հարթաշենում հաստատված  արցախցիները։ Նրանց երազանքը նույնն է՝ մի օր վերադառնալ հայրենի Արցախ։


Սյունիքի Հարթաշեն գյուղում ենք։ Գյուղացիները լրագրողների տեսնելով անմիջապես հասկանում են, որ տեղահանված արցախցի ընտանիքիներ ենք փնտրում։ Հարթաշենը մեծ գյուղ է, բայց բոլորը մեկը մյուսին ճանաչում են ու լավ գիտեն, թե որ տներում են հաստատվել տեղահանված արցախցիները։

Արցախի Մարտունու Հին Շենից՝ Գորիսի Հարթաշեն գյուղ։ Սահմանից սահման՝ ասում է Արարատ Գրիգորյանը։ Նոր Շենը 2020 թ–ի պատերազմից հետո առաջնագիծ էր դարձել։ Գորիսի Հարթաշեն գյուղն էլ այսօր  ադրբեջանական դիրքերից ընդամենը 4 կմ է հեռու։ Արարատը ժամանակավոր տան բակից ցույց է տալիս ադրբեջանական դիրքերն ու ասում․

 «Նույն պատկերն է, որ նայում եմ՝ սահմանը էլի մոտիկ, բայց դե ինչ անես, որ էտպես է։ Ամենաշատը մտածում եմ մեր ապագայի մասին, որ հետ դառնանք։ Մյուս կողմից էլ մտածում եմ, որ ստեղ մի ապագա լինի, բայց մտածում եմ՝ քարը քարին դնենք։ Սահման էլ կպահենք»։

Արարատը հեռախոսում թերթում է իր տան նկարները։ Հասցրել է լուսանկարել նաև եղբոր ու այլ ազգականների շիրմները։ Ամենաշատը տխրում է լքված գերեզմանների համար։

«Մեր տան քարերն եմ կարոտել, հին 300 տարվա պատմություն է եղել»։

Ներս ենք մտնում։ Բազմոցին դրված զարկերակային ճնշաչափը հուշում է, որ Գրիգորյանների ընտանիքում հաճախ են օգտվում այդ սարքից։ Դժվար է համակերպվել, ասում է տիկին Մանուշը։ Մեկ ամիս է անցել, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել հարցի պատասխանը՝ ինչպե՞ս եղավ, որ 9 ամսվա շրջափակումից հետո Արցախը հայթափվեց։

«Երբեք չէի պատկերացնում, որ կլքեմ իմ հարազատ գյուղը,ես պատրաստ էի ապրել բլոկադայի մեջ, միայն թե․․․վերջին րոպեներին գիտակցում էի, որ գյուղը պիտի լքեմ»։

Նորայրը Գրիգորյանների որդին է, պատերազմի օրը համընկել էր ծննդյան օրվա հետ։ Նա Գրիգորյան գերդաստանի երրորդ Նորիկն է․

«Իր պապիկի հոր անուն է, որը մնացել է ֆրոնտում 41 թ–ին,երկրորդ Նորիկը տղայիս հորեղբայրն է, որ 1992թ–ին էզոհվել։ Մեր տղան որ ծնվեց, որոշեցինք, որ 3-րդ Նորիկը պետք է լինի։ Ինքն էլ 21 տարեկան դարձավ սեպտեմբերի 19–ին ու նա այդ օրը հոր հետ միասին բարձրացել էր դիրքեր։ Փառք Աստծո՝ հիմա Հարթաշենում ենք, բայց այս շոկից չենք կարողանում դուրս գալ»։

 Հայրն ասում է․կռվի դաշտում երբ միայնակ ես, ավելի հեշտ է, բայց երբ կողքիդ տղադ քո հետ հավասար կռվում է, շատ դժվար է ամեն ինչ։

«Մեր գաղափարն այն էր, որ մինչև վերջ պետք է կռվեինք, բայց հրաման եկավ հետ նահանջեցինք, ու դառավ այս վերջինը, որ թողեցինք Արցախն ու եկանք։ Կոնկրետ ես իմ մեջ հարց եմ տալիս,  բայց պատասխան չեմ ստանում։ Զինվորը մինչև վերջ կռվել էմինչև վերջին փափուշտը ու 100 տոկսանոց արել է»։

 Գրիգորյաններին ամենաշատը նյարդայնացնում է, երբ հարցնում են՝ արդյո՞ք կարող էիք նույն տարածքում ապրել ադրբեջանցիների հետ։

«Երբեք, հայը թուրքի հետ ինչպե՞ս կարող է  պատկերացնել իր ապագան։ Դրա մասին, էն որ խոսում ա՝ սուտա, կամ թուրքամետ ա կամ, ոնց կարա նման բան լինի՝ քեզ կոտորել ա, սպանել ա, ոնց կարող ես գնաս ապրես։Կամ պտի ուժ հավաքես՝ կռվես վեցնես, ուրիշ ձև չկա։ Եթե ուզում ես գնաս Արցախ, պտի ուժով վերցնես, պերեգավոր, բան չկա»։

 Հարթաշենում բնակություն է հասատել նաև Ստեփանյանների ընտանիքը։Արդեն երկրորդ անգամ են տեղահանվում․ նախ՝ Հադրութից, հետո արդեն Կարմիր Շուկայից։

44 -օրյա պատերազմից հետո եկել էին Մելինեի հայրական տուն՝ Գորիս։ Երբ ամեն ինչ խաղաղվել է, կրկին ետ են գնացել Արցախ։ Մելինեն ասում է՝ շատերն են հարցրել՝ ինչու էիք վերադառնում, մնայիք Հայաստանում, բայց իրենք, թեկուզ վարձով, նախընտրել են ապրել Ասկերանում։

«Մեր հողն էր, մեր երկիրն էր, մտածում էինք, գոնե այնքանը կորցրեցինք, մնացած Արցախը պահենք ու շենացնենք, բայց չստացվեց»։

Մելինեի ամուսինը՝ Գառնիկ Ստեփանյանը զինվորական է, սահմանապահ զորքերում է ծառայել։ 44 –օրյա պատերազմի թոհ ու բով է անցել։ Ասում է՝ սեպտեմբերի 19–ին էնպես էին կրակում, որ 44 –օրյայի ժամանակ անգամ չի եղել։

«Թշնամին մինչև ամսի 19-ը պարբերաբար էր կրակում, անգամ եղել են դեպքեր, երբ մենք չենք պատասխանել, որ գյուղի վրա չկրակեն։ Մտածում էինք՝ մեր հետևում մեր երեխաներն են, բայց եթե մենք էլ չկագնեինք սահմանին, ինքն է գալու քեզ անցնի»։

Այս երկու ընտանիքների, ինչպես նաև բազում այլ արցախցիների երազանքը նույնն է՝ մի օր վերադառնալ Արցախ։

Կարդացեք նաև

Back to top button