ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ մեր նախորդ հանդիպումը մեկ տարի առաջ էր, և ընթացիկ ժամանակահատվածում երաժշտի կյանքը լի էր ամենատարբեր մշակութային իրադարձություններով:
«Իսկապես, այս ամիսների ընթացքում եղան բազմաթիվ համերգային ծրագրեր, փառատոներ և մի շարք համագործակցություններ՝ մենակատարների և նվագախմբերի հետ, նաև հանդիսատեսի դատին ներկայացրեցինք երաժշտական տեսաֆիլմ, համերգ՝ նվիրված Սկրյաբինի ստեղծագործությանը, որ նկարահանվեց ռուսական խոնարհված եկեղեցու տարածքում և լի էր լուսային և վիդեո-ինստալյացիաներով, ինչը շատ համահունչ էր Սկրյաբինի ստեղծած գույնի և հնչյունի տեսությանը»,- կիսվում է դաշնակահարը:
Իմ հարցին՝ ինչով եք բացատրում, որ Երևանի պետական Կոնսերվաոտրիայի շրջանավարտների մեծամասնությունը կազմում են դաշնակահարներ, բայց երկրում գործող դաշնակահար-մենակատարները հաշված անհատներ են, Հայկ Մելիքյանը բացատրեց, որ Հայաստանում մինչ օրս չի գործում արտիստական մենեջմենթի համակարգ և յուրաքանչյուր դաշնակահար ստիպված է ինքը զբաղվել կապեր ստեղծելով և կազմակերպելով սեփական համերգները և հյուրախաղերը, ինչը ժամանակատար է և տեղի է ունենում բուն երաժշտությամբ զբաղվելու հաշվին: Նրա հետ աշխատող թիմի շնորհիվ էլ երաժշտին հաջողվում է հեռանկարային նախագծեր և համերգներ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրից դուրս:
Հայկ Մելիքյանը նախաձեռնել է հայեցակարգ, որն իր ձևակերպումն է ստացել «1900+» և «2000+» նախագծերի տեսքով: Այն միավորում է 20-րդ և 21-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները և թեմատիկ համերգների կազմակերպումը: Անցած ամիսների ընթացքում «1900+» նախագծի շրջանակում Հոլանդիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպվեց 20-րդ դարի հոլանդական կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգ, իսկ «2000+» նախագծի շրջանակում Գերմանական դեսպանատան հետ համատեղ՝ 21-րդ դարի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ:
Երաժիշտը չափազանց կարևորում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը Հայաստանում՝ համարելով, որ ցանկացած մենակատար պետք է ընդգրկի իր նվագացանկում և՜ դասական, և՜ այսօր ստեղծվող նյութ: Անցյալ տարին լի էր նաև հոբելյանական միջոցառումներով, որոնցից գլխավորը Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգաշարն էր, որի ընթացքում տեղի ունեցավ Հայկ Մելիքյանի համերգը նույնպես:
Հաջորդ կարևոր իրադարձությունը 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտոր Մեսիանի 115-ամյակին նվիրված համերգն էր, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, որի ընթացքում Հայկ Մելիքյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց կոմպոզիտորի գուցե և անհայտ ստեղծագործությունները:
Երրորդ հոբելյանական իրադարձությունը հայ կոմպոզիտոր Հարություն Դելալյանի 85-ամյակին նվիրված համերգն էր, որի ընթացքում դաշնակահարը հանդես եկավ մենանվագով: Անցած տարին լի էր նաև փառատոներով, որոնցից կառանձնացնենք «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը, Պենդերեցկու երաժշտության ավանդական դարձած փառատոնը, «Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնը» և Կապանի երաժշտական փառատոնը, ուր Հայկ Մելիքյանը հանդես եկավ բազմազան ստեղծագործությունների կատարումներով՝ մենանվագներով և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարումներով: Երաժիշտը շատ է կարևորում իր համագործակցությունը «Երաժշտությունը ապագայի համար» հիմնադրամի հետ, որը կազմակերպեց դաշնակահարի վարպետաց դասերը և հանդիպումները պատանի երաժիշտների հետ:
Հաղորդման ընթացքում հնչում են ներկայացվող ժամանակաշրջանի համերգային կատարումները: