Սփյուռքի ձայնը

1915 թվականի ցեղասպանությունից մինչև արցախահայերի տեղահանություն հոգեբանական խնդիրները նույնն են․ «Սփյուռքի ձայնը»

«Իմաստալից աշխարհ». Տրավմաների ապաքինման մարդասիրական առաքելությունը Հայաստանում է։ Հոկտեմբերի 5-22-ը հայազգի կլինիկական հոգեբան, գիտնական, Կոլումբիայի համալսարանի հոգեբանության բաժնի պրոֆեսոր, Նյու Յորքի բժշկության ակադեմիայի անդամ, բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ Անի Քալայջյանի գլխավորած խումբը հանդիպումներ կունենա Արցախից տեղահանված մեր հայրնեակիցների հետ՝ նրանց տրամադրելով հոգեբանական աջակցություն։ 7 քայլ, ինտեգրատիվ ապաքինման համար․ տաղավարում հայազգի հոգեբան Անի Քալայջյանն է։

«Օդանավից իջնելուց անմիջապես հետո մենք սկսեցինք մեր աշխատանքը։ Գործողությունների սկիզբը Երևանում է։ Նախ աշխատելու ենք հայաստանցի հոգեբանների հետ՝ ներկայացնելու մեր մեթոդը։ Այն 7 քայլից բաղկացած միջոց է, որը կօգնի հոգեբանական խնդիրներ ունեցողներին հաղթահարել դժվարությունները։ Իսկ, եթե այդ դժվարությունները չհաղթահարվեն, ապա հետագայում առաջ են գալու  ֆիզիկական խնդիրներ։ Այս քայլերի միջոցով ես՝ օրինակ, վերականգնվեցի և շտապեցի Հայաստան՝ օգնելու իմ հայրենակիցներին»,- ասում է Անի Քալայջյանը։   

Այսօր արցախահայերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Մեր կարևոր առաքելությունն է լսելը, խնդրի տեսակներն առանձնացնելը և դրանց շուրջ աշխատելը, նշում է Կոլումբիայի համալսարանի դասախոսը։ Կարեկցանքը, բայց ոչ խորհուրդ տալն ու նախատելը՝ լավագույն բուժումներից են։ Մեկը մյուսին լսելու ունակությունը ևս բուժման հնարավորություն է։ Հայաստանում երկու բան է նկատել, ասում է. նախ, որ ավելի շատ խոսում են, քան իրար լսում և երկրորդ՝ շատերն այսօր անտարբեր են դարձել։ Հոգեկան անառողջ վիճակը ևս հիվանություն է, վերք, որը պետք է խնամել ու բուժել։

1915 թվականի ցեղասպանությունից հետո տասնյակ տարիներ մեր հայրենակիցները չէին խոսում իրենց խնդիրների մասին, ասում է հոգեբանը։

Պատճառները տարբեր էին․ «Վախ, անորոշություն, անվստահություն, ապագայի նկատմամբ մշուշոտ պատկերացումներ և այլն։ Այս բոլորն այսօր էլ առկա են։ Պետք է նշեմ, որ ցեղասպանությունից 70 տարի անց միայն շատերը խոսեցին իրենց հոգեկան վիճակի ու ապրումների մասին։  Պետք չէ կրկնել երևույթը։ Խնդիրները ժամանակին լուծում են պահանջում»,- եզրափակում է։

Back to top button