Երաժշտական եռանկյունի

ԳևորգԴաբաղյան՝ դուդուկի ուղիներով․ «Երաժշտական եռանկյունի»

Ավանդական մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնության հիմքում է: Այն ձևավորում է սեփական մշակութային տարածքի սահմանների գիտակցումը և թույլ է տալիս ճիշտ կերպով հարաբերվել այլ մշակութային տարածքների հետ: Ժողովրդական երգ-երաժշտությունը հազարամյակների ընթացքում ձևավորված հենարան է, որի փոխանցումն ու տարածումը պետական գործառույթ է:

Այդ համատեքստում յուրաքանչյուր կատարող արվեստագետի գործը չի սահմանափակվում այդ ժառանգությունը միայն ներկայացնելով, այլ նաև ապահովում է կատարողների սերնդափոխությունը և ժառանգության կենդանի առկայությունը մեր կյանքում:

ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված դուդուկահար Գևորգ Դաբաղյանն այդ ընթացքների առաջամարտիկն է, քանի որ հանրահռչակում է դուդուկի արվեստը Հայաստանում և Հայաստանից դուրս և փոխանցում ավանդույթները՝ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում:

«Ես շատ անհանգիստ երեխա էի՝ տարված բակով, սպորտով և եթե չլիներ իմ մեծ եղբոր՝ Լևոն Դաբաղյանի խիստ ուղղորդումը, գուցե և կյանքս այլ ընթացք ունենար: Բախտի բերմամբ, թե նախախնամությամբ մեր հարևանն էր վարպետ Խաչիկը՝ ճանաչված դուդուկահար, մեծ վարպետ Խաչատուր Ավետիսյանը, որը և ստանձնեց իմ առաջին ուսուցչի դերակատարումը»,— ասում է Գևորգ Դաբաղյանը:

Դուդուկի արվեստը, ինչպես նաև բոլոր մնացած ավանդական մշակույթի դրսևորումները, ենթադրում է ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների հատուկ տեսակ՝ տարիների ընթացքում քայլ առ քայլ նյութին ծանոթանալու և մասնագիտական գաղտնիքների տիրապետելու հմտություն:

Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թ. Երևանում, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը 1984-ին: Այնուհետև շարունակել է ուսումը Կոնսերվատորիայի դուդուկի դասարանում՝ ավարտելով այն 1989թ.-ին:

Այնուհետև սովորել և ավարտել է Կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ 1992 թ․-ին: 1988-ից առ այսօր դասավանդում է Երևանի պետական Կոնսերվատորիայում: Դեռևս 15 տարեկան հասակում նրան լսել է «Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանը և հրավիրում է պատանի կատարողին աշխատելու լեգենդար անսամբլում, որտեղ Գևորգ Դաբաղյանը հանդես է եկել որպես մենակատար 1980-1992 թթ․-ին:

Այդ ընթացքում երաժիշտը ձեռք է բերում ճանաչում՝ սեփական կատարողական ոճի և միայն նրան հատուկ դուդուկի թավշյա տեմբրի շնորհիվ: 1992թ.-ին Գևորգ Դաբաղյանը մի խումբ համախոհ երաժիշտ-կատարողների հետ ստեղծում է «Շողակն» երաժշտական անսամբլը, որը նոր էջ է բացում նրա և դուդուկի միջազգային ճանաչման և հանրահռչակման մեջ:

Հաղորդման ընթացքում հնչում են Գևորգ Դաբաղյանի ուսուցիչների և նրա վաղ շրջանի կատարումները:

Back to top button