

Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգիս և Լոռու մարզի Փամբակ համայնքներում կլիմայական և էներգետիկ խնդիրների մասին բարձրաձայնում են տեղի ՀԿ ներկայացուցիչները։
Փորձագետները և համայնքների ներկայացուցիչները ներկայացրին համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, անդրադարձան օրենսդրական և կառավարական մակարդակով ընդունված ծրագրերին ու ռազմավարություններին։
Հայաստանը կլիմայական փոփոխությունների առումով զգայուն երկիր է։ Բավական է համեմատել վերջին մեկ տասնամյակի ընթացքում արձանագրված ջեմային փոփոխությունները, ապա կտեսնենք, որ այսօր ակնհայտ է տարբեր սեզոններին ջեմաստիճանային փոփոխությունները։
Արագածոտնի մարզի Թալին համայնքը ևս բացառություն չէ։ Ավելին, այն համարվում է ամենից շատ արևային օրեր ունենող համայնքը, միաժամանակ ներառվելով կլիմայական խոցելի համայնքների շարքում։ Սա նշանակում է, որ առնվազն գյուղատնտեսության ճյուղը հարվածի տակ է։
Թալին համայնքից «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանն ասում է, որ կլիմայական փոփոխություններն ի նպաստ գյուղացու չեն, չորային եղանակային պայամանները զգալի վնաս են հասցնում ֆերմերներին։ Մյուս կողմից էլ՝ վերջին տարիներին Թալինում ակտիվացել են արևային կայանների կառուցման ծրագրերը։ Որպես մաքուր այլընտրանքային էներգիայի աղբյուր կարելի է դիտարկել կարևոր և դրական քայլ, սակայն, եթե դա արվում է ի վնաս գյուղատնտեսության ոլորտի, ապա այս դեպքում համայնքներում սոցիալական խնդիրների սրացումն անխուսափելի է։ Նարեկ Թութխալյանի փոխանցմամբ՝ Թալին համայնքի օրինակը հենց այս մասին է փաստում: