Երկրի վրա տարածված կենսապոլիմեր, որը գիտական փուլերով անցնելուց հետո առաջին հայացքից սովորական թաղանթ է հիշեցնում։ Բայց գիտական աշխարհում այն անուն ունի՝ ցելյուլոզ։
Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ցելյուլոզը թաղանթի տեսք ունի։ Բամբակը, օրինակ, պարունակում է մոտավորապես 98% ցելյուլոզ, փայտանյութի մեջ այն կազմում է մոտ 50%։ Թուղթը, բամբակե գործվածքները բուսական ցելյուլոզից պատրաստված նյութեր են։ Բույսերից ստացված ցելյուլոզը պինդ նյութ է և չի լուծվում ո՛չ ջրում, ո՛չ էլ օրգանական լուծիչներում։
Հայ գիտնականները կկարողանան արտադրել բակտերիալ ցելյուլոզ, որը այլընտրանք է բուսական ցելյուլոզին և ունի մի շարք կարևորագույն առավելություններ բուսական ցելյուլոզի նկատմամբ:
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սոնա Ավետիսյանը պատմում է․
«Հիմնականում ստացվում է բույսերից, ինչը հանգեցնում է անտառային պաշարների սպառման։ Արդյունքում առաջանում է շրջակա միջավայրի հետ կապված խնդիր։ Ուստի չափազանց կարևոր է բուսական ցելյուլոզի համար այլընտրանքի փնտրտուքը։ Բուսական ու բակտերալ ցելյուլոզները քիմիապես նման են, բայց նրանց ֆիզիկական բնութագրերը տարբեր են։ Բակտերիալ ցելյուլոզը օժտված է եզակի հատկություններով։ Ունեն նուրբ, ցանցային կառուցվածք, բարձր մաքրություն, մեխանիկական ամրություն, ուռչելու ունակություն։ Ամենակարևորը, որ կենսահամատեղելի է, ոչ տոքսիկ և ալերգիաներ չի առաջացնում։ Այդ հատկությունների շնորհիվ մեծ տարածում է գտել»։
Կիրառության ոլորտները տարբեր են՝ բժշկությունից մինչև կոսմետոլոգիա, ասում է գիտնականն ու նշում, որ բազմաթիվ հայտնի ընկերություններ մեզ հայտնի արտադրանքում հենց այս կենսապոլիմերներն են օգտագործում։ Բայց մի խնդիր կա՝ ինքնարժեքն է բարձր․ և ահա գիտական այս խմբում որոշել են ավելի ցածր ինքնարժեքով արտադրության հասնել։
Սա հնարավոր է լաբորատորիայում առկա տարբեր բակտերիալ շտամերի միջոցով։ Դրանք հենց բակտերիալ ցելյուլոզ են արտադրում։ Նախ լաբորատոր արտադրություն կսկսեն, հետո նաև կհասցնեն արտադրական ծավալների։ Այս դեպքում օգտագործում են սննդարդյունաբերության թափոնները։ Մանրէները ընտրել են՝ հաշվի առնելով մի քանի հատկություն՝ ամրությունն ու շերտ առաջացանելու արագությունը. բակտերիալ ցելյուլոզն ունի հետաքրքիր առանձնահատկություններ՝ ասում է Սոնա Ավետիսյանը․
«Երբ առաջանում է բակտերիալ ցելյուլոզը, մաքրման պրոցեսը հեշտ է։ Բուսական ցելյուլոզը կողքից շատ նյութեր է պարունակում, որը բարդացնում է աշխատանքը»։
Աշխարհում առաջինը չեն, բայց Հայաստանում առաջինն են ու դեռ միակը, որ կարողանում են ստանալ այս, այսպես ասենք, թաղանթը, արձանագրում է Սոնա Ավետիյանը։
Գինու թափոնները կբերեն մասնավորից, վստահ են՝ թափոններում պարունակող նյութերից շատ լավ են աճում շտամները։ Միայն թե նրանց համար կոնկրետ պահպանման պայմաններ են անհրաժեշտ։
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում աշխատում են գիտահետազոտական տարբեր թեմաների վրա։
Գենաինժեներային եղանակներով տարբեր տեսակի կենսաբանական ակտիվ միացությունների շտամ արտադրիչներ են ստանում։ Լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Անիչկա Հովսեփյանը պատմում է՝ թեմաները տարբեր են՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրներով։ Զբաղվում են ոչ միայն ֆունդամենտալ, այլ կիրառական նշանակության հետազոտություններով։ Առաջիկայում միջատասպան վնասատուների ու բանջարեղենի համար ստեղծվող պատվաստումը լայնածավալ արտադրություն կմտնի։ Իսկ մելանինն իր լուսապաշտպանիչ հատկության շնորհիվ պաշտպանում է պրեպարատը արևի քայքայող ճառագայթներից և երկարացնում է դրա միջատասպան ազդեցությունը, հավելում է Անիչկա Հովսեփյանը։
Դեղագործության մեջ կիրառվող շտամները նույնպես կարևորում են։ Պատճառը՝ լայն կիրառությունն է դեղագործության ոլորտում, քանի որ ստացված օպտիկապես ակտիվ ամինաթթուները կարող են կիրառվել բժշկության մեջ կարևորագույն նյութերի սինթեզի համար։ Մեկ այլ ուղղությամբ էլ են աշխատում։ Գիտական այս լաբորատորիայում բոլոր հետազոտոթյունների ու առաջարկների առանցքում կիրառական նշանակությունն ու տնտեսության մեջ դրանք ներդնելն է։