Արդեն 1.5 ամիս ուժը կորցրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն դրույթը, որը գործատուին իրավունք էր տալիս աշխատանքից ազատել այն աշխատողին ում 63 տարին լրանում էր: Սա նշանակում է, որ տարեց մարդը կարող է շարունակել աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի է պատշաճ կատարել իր պարտականությունները:
«Աշխատանքային օրենսգրքում այս փոփոխություններն ու կարգավորումները կատարեցինք, որպեսզի մարդիկ երկար մնան աշխատաշուկայում, քանի որ, գիտենք, մեր երկրում տարեցները շատ են, և անհրաժեշտ էր նրանց խրախուսել, որ իրենց տարիների կուտակած գիտելիքները և փորձը փոխանցեն երիտասարդներին, պիտանի լինեն, աշխատունակության ամբողջական դրսևորման համար»,-ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անընդունելի համարելով մարդուն աշխատանքից ազատելը միայն այն բանի համար, որ նախորդ օրը լրացել է նրա 63 տարին:
Փոփոխությունը, նրա խոսքերով, նպաստում է նաև, որ տարեցներն ավելի երկար ժամանակ ֆինանսական առումով անկախ լինեն: Բացի դրանից, թոշակի տարիքից հետո ամեն աշխատած տարվա համար 1000 դրամով ավելանում է թոշակի չափը: Ինչ վերաբերում է տարբեր օրենքներով տարբեր պաշտոնների համար նախատեսված տարիքային շեմերին, ապա դրանք այս կարգավորմամբ փոփոխության չեն ենթարկվում:
Արձագանքելով դիտարկմանը, թե, 63 տարեկանից հետո աշխատաշուկայում մնալով, տարեցները զբաղեցնում են երիտասարդների տեղը՝ Ժ.Սարգսյանը հավատացնում է, որ երիտասարդների համար կան բազում հնարավորություններ, և ցանկացողները սկսում են դեռ 2-3-րդ կուրսից:
«Երիտասարդները պետք է մի կետից սկսեն, իսկ եթե նրանք ակնկալում են, որ միանգամից կզբաղեցնեն թոշակառուի աշխատանքը, բայց շատ դեպքերում դա հնարավոր չէ, քանի որ դրա համար տարիների ստաժ է հարկավոր»,— բացատրում է վարչության պետը՝ երիտասարդների համար նշանակալի համարելով փորձնակի հասկացության սահմանումն ու ինստիտուտի ներդրումը:
Ինչ վերաբերում է տարեցների զբաղվածության, որևէ տեսակ զբաղմունք ունենալու հարցին, զրուցակիցս հայտնեց, որ նախատեսվում է Զբաղվածության ռազմավարության շրջանակում տարեցներին ներառել որպես առանձին սեգմենտ, ինչը հետագայում լայն հնարավորություններ կստեղծի սոցիալական ձեռնարկատիրության տարբեր ծրագրերի իրականացման համար: