Ներսես Շնորհալին հիրավի հանճար էր բոլոր բնագավառներում։ Շնորհալին նկատել էր, որ եկեղեցում հավատացյալները չեն հասկանում աղոթքի բառերը և հաճախ չեն երգում։ Դրա համար նա որոշեց այնպիսի մի աղոթք գրել, որը կունենա պարզ, հասկանալի խոսքեր` ասում է Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը։
«Նրա «Հավատով խոստովանիմ»-ն ունի 24 տուն` օրվա բոլոր ժամերի համար։ Եվ եթե մարդ օրական գոնե երկու տուն արտասանի, նրա հոգին կփրկվի», – նկատում է Գասպարյանը։
Կաթողիկոս ընտրվելուց հետո նա գրեց իր մյուս հիմնարար գործը` «Խոսք ընդհանրականը», որն ուղղված էր հասարակության բոլոր խավերին` իշխաններից մինչև շինական։
Սա իսկական պետության ղեկավարի ուղերձ է իր ժողովրդին, թե ով ինչպես պետք է ապրի ու աշխատի` հօգուտ երկրի։ Հետաքրքիր է նրա հորդորը հայ կանանց, որոնց վրա մեծ հոգս է ընկած։
Շնորհալին ասում է՝ կինը միշտ պետք է համբերատար ու խոհեմ լինի, որ կարողանա կրել կյանքի դժվարությունները։
Շնորհալին նաև կաթոլիկ եկեղեցու սրբերից է, և այս աշնանը նրա հիշատակի առթիվ Վատիկանում պատարագ կտրվի։