Երաժշտական եռանկյունի

Օպերային ստուդիայի մեներգիչները․ «Երաժշտական եռանկյունի»

Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բոլոր իրադարձություններին մենք աշխատում ենք արձագանքել, և մեր մշտական հյուրերն են եղել ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, նախկին տնօրեն Հայկ Վարդանյանը:

Զրույցների առանցքում միշտ եղել են Օպերային ստուդիայի նոր ձևավորվող երգացանկը, ստեղծագործական և կազմակերպչական խնդիրները, առաջնախաղերը և Օպերային ստուդիայի բեմում անցկացվող միջազգային փառատոներն ու համերգային ծրագրերը:

Այս անգամ հաղորդման հյուրերն են Օպերային ստուդիայի երիտասարդ մեներգիչներ Էլվիրա Մարգարյանը, Գալինա Ցոլակյանը և Գառնիկ Եղիազարյանը:

Էլվիրա Մարգարյանը ընտանիքով հայրենադրձվել է  Եկատերինբուրգից՝ իր մասնագիտացումը շարունակելով Երևանի պետական կոնսերվատորիայում: Վերջերս վերադարձել է Շոտլանդիայից, ուր ուսանողների փոխանակման «Էրազմուս» ծրագրով մասնագիտանում էր Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում:

«Միշտ ձգտում էի հայկական երաժշտությանը, դեռևս Ռուսաստանում հայթհայթում էի Կոմիտասյան նոտաները և ամեն առիթ օգտագործում, որպեսզի կատարեմ Կոմիտաս՝ ամենատարբեր ռուսական հարթակներում, Եկատերինբուրգի համերգային բեմերից մինչև Ռուսաստանի ամենաբարձր՝ Կրեմլի բեմը: Հաստատվելով Հայաստանում՝ էլ ավելի մեծ եռանդով շարունակեցի ուսումս, և ահա այսօր հանդես եմ գալիս օպերային ստուդիայի բեմից՝ ներգրավվելով որպես մեներգչուհի»,-ասում է Էլվիրա Մարգարյանը:

Գալինա Ցոլակյանը հայտնի մեներգչուհի է, աշխատում է հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլում և բարձր գնահատում իր ներկայությունը Օպերային ստուդիայի Մոցարտի «Դոն Ջիովանի» օպերայի մեջ:

«Չնայած կամերային երաժշտությունը շատ եմ սիրում, բայց ձայնիս հնարավորությունները շատ ավելի լայն են, և օպերային ստուդիայում աշխատանքը բնականոն փուլ է, որը տանում է ինձ դեպի օպերային մեծ բեմեր»,- համարում է երգչուհին:

Գառնիկ Եղիազարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել և վերադառնալով պատերազմից՝ իր համար լուրջ հանգրվան է գտել դասական օպերային արվեստի դաշտում:

«Օպերային ստուդիայում աշխատանքը մեծ բավականություն է պատճառում, և երիտասարդ երգչի համար մասնագիտական մի քանի ոլորտներում գործելու մեծ փորձառություն է: Բացի օպերային ներկայացումներից, ես մասնակցում եմ Օպերային ստուդիայի բազմաթիվ թեմատիկ, համերգային ծրագրերում, ինչպիսին է, օրինակ, վերջերս կայացած Ռախմանինովի հոբելյանին նվիրված հանդիսավոր համերգը»,-ասում է երգիչը:

Զրույցի երեք մասնակիցներն էլ ներգրավված են Օպերային ստուդիայի Մոցարտի «Դոն Ջիովանի» ներկայացման մեջ, որը բեմադրական, լուսային և վիդեո արտին բնորոշ հնարքների շնորհիվ նոր հնչողություն և նոր գույն է ստացել:

Օպերային արվեստի այդ ամենահայտնի գոհարներից մեկը հնչում է Օպերային ստուդիայի բեմից՝ գալով Մոցարտի օպերաների բացը փակելու անհրաժեշտությունից: Չէ՞որ հայկական օպերային բեմում սա միակն է մոցարտյան բազմաթիվ օպերաներից, որը երգացանկային է և պարբերաբար ներկայացվում է Օպերային ստուդիայի բեմահարթակում:

Հաղորդման ընթացքում հնչում են Էլվիրա Մարգարյանի, Գալինա Ցոլակյանի և Գառնիկ Եղիազարյանի կատարումները:

Back to top button