Լսողության հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս, որպես կանոն, 60 տարեկանից հետո: Նպաստող հանգամանք է դիտարկվում այն, որ մարդը երկար տարիներ աշխատում է աղմկոտ միջավայրում, ունի ուղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, հիպերտոնիա, գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:
«Լսողական խնդիրները կարող են լինել ժառանգական, եթե ծնողներից մեկը ունի խլություն առաջացող գեն, ապա 50 տոկոս հավանականություն կա, որ սերունդը նույնպես կունենա լսողական խնդիրներ»,-ասոում է քիթ-կոկորդ-ականջաբան Իզաբելլա Վերշչագինան:
Նրա խոսքերով, տարիքի հետ լսողական օրգանում, ինչպես բոլոր մյուս համակարգերում նույնպես տեղի են ունենում ատրոֆիկ և դեգեներատիվ պրոցեսներ: Օրինակ, միջին ականջում թմբկաթաղանթի և լսողական ոսկրիկների միջև առաջանում են կարծրացումներ, ինչի հետևանքով խախտվում է ձայնահաղորդիչ շղթան:
Նման գործընթացներ կարող են առաջանալ նաև ներքին ականջի բջիջներում, նյարդային վերջույթներում և գլխուղեղի կեղևում, ինչի հետևանքով խախտվում է ձայնի ընկալումը: Տարեցները հիմնականում բողոքում են լսողության իջեցումից կամ կորստից, բուժառուն ականջում լսում է, խշշոց, սուլոց, աղմուկ, լինում են դեպքեր, երբ մարդը ձայնը լսում է, բայց բառերը չի հասկանում: Շատ հաճախ հարազատներն ու ընտանիքի անդամներն են հասկանում, որ խնդիր կա, օրինակ, տարեց մարդու հետ ցածր խոսելիս նա չի պատասխանում կամ կողքի սենյակից ձայն են տալիս չի լսում, դռան զանգին չի արձագանքում և այլն:
Ըստ բժշկի՝ որպես կանոն, մարդիկ ավելի ցավագին տանում են տեսողության հետ կապված խնդիրները, քանի որ ինֆորմացիայի 80 տոկոսը ստանում ենք աչքերի միջոցով: «Այդ է պատճառը, որ բուժառուները սովորաբար սիրով ակնոց են կրում, բայց երբ բանը հասնում է լսողական ապարատ տեղադրելուն, չեն ցանկանում: Քիթ-կոկորդ-ականջաբանը խորհուրդ է տալիս ցանկացած խնդրի դեպքում արագ դիմել բժշկի, քանի որ հնարավոր է լսողության իջեցումը կապված է ընդամենը ծծմբային խցանի հետ, որի հեռացումից հետո խնդիրը կարգավորվում է:
Այն դեպքում, երբ խնդիրը կապված է լինում միջին ականջի հետ, կատարվում է վիրահատական միջամտություն, իսկ ներքին ականջում լսողական նյարդի ախտահարման պարագայում նշանակվում է դեղորայքային բուժում, ինչը, սակայն, չի կարող ամբողջությամբ վերականգնել լսողությունը:
«Եթե բուժառուն շուտ է դիմում, մինչև հիվանդության բարդանալը, կարելի է կանխել հիվանդության զարգացումը, մենք նշանակում ենք դեղորայք, որը լավացնում է արյան շրջանառությունը գլխուղեղի անոթներում, բարելավում ենք արյան շրջանառությունը ներքին ականջում: Այնպես որ, երբ ականջի սենսոնյարդային ծանրալսությունը առաջին աստիճանի է, մենք կարող ենք կանգնեցնել պրոցեսը»,- ասում է Ի.Վերեշչագինան:
Անդրադառնալով կանխարգելմանը՝ զրուցակիցս ասում է, որ ցանկալի է հեռու մնալ բարձր ձայներից, աշխատող մեխանիզմներից, շարժիչներից, առողջ և ճիշտ սնվել, չչարաշահել ականջակալների օգտագործումը, բացառել կամ հնարավորության չափ նվազեցնել ծխախոտը և ալկոհոլը, վարել ֆիզիկապես ակտիվ կյանք, կառավարել սիրտ-անոթային և էնդոկրին հիվանդությունները, ինչպես նաև պարբերաբար այցելել քիթ-կոկորդ-ականջաբանի և ըստ անհրաժեշտության ստանալ պահպանողական բուժում:
Լսողական խնդիրներ ունեցող տարեցների հարազատներին բժիշկը խորհուրդ է տալիս հաշվի առնել այն, որ վաղ թե ուշ բոլորս էլ կարող ենք բախվել նույն պրոբլեմին, հետևաբար, հարկավոր է զինվել համբերությամբ և նրբանկատությամբ:
«Չպետք է ցույց տալ դժգոհություն, երբ մարդը ձեզ լավ չի լսում կամ հասկանում: Խոսելիս պետք է վերացնել ֆոնային աղմուկը՝ փակել պատուհանը կամ ցածրացնել հեռուստացույցի ձայնը, եթե մի ականջը ավելի լավ է լսում, քան մյուսը, կանգնել այդ ականջի դիմաց, օգտագործել պարզ նախադասություններ և խոսել բարձր»,- եզրափակում է բժիշկը: