

Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի մասին՝ համառոտ, իսկ ներկայացված զեկուցման մասին՝ մանրամասն, այս հաղորդմանը ներկայացնում է Մատենադարանի ավագ գիտաշխատող, Ֆլորենցիայի համալսարանի հետդոկտորական հետազոտող, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Մելքոնյանը։
2021 նոյեմբերի 23-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. կտրվածքով։
Սույն թվականի հունիսի 21-23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցավ հայագիտական միջազգային գիտաժողով՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով։
Գիտաժողովում Արմինե Մելքոնյանը հանդես եկավ «Ներսես Շնորհալին և իր մեկնությունների պատվիրատուները» վերնագրով զեկուցմամբ։
Իսկ միջնադարում ի՞նչ նպատակով և ինչպե՞ս էին գրվում մեկնությունները, ովքե՞ր էին դրանց պատվիրատուները կամ հովանավորները։
Արմինե Մելքոնյանն ուսումնասիրել է Ներսես Շնորհալու մեկնությունների պատվիրատուների խնդիրը։
Ներսես Շնորհալին գրել է 5-6-րդ դարերի ականավոր աստվածաբան, իմաստասեր Դավիթ Անհաղթի «Ներբողեան ի սուրբ խաչն աստուածընկալ» երկի մեկնությունը։
Ներսես Շնորհալին հեղինակել է նաև Մաթեոսի Ավետարանի մեկնությունը։
Խորանների մեկնությունը նույնպես Ներսես Շնորհալու ժառանգությունից է։
Շնորհալուն է վերագրվում նաև Կաթողիկե թղթերի մեկնությունը, որի վերաբերյալ գիտական կարծիքները տարբեր են։
Սույն թվականի հունիսի 27-28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներ, որոնցից էին «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագրով գիտաժողովը, ցուցահանդեսը և այլն։
Ամփոփելով հաղորդումը առավել շեշտադրեցինք Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի թողած ժառանգության և դրանում եղած արդիական պատգամների ու խորհուրդների հանրահռչակման, լայնորեն տարածման խնդիրները։
Նշեմ նաև, որ Ներսես Շնորհալի հայրապետը եկեղեցիների միության մեծ ջատագով էր։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ներսես Շնորհալուն մեծարում է որպես Սուրբ Ներսես Կլայեցի՝ նկատի ունենալով հայկական, հունական, լատինական և սիրիական եկեղեցիների միասնականությանն ուղղված նրա ջանքերը։