
«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ՝ հրավիրելու արտաքին աշխարհի ուշադրությունը:
«Արցախում հումանիտար ճգնաժամ է: Տևական շրջափակումը կաթվածահար է արել առողջապահական ողջ համակարգը. աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը:
Դատարկ են խանութներն ու դեղատները: Սպառվել են մանկական խնամքի պարագաներն ու սնունդը: Գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են թշնամու նշանառության տակ, իսկ վառելիքի սղության պատճառով գյուղմթերքը չի հասնում սպառողին: Բերքահավաքն իրականացվում է մասամբ և հրադադարի պարբերական խախտումների պայմաններում:
Սա դեռ ամենը չէ։ Իրավիճակն օրեցօր ավելի աղետալի է դառնում»,-ասված է «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքի էջում։




