Երաժշտական եռանկյունի

Ժամանակակից հայ կոմպոզիտորը՝ Աննա Հակոբջանյան. «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակակից կոմպոզիտորական արվեստում սերնդափոխությունը պայմանավորում է բոլոր ընթացքներն ու զարգացումները՝ ակադեմիական երաժշտության դաշտում: Աննա Հակոբջանյանը սովորել է Երևանի պետական կոնսերվաոտրիայի կոմպոզիցիայի բաժնում, պրոֆեսոր Զոհրաբյանի արվեստանոցում: Մեկ տարի անց դարձել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ:

«Աշխատում եմ բազմաթիվ ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, և իհարկե՝ վոկալ երաժշտության ամենատարբեր բնագավառներում՝ մեներգից խմբերգային: Ստեղծագործություններս բազմիցս կատարվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Շվեյցարիայում»,-ասում է կոմպոզիտորը: Աննա Հակոբջանյանը մասնակցել է բազմաթիվ կոմպոզիտորական մրցույթների՝ նվաճելով մրցանակներ՝ 2003 թ. Բենջամին Բրիտենի 90-ամյակին նվիրված երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի երրորդ մրցանակ, 2009-ին՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակակիր, իսկ 2014-ին՝ ALS Համաշխարհային երգչախմբային կոմպոզիցիայի մրցույթի հաղթող է: 2017-ին ճանաչվել է «Տարվա լավագույն խմբերգային կոմպոզիցիա», իսկ 2018-ին՝ «Տարվա լավագույն կամերային կոմպոզիցիա» մրցույթների հաղթող: Նրա ստեղծագործությունները հրապարակվել են Հայաստանում և Ճապոնիայում:

Նաև վերջերս Երևանում կայացած Տիգրան Մանսուրյանի անվան Ժամանակակից կոմպոզիտորների մրցույթի մասնակից է: Կոմպոզիտորը հատուկ նշանակություն է տալիս վոկալ գործիքային ժանրին, ստեղծում կոմպոզիցիաներ, երբեմն հանդես գալիս նաև որպես կատարող: Երգչախմբային արվեստի ոլորտում բազմաթիվ են նրա ստեղծագործությունները՝ գրված մանկական և խառը երգչախմբերի համար: Հոգևոր երաժշտությունը ևս կարևոր տեղ ունի կոմպոզիտորի կյանքում, ստեղծում է կոմպոզիցիաներ՝ միջնադարյան հայ հեղինակների և լատինական կանոնիկ տեքստերի հիման վրա: Նաև անդրադառնում է հայ դասական բանաստեղծների ստեղծագործություններին:

Back to top button