ԿարևորՄշակույթ

Փարաջանովի թբիլիսյան թանգարանը կբացվի հաջորդ տարի

Թբիլիսիի սակրեբուլոն (ավագանի) աշխատում է հաջորդ տարի Վրաստանի մայրաքաղաքում Փարաջանովի անվան թանգարան բացելու ուղղությամբ։ Թանգարանի վայրը դեռևս հայտնի չէ, սակայն արդեն առաջին էքսպոնատներն առկա են։

Փարաջանովի թբիլիսյան թանգարանը բացառիկ գործեր է ունենալու, «Ռադիոլուրին» վստահեցնում է Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավար Ռիտա Խիդիրբեգիշվիլին՝ հավելելով, որ մայրաքաղաքում, հավանաբար, չկա ընտանիք, որ փարաջանովյան ժառանգություն չունենա․

«Մենք եզակի էքսպոնատներ կունենանք, որոնք վրաստանյան մասնավոր հավաքածուներում են: Ես ևս ունեմ նրա կոլաժներից և պատրաստ եմ նվիրաբերել թանգարանին»։ 

Իր ծննդավայր քաղաքը, որ Փարաջանովը նախորդ դարում թատրոնի էր վերածել, լի է փարաջանովյան յուրահատուկ գործերով։ Նա աղբից ու թափոններից ստեղծած գեղեցկությունը նվիրում էր հարևաններին, ծանոթ, անծանոթներին, բոլորին։ 

Թբիլիսյան թանգարանը Մթածմինդայի բարձունքում՝ հենց իր տանը բացելու գաղափարը օրակարգում է, սակայն, գրեթե անհավանական։

«Տեղը դեռ որոշված չէ․ Փարաջանովի տանն այժմ ապրում են, չգիտենք, թե որքանով է հնարավոր համոզել սեփականատիրոջը վաճառել այն, բայց եթե ոչ, ապա անպայման այն քաղաքի կենտրոնում կլինի»։

Փարաջանովի տունը, որ վաճառվել է 90-ականների սկզբին՝ նրա մահից հետո, շարունակում է մնալ Թբիլիսիի այցեքարտերից մեկը, թեև այն այնտեղ փարաջանովյան ոչ մի իր չկա և հյուրանոցի է վերածվել։ Նրա արվեստի երկրպագուներն աշխարհի տարբեր մասերից, գալիս են տեսնելու թաղամասը, այն տունը, որտեղ ինչպես ինքն էր ասում, կյանքը նման էր Տարկովսկու ֆիլմերին, որվեհետև հովանոցով էր քնում, երբ անձրև էր գալիս։

Կոտե Մեսխի հայտնի դարձած այս փողոցը, որի հարակից նրբանցքը բոլորվին վերջերս կոչվեց Փարաջանովի անունով, իր հարևաներով ու կոլորիտով Փարաջանովի մասին է խոսում։ Հարևաններից  Զուրան փարաջանովյան իրերի մեծ հավաքածու ունի․

«Նա ամեն անգամ ինձ նվերներ էր տալիս, բոլորը անկրկնելի, այդ թվում նաև Կիևից բերած դաշնամուրը, որի վրա նվագել է Սոֆիկո Ճիաուրելին»։  

Փարաջանովի արվեստին սիրահարված վրացի ռեժիսոր Գիա Ալավիձեի նախաձեռնությամբ տուն թանգարան բացելու առաջարկով ստորագրահավաքը արդյունք է տվել։

Թանգարանի առաջին հավաքածուն՝ Փարաջանովի սնդուկը՝ լի գունեղ կտորներով, ժանյակներով, ուլունքներով, հին բանալիներով ու տիկնիկներով «Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում է՝ Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի խոսքով․  

«Թումանյանի տանն են Փարաջանովի աշխատանքները՝ կոլաժներ, տիկնիկներ, իր աթոռը, սնդուկը և զարդատուփը։ Սրանք անձնական իրերն են, որ մեզ մոտ թեմի առաջնորդի թույլտվությամբ կգտնվեն այնքան, մինչև Փարաջանովի թանգարանի հետ կապված ծրագիրն իրականություն դառնա»։  

Փարաջանովի թանգարանի բացումը սակրեբուլոն նախաձեռնել է քաղաքապետարանի և հայ համայնքի աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button