Երաժշտական եռանկյունի

Սերնդափոխությունը վոկալ արվեստում․ «Երաժշտական եռանկյունի»

Մշակույթի և արվեստի զարգացումը հիմնված է ոչ միայն գիտելիքի, կատարողական արվեստի և կրթական համակարգերի գոյությամբ, այլև առաջին հերթին պայմանավորված է սերնդափոխությամբ, քանի որ միայն այդ միջոցով գիտելիքը, ավանդույթը և կրթությունը կարող են փոխանցվել ավագ սերնդից երիտասարդներին:

Յուրաքանչյուր ստեղծագործական բուհի կառուցվածքի հիմքում ստեղծագործական արվեստանոցի սկզբունքն է, երբ ոլորտի առավել հմուտ մասնագետը համախմբում է իր շուրջ համալսարանի դիմորդներին և ձևավորում արվեստանոց կամ դասարան ասվածը:

Ուսման տարիների ընթացքում «վարպետը» փոխանցում է իր գիտելիքը, հմտությունը և շատ հաճախ՝ վարքի կանոնները, ձևավորելով բեմում և արվեստի ոլորտում գործելու նոր սերունդ:

«Ամեն անգամ, երբ համալրում եմ իմ վոկալ դասարանը, առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ բնատուր տաղանդ, մարդկային բարձր արժանիքներ և թիմով աշխատելու ունակություն», -ասում է ՀՀ վաստակավոր գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը:

Կամերային երգեցողության դասարանը, որը ղեկավարում է երգչուհին, պատրաստում է ոչ միայն մեներգիչների, այլ նաև տարբեր ձևաչափերի անսամբլային կատարողների, քանի որ կամերային երաժշտությունը և՛ ժամանակահատվածի առումով, և՛ դարերի ընթացքում կուտակված ստեղծագործական նյութի առումով անսպառ է, և ղեկավարից է կախված տարբեր ազգային դպրոցների և ժանրային առանձնահատկություններին ուսանողների տիրապետելու չափը:

Կոնսերվատորիայում ուսանելու չորս տարիների ընթացքում ապագա երգիչը պետք է ձեռք բերի հմտություններ, որոնք թույլ կտան նրան հնարավորինս ազատ տիրապետել հայկական դասական և հոգևոր, գերմանական, ֆրանսիական, իտալական և ռուսական երգացանկին: Բացի այդ, տարբեր ժամանակաշրջանները պահանջում են հատուկ մոտեցումներ և ոճային տարբերությունների մասին հստակ գիտելիք:

Դասարանական համերգները Աննա Մայիլյանի արվեստանոցում առանձնանում են հատուկ ձևաչափով և արդեն ձևավորված ավանդական տեսակով: Սովորաբար անցկացվում են համերգային դահլիճում, բազում հանդիսատեսների ներկայությամբ և հանդիսավորությամբ: Դասարանի ղեկավարն իր սաների հետ հավասար ելույթ է ունենում բեմից բոլոր համերգային ձևաչափերով՝ դուետ, տրիո և այլ անսամբլային ձևերով: Բացի այդ, բարի ավանդույթ է դարձել նաև անվանի երաժիշտների և կոլեկտիվների մասնակցությունը նման համերգներին, ինչը փաստում է վերջես տեղի ունեցած դասարանային համերգին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի մասնակցությունը: Ինչպես նշում է Աննա Մայիլյանը, միայն այդկերպ կարելի է դաստիարակել ապագա երաժշտի մեջ բեմի զգացողությունը, թիմային աշխատանքի հմտությունը:  Հատկապես հայտնի արտիստների հետ մեկ բեմում հայտնվելու հանգամանքը խիստ դաստիարակչական և ոգևորող հնարավորություն է դառնում երիտասարդների համար, որոնք առաջին քայլերը պետք է կատարեն դեպի պրեֆեսիոնալ բեմ:

Հաղորդման ընթացքում հնչում են 2022-2023 ուսումնական տարվա Աննա Մայիլյանի դասարանի եզրափակիչ համերգի կատարումները:

Back to top button