

Ամիսներ առաջ առիթ ենք ունեցել ներկայացնելու Գրիգոր Հարությունյանի դիրիժորական արվեստը, և ահա խմբավարը կրկին մեր հաղորդման տաղավարում է: Այսօրվա մեր զրույցի առիթը մանկական երգչախմբային նոր ուսումնական ձեռնարկն է և Գրիգորի մտահղացմամբ կազմակերպված Հայ կոմպոզիտորների երգչախմբային փառատոնը:
«Նպատակ ունեմ հաստատել երգչախմբային մշակույթը բոլոր հանրակրթական դպրոցներում, քանի որ այն կնպաստի ոչ միայն երաժշտության իմացությանը, այլ նաև կստեղծի կայուն կապ հայկական երգարվեստի հետ: Ինքս դասավանդելով և ղեկավարելով մի քանի երգչախմբեր երաժշտական դպրոցներում և ուսումնարանում՝ եկել եմ այս համոզմանը իմ փորձի շնորհիվ»,- ասում է խմբավարը:
Ձեռնարկը ներառում է մի շարք հայ կոմպոզիտորների՝ դասականներից մինչև ժամանակակից ստեղծագործությունների մշակումները, որոնք առավել մատչելի և հեշտ ընկալվող երգեր են պարունակում սովորելու և կատարելու համար: Ընտրվել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք պատանիների համար առավել դյուրին կլինեն և երգի միջոցով կծանոթացնեն հայկական ամենատարբեր ժամանակաշրջանների երաժշտությանը:
Գրիգոր Հարությունյանը մշտական ստեղծագործական և կազմակերպչական ընթացքի մեջ է և այն երաժիշտներից է, որոնք մշտապես առիթներ են ստեղծում և՛ կրթական, և՛ բեմարվեստի ոլորտում հանրային ուշադրությունը սևեռելու համար, որն իր տարերքն է:
Գրիգոր Հարությունյանը Խմբավարությունը ընտրել է շատ վաղ հասակում, երբ դեռևս երգել է եկեղեցական երգչախմբում, սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի խմբավարական բաժնում, այնուհետև սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը:
Դեռևս կոնսերվատորիայում ուսման տարիներից նա սկսում է իր աշխատանքն Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես երգեհոնահար և ղեկավարում թեմական «Արարատ» երգչախումբը:
2016-ից առ այսօր աշխատում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երգչախմբային ամբիոնում որպես դասախոս, ղեկավարում քոլեջի երգչախումբը: Գրիգոր Հարությունյանի ղեկավարած «Արարատ» երգչախումբը մասնակցում է Հայաստանյան և միջազգային մրցույթներին՝ արժանանալով բաձր գնահատականների:
2016-ին «Վերածնունդ» 8-րդ մրցույթ փառատոնում Գրիգորն արժանացել է լավագույն խմբավար մրցանակի: Նաև ձեռնադրվել է, ստացել է դպրական հոգևոր աստիճան:
Մեր զրույցի երկրորդ հանգրվանը կոմպոզիտորների միության Հայ կոմպոզիտորների առաջին երգչախմբային փառատոնն է, որն այսուհետև կրելու է Քրիստափոր Կարա-Մուրզայի անունը և նվիրված է հայ երաժշտության դասականի 170-ամյակին: Փառատոնն անցավ երեք փուլով՝ ապրիլից հունիս, Երևան քաղաքում և ներառում էր հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային բազմաթիվ ստեղծագործություններ:
Կարա Մուրզան առաջինն էր, ով բազմաձայնեց հայկական աշխարհիկ և հոգևոր երաժշտությունը, առաջին բազմաձայն Սուրբ պատարագի ստեղծողն է և երգչախմբային արվեստի հանրահռչակող և տարածողը: Նրա նշանակությունը հայկական երաժշտության մեջ անգերազանցելի է, և փառատոնը կոչված է ընդգծելու կոմպոզիտորի նշանակությունը և արժևորելու նրա ավանդը:
Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս՝ նվիրված Կարա Մուրզայի 170-ամյակին, որը կազմակերպվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից, ուր Գրիգոր Հարությունյանը հանդես եկավ իր գիտական զեկույցով՝ նվիրված Կարա Մուրզայի կյանքին և ստեղծագործությանը:
Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ խմբերգային ստեղծագործություններ՝ Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ: