Երաժշտական եռանկյունի

Տաթև Բարոյանի հաջողության բանաձևը․ «Երաժշտական եռանկյունի»

Օպերային արվեստում երիտասարդ հայազգի կատարողների հաջողությունների մասին խոսելիս՝ մենք հաճախ սահմանափակվում ենք Հայաստանում ծնված կամ բնակվող արտիստների հաջողությունները ներկայացնելով, այնինչ «հայկական աշխարհը» շատ ավելի տարածական է և ընդգրկուն, քան մեր երկրի ֆիզիկական սահմանները:

Տաթև Բարոյանը այն երիտասարդ հայ կատարողներից է, ով անկոտրում ուղի է բռնել դեպի օպերային հարթակներ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և հասնելով իր տարիքի համար զգալի արդյունքների:

Ծնվելով Հայաստանում՝ պատանի հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, բայց չի կորցրել կապը Հայաստանի հետ և շարունակել է կրթությունը հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի դասարանում:

Ավարտելով Երևանի Պետական Կոնսերվատորիան՝ նա շարունակում է ուսումը Սարասոտայի օպերայի «Տեատրո նուովոյի» արտիստական ստուդիայի ծրագրի շրջանակում, ինչի արդյունքում կայանում է նրա դեբյուտը՝ Սարասոտայի օպերայի՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում, Պապագենայի դերում:

2022-2023 թատերաշրջանում Նյու Յորք Սիթի Օպերայում նա ստանձնում է Վիոլետայի դերերգը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում, ինչպես նաև՝ Բերտայի դերերգը «Սևիլյան սափրիչ» օպերայում:

Միաժամանակ Նյու Յորք Սիթի Օպերայում ստանում է դերերգ՝ Ռիկի Յան Գորդոնի «Ֆինցի-Կոնտինիի պարտեզը» ժամանակակից օպերայի պրեմիերայում: «Տեատրո նուովոյի» հետ համագործակցությունը նույնպես արդյունավետ է Տաթև Բարոյանի համար, նա երգում է Բելինիի և Ռոսինիի օպերաներում, ինչպես նաև կատարում է սոպրանոյի պարտիան՝ Ռոսինիի «Ստաբատ Մատեր» օպերայում:

Ժամանակի ընթացքում հարստանում է երգչուհու դերացանկը, որն ընդգրկում է Ցեռլինայի դերը «Դոն Ջիովանի» օպերայում, Մուսետտայի դերը «Բոհեմ» օպերայում և Լիուի դերը՝ «Տուրանդոտ» օպերայում:

Ինչպես նաև Անուշի դերերգը՝ Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում: Այդ շրջանը նաև հարուստ է բազմաթիվ կամերային համերգային ծրագրերով՝ Երևանում, Ֆլորիդայում և Նյու Յորքում, որոնք ընդգրկում են բազմաբնույթ երգացանկ՝ հայ և ռուս դասական երգերից մինչև արևմտաեվրոպական օպերային արիաներ:

Առավել մեծ նվաճումը Տաթև Բարոյանը համարում է իր մասնակցությունը Մետրոպոլիտեն օպերայի «Լաֆոնտ» մրցույթին, ուր 200-ից ավելի մասնակիցներից նա անցնում է եզրափակիչ փուլ՝ արժանանալով երկրորդ մրցանակին, որին հաջորդում է Ֆլորիդա նահանգի օպերային երգիչների մրցույթը և նվաճած առաջին մրցանակը:

Տաթև Բարոյանը նաև մասնակցել է «Օպերայի ապագան» մրցանակաբաշխությանը՝ դառնալով այդ մրցույթի ֆինալիստ և արժանանալով կրթաթոշակի: Սրան հաջորդում է նրա մասնակցությունը «Բաթումյան ռապսոդի օպերայի ոսկե ձայն» միջազգային մրցույթը, որի մրցանակակիր է դառնում:

Ընդհանուր առմամբ Տաթև Բարոյանը մասնակցել է ամենատարբեր օպերային մրցույթների, որոնց թվում են Հարավային Կարոլինա նահանգի Ազգային օպերայի մրցույթը և «Պրեմիեր Օպերա» հիմնադրամի միջազգային վոկալ մրցույթը:

Մինչև այցելելը Հայաստան՝ երգչուհին Զալցբուրգի օպերային թատրոնում աշխատեց մեկ թատերաշջան՝ 12 ներկայացում երգելով Իոլանտայի դերերգը՝ Չայկովսկու համանուն օպերայում:

Տաթև Բարոյանը հաճախ վարպետության դասեր է վերցնում հայտնի օպերային երգիչներից, մշտապես կատարելագործում մասնագիտական հմտությունները:

Հաղորդման ընթացքում հնչում են  կամերային և օպերային դերերգերի՝ Տաթև Բարոյանի կատարումները:

Կարդացեք նաև

Back to top button