
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Ադրբեջանը նրանց առևանգել էր մայիսի 26-ին Հայաստանի տարածքից՝ Սյունիքի դիրքեր սնունդ տեղափոխելիս։ Բաքուն նրանց մեղադրանք էր ներկայացրել իբր Ադրբեջանի պետական սահմանը խախտելու ու այլ ծանր հանցագործությունների համար։
Հայ զինծառայողներին ի սկզբանե սպառնում էր 20 տարվա ազատազրկում, բայց Ադրբեջանի դատարանը հենց 11 տարի 6 ամիս ժամկետն է ընտրել, ամենայն հավանականությամբ վճիռը համապատասխանեցնելով Հայաստանում դատապարտված սահմանախախտ ադրբեջանցու դատավճռի հետ։ Հիշեցնենք՝ մայիսի սկզբին Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկը դատապարտվել 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Իսկ պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանած նրա ընկերը ավելի ուշ ազատազրկվել էր 20 տարով։
11 տարի 6 ամիս՝ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանի ընտրած ազատազրկման ժամկետն է, որով որոշել է պատժել Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանին և ժամկետային Կարեն Ղազարյանին։ Ադրբեջանցի դատախազը նրանց համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։
Բաքուն հայ զինվորներին մեղադրում է պետական սահմանը խախտելու և դիվերսիա պլանավորելու մեջ, մինչդեռ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին ադրբեջանցիներն առևանգել են Հայաստանի տարածքից՝ Սյունիքում, մայիսի 26-ին Շիկահողի դիրքեր սննդամթերք տանելիս։ Սումգայիթում հայ զինծառայողների դատավարությունը սկսվել էր 4 օր առաջ՝ հուլիսի 3-ին:
Հայ իրավապաշտպանների գնահատմամբ՝ Սումգայիթի դատավարությունը բեմադրություն էր, և ակնհայտ էր, որ դատարանը հաստատելու էր դատախազի պահանջած պատժաչափը։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ռադիլուրի» հետ զրույցում շեշտեց.
«Այս դատական գործընթացը և դատական ակտը ֆարս էր և այս դատարանի որոշումն առ ոչինչ է, քանզի մեր այդ երկու զինծառայողների արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունքները ապահովված չէին, պաշտպանված չէին։ Հայաստանը, գիտեք, դիմել է ՄԻԵԴ-ին՝ իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով և, վստահ եմ, նաև կներկայացվեն այս փաստերը Արդարադատության միջազգային դատարանին»։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հունիսի 16-ին Եվրոպական դատարանին երկրորդ անգամ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել։ Ցավոք, Եվրոպական դատարանում գործերը բավականին երկար են քննվում՝ նկատում է Արտակ Զեյնալյանը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի առաջին պահանջը մերժել էր։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ այդ մասին ասվում է հետևյալը․
«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Ուստի Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, ի թիվս այլոց, Հովագիմյանի և Ղազարյանի իրավունքների պաշտպանությունը»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասել է, որ փորձել են տարբերակներ գտնել միջազգային կառույցներին որոշակի տեղեկություններ փոխանցելու համար, որոնք կարող են արժանահավատ դիտարկվել․
«Միանգամից ասեմ, որ մեր հիմնական անելիքը այն է եղել, որ մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ նրանց ունեցած հնարավոր՝ միմյանց հետ հեռախոսային խոսակցությունների մասին, և այլն, և քաղաքացուց ստացված տեղեկատվությունը իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանաբար մենք ուղարկել ենք միջազգային կառույցներին, որպեսզի որոշակի առումով կարողացած լինենք նպաստել այդ հարցին»։
Մանասյանի խոսքով, միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, առևանգված երկու հայ զինվորականները գերիներ են և պետք է ունենան այդ կարգավիճակը։ Նրանց նկատմամբ պետք է տարածվեն դրանից բխող երաշխիքները, և այդ առումով միանշանակ է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն։
ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նկատել է, որ հայ գերիներին դատելով, Ադրբեջանը միանգամից երկու հարց է լուծում:
Մեջբերում նրա դիտարկումից.
«Կա մի գործոն, որի պատճառով Բաքուն կարող է հետաքրքրված լինել հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում. դրանք ադրբեջանցի երկու հանցագործներն են, որոնք հիմա գտնվում են Հայաստանում»։
Արտակ Զեյնալյանը նույնպես նկատում է, որ Ադրբեջանը մայիսի 26-ին 2 հայ զինծառայողների առևանգումն իրականացրել էր հենց այդ նպատակով։
«Որպեսզի Ադրբեջանից Հայաստանի սահմանը Նախիջևանի կողմից հատած զինծառայողների հետ փոխանակի, որոնցից մեկը նաև մարդասպանություն է իրականացրել։ Եվ որ փոխանակման քննարկման առարկա չդառնան 2020 թվականին գերեվարված զինծառայողները»։
Իրավապաշտպանը կարծում է, որ առևանգված երկու հայ զինվորներին դատապարտելուց հետո, Բաքուն հիմա փորձելու է նրանց փոխանակել Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիների հետ, չվերադարձնելով նախկինում գերեվարված մյուս զինծառայողներին։




