Երաժշտական եռանկյունի

«Հուսո Առագաստ»՝ միջազգայնացման ճանապարհին․ «Երաժշտական եռանկյունի»

Մեր անդրադարձը հեղինակային երգի հայաստանյան միակ փառատոնին մշտական է, քանի որ այդ ժանրը անբաժան է և՜ հեղինակ կատարողների ստեղծագործական դրսևորումներից, և՜ հասարակական ընթացքներից: Հայտնի է, որ  հեղինակային երգն արտահայտում է նաև հասարակական իրադարձությունների նկատմամբ վերաբերմունք՝ դրանով դառնալով հասարակության երաժշտական դրսևորումների յուրահատուկ տեսակ:

««Տարիներ առաջ» բարդ ակումբի նախաձեռնությամբ հիմնված «Հուսո առագաստ» փառատոնը մեծ ընթացք է, որի մեջ ներառված են ոչ միայն բուն փառատոնային օրերը, այլ նաև Բարդ ակումբի նախաձեռնած համերգները, ռադիո և հեռուստահաղորդումները, տարբեր քաղաքային և մարզային մշակութային ծրագրերի մեջ ներգրավվածությունը և  հրապարակումները՝ երգարաններ, լազերային սկավառակներ և այլն»,- ասում է փառատոնի հիմնադիր, հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը:

Բարդ ակումբը միավորում է հեղինակային երգի ասպարեզում գործող մի քանի սերունդների հեղինակ-կատարողներին, և կարելի է ասել միակ հարթակն է, որը շահագրգռված է այդ ժանրի սերնդափոխության հարցում: Ցանկացած երիտասարդ, ով առաջին քայլերն է անում որպես երգահան, հնարավորություն ունի մաս կազմելու այդ համայնքի:

Անշուշտ, ամենամյա փառատոնը լուրջ խթան է հանդիսանում ժանրի հանրահռչակման համար, և տրամաբանական է, որ տարիների հետևողական աշխատանքը բերեց նրան, որ փառատոնը ձեռքբերեց միջազգային կարգավիճակ: «Հուսո առագաստ 2023» փառատոնին մասնակցելու են վեց երկրից ժամանած հյուրեր, և այդ հանգամանքը շատ է կարևորված փառատոնի հիմնադրի կողմից, քանի որ մշակութային երկխոսությունը, հատկապես այս ժանրի պարագայում, ուր խոսքի բանաստեղծական բաղադրիչը գլխավորն է, հատկապես վերջին շրջանում առավել կարևոր է:

Հայաստանում բազմաթիվ փառատոների շարքում «Հուսո աառագաստը» կամ հեղինակային երգի փառատոնն առանձնանում է շատ կարևոր մի հանգամանքով՝ այն հիմնվում է բացառապես հայաստանյան ստեղծագորրծական ռեսուրսի վրա և հնարավարություն տալիս բացահայատելու ոչ միայն ստեղծագործական անհատի ձիրքը, այլ նաև զարգացնելու կատարողական հմտությունները և, վերջիվերջո, ասպարեզ բերելու նոր երգերը:

Ավանդաբար փառատոնն անցկացվում է Սևանա լճի ափին և իր տեսակով նույնպես առանձնանում է մնացած փառատոների շարքից՝ ձևավորելով քեմփինգային փառատոների յուրահատուկ տեսակը:

Հաղորդման ընթացքում հնչում են այս տարվա օտարերկրյա հեղինակ-կատարողների երգերը: Հանրային ռադիոն հանդես է գալիս որպես «Հուսո առագաստ» փառատոնի տեղեկատվական գործընկեր և աջակից:

Կարդացեք նաև

Back to top button