
Երեք օր շարունակ՝ հունիսի 27-29, Վաշինգտոնում կբանակցեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Նախատեսվում է, որ պետքարտուղար Բլինկենը նաև առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի ու Բայրամովի հետ։ Այս հանդիպումը կայանում է հունիսի 12-ի՝ Ադրբեջանի կողմից հետաձգված վաշինգտոնյան հանդիպման փոխարեն, սակայն միանգամայն այլ իրավիճակում՝ Հակարիի կամրջին արգելապատնեշ է տեղադրված, տեղաշարժը դեպի Արցախ ու հակառակ ուղղությամբ լիովին կասեցված էր 10 օր, այսօր հնարավորություն կա միայն Կարմիր Խաչի միջոցով բուժառուներ տեղափոխել։ Ի՞նչ կարելի ակնկալել նման պայմաններում ընթացող վաշինգտոնյան հանդիպումից։
Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան եռօրյա հանդիպումն ընթանում է աննախադեպ ծանր պայմաններում։ Արդեն 10 օր է՝ արգելափակված է Հակարիի կամուրջը, հումանիտար բեռնափոխադրումներն ու մարդկանց տեղաշարժը լիովին դադարեցված են։ Եվ միայն երկու օր է, ինչ հնարավոր է դարձել Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխել հիվանդներին։
Իրավիճակը լարված է նաև ոչ միայն արցախաադրբեջանական շփման գծում, այլև հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Անգամ հունիսի 27-ին՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մեկնարկի օրը ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարը։
Բաքվից հնչող սպառնալիքների պակաս էլ չկա։ Ընդ որում՝ դրանք ավելի սուր բնույթ են կրում։ Ի՞նչ կարելի է ակնկալել նման պայմաններում Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանումընթացող հայ–ադրբեջանական բանակցություններից։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը բեկումնային տեղաշարժ սպասելը հիմնազուրկ է համարում․
«Չնայած Հայաստանի ղեկավարությունն օրը մի քանի անգամ հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ, սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությունը պարամետրերով՝ այսինքն 29800 քկմ-ով չի նշվում։ Բացի այդ, Բայրամովը հայտարարեց, որ հավելյալ անվտանգային երաշխիքներ Արցախի բնակչությանը չեն պատրաստվում տալ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սա համարում է բացառապետ ներքին հարց և որևէ միջազգային մեխանիզմների մասին լսել անգամ չի ուզում, դա ակնհայտ է»։
Արտգործնախարարների վաշինգտոնյան նախորդ հանդիպումը նույնպես մի քանի օր ընթացավ, դա մայիսի սկզբին էր։ Այդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ որոշ հարցերում կողմերը փոխըմբռնում ունեն, սակայն առանցքային հարցերում տարակարծություններ կան։ Խոսելով այս ձևաչափով ընթացող բանակցությունների մասին, Սուրեն Սուրենյանցը, շեշտում է, որ, անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվեն կողմերը Վաշինգտոնում, դրանք իրագործելու հնարավորություններ չկան․
«Արևմուտքը գործիքներ չունի իրական արդյունք գրանցելու համար։ Մինչդեռ գործիքներ ունի Ռուսաստանը, և առանց Մոսկվայի պայմանավորվածությունները դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր իրականացնել»։
Նախատեսվում է, որ Վաշինգտոնում Միրզոյանն ու Բայրամովը կքննարկեն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագիր» կոչվող փաստաթղթի նախագիծը: Այդ փաստաթղթի շուրջ շրջանառվող դատողություններին ի պատասխան՝ քաղաքագետը կարծում է, որ Խաղաղության պայմանագիրը միայն մի դեպքում է հնարավոր՝ եթե հայկական կողմը զիջումների գնա․
«Քանի հակամարտությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կարգավորված չէ և քանի չկան կոնսոլիդացված ջանքեր, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ վաշինգտոնյան, մոսկովյան կամ բրյուսելյան հարթակներում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել»։
Սուրեն Սուրենյանցը նկատում է նաև, որ եթե հայկական կողմը պնդի, որ միջազգային մեխանիզմներ ներդրվեն Արցախում, Բաքուն ոչ մի դեպքում չի համաձայնի։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում ադրբեջանական խոսույթում նոր հայտնված մի ձևակերպման վրա, որը հստակ մեսիջ է պարունակում։
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները վերջերս Արցախի բնակչության մասին խոսելիս կիրառում են «ՀՀ քաղաքացիներ» ձևակերպումը։ Քաղաքագետի կարծիքով դա արվում է տեղահանություններ կազմակերպելու միտումով։




